«Կանգնեցնենք կոռուպցիան»։ Այսպես է կոչվում տեղեկատվական արշավը, որը մեկնարկեց Հայաստանում ԵՄ—ի աջակցությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնելու ԵՄ–ի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ—ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում։
«Այս տարին մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն է տալիս։ Սա գալիս է նրանից, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է բարձրացրել կոռուպցիայի դեմ պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, կիրառվել են համապատասխան միջոցներ ներդնելու անհրաժեշտ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում։ Ունենք նաեւ շատ պրոֆեսիոնալ եւ նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում։ Ապացուցելու կարիք չկա, որ կոռուպցիան համաշխարհային խնդիր է։ Չկա մի երկիր, որ չբախվի կոռուպցիոն մարտահրավերներին, եւ Հայաստանը նույնպես չի առանձնանում։ Որոշ երկրներ դիմագրավում են ավելի լավ, որոշը՝ ոչ այնքան»,–նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վստահություն արտահայտելով, որ գործադրված ջանքերի հաջողությունը կախված է հենց քաղաքացիների պատասխանատվությունից։
Իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում մի շարք փորձագետների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությամբ։
Կոռուպցիոն ռիսկեր պարունակվում են բոլոր այն ոլորտներում, որտեղ քաղաքացին շփվում է պետական պաշտոնյայի հետ, հայտարարեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Ըստ պաշտոնյայի, հակակոռուպցիոն ռազմավարությամբ ընտրվել ու առանձնացվել են չորս ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, հարկային ու ոստիկանության ոլորտ։ «Սա չի նշանակում, որ այս ոլորտները ավելի շատ ռիսկային են, քան մյուս ոլորտները։ Սա նշանակում է, որ այս ոլորտներում քաղաքացիներն ավելի շատ են շփվում պետական կամ համայնքային պաշտոնյաների հետ»,–ընդգծեց Քրմոյանը։ Այդուհանդերձ, այս ոլորտների թիրախավորումը, ըստ Քրմոյանի, չի նշանակում, թե պետք է կենտրոնանալ միայն այդ ոլորտների վրա։ Նրա խոսքով, այդ ոլորտներում ծրագրերի իրականացմանը զուգահեռ ավելացվելու են նաեւ լրացուցիչ այլ ոլորտներ, որտեղ կարող են պարունակվել կոռուպցիոն ռիսկեր։
«Արդեն իսկ մշակվում է ինստիտուցիոնալ համակարգի մոդել, մասնավորապես, կոռուպցիայի կանխարգելիչ մարմին պետք է ստեղծվի։ Քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, սահմանափակել ենք կանխիկի շրջանառությունը եւ կանխիկով գործարքները պաշտոնատար անձանց հետ։ Հստակ մեխանիզմեր են սահմանված գնումներին մասնակցած եւ հաղթած ընկերությունների համար՝ իրական սեփանականատերերի բացահայտման ուղղությամբ, որը կնպաստի իրական մրցակցության ապահովմանը»,–ասաց փոխնախարարը։ «Քրեական եւ վարչական պատասխանատվության խնդիրները մենք հստակ նշել ենք ռազմավարության մեջ»,–նշեց Քրմոյանը։
Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիներին իրականացվող աշխատանքները դրական արդյունք են տվել։
«Ոլորտում առկա խնդիրները երկու մակարդակի են. առաջինը ներքեւում է՝ հանրային սեկտորում, այսինքն՝ վարչական կոռուպցիան է, իսկ երկրորդը, որը հատկապես վտանգավոր է, քաղաքականն է. կարելի է ասել՝ այն ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Առաջին հարթության խնդիրների լուծման եղանակները կիրառում են տարբեր երկրներում, ուղղակի պետք է հետեւողական լինել։ Դա իրավական ակտերի, ընթացակարգերի պարզեցումն է եւ շփումների նվազեցումը պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների եւ քաղաքացիների միջեւ»,–ընդգծեց Կարեն Զադոյանը։
Նրա դիտարկմամբ՝ քաղաքական կոռուպցիայի վերացման համար պետք է լուրջ միջոցներ ներդնել, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվում է քաղհասարակության կողմից։
«Հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի առարկայական դարձավ քաղհասարակության եւ կառավարության համագործակցությունը։ Քաղհասարակության կազմակերպությունների կողմից վերջին երեք տարիների աշխատանքների շնորհիվ այսօր կառավարությունը ձեւավորում է համապատասխան կամք։ Վստահ եմ՝ հետեւողական աշխատանքների շնորհիվ քաղհասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի սա մինչեւ վերջ տանել, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առաջիկայում լուրջ փոփոխություններ է զգալու։ Հատկապես վերջին վեց ամիսների ընթացքում հսկայական աշխատանք է տարվել, եւ այս տարի արդեն արդյունքներին ենք ականատես լինելու»,–եզրափակեց Կարեն Զադոյանը։
|