Այս տարվա հունվարի 1—ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից։ ՀՀ ԿԱ ՊԵԿ—ի հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի խոսքով, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչեւ 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում եւ չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։
ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության եւ վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի եւ տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման եւ այլն։
«Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը։ Հարկային արտոնություն ստանալու համար առավելագույն պարզեցված ընթացակարգ է նախատեսված. ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվեն գործունեության համապատասխան տեսակը եւ այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել, իսկ հաջորդ աշխատանքային օրը ստանում են հարկերից ազատման արտոնագիր՝ անվճար։ Արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում»,–ընդգծել է Հրաչյա Մուրադյանը։
2016 թվականի տվյալներով՝ շուրջ 2000 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ։ Հրաչյա Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2017 թվականի հունվարին արդեն 813 ինքնազբաղված դիմել է հարկային արտոնությունից օգտվելու համար։
|