Երեկ Երեւանում տեղի ունեցավ 2019 թ. Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսը, որը կրում էր «Եկամտից առավել, միջինից առավել, առավել, քան ներկան. մարդկային զարգացման անհավասարությունները 21-րդ դարում» խորագիրը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։ Զեկույցն ամփոփ ներկայացնում էր մարդկային զարգացման երեք հիմնական հարթությունում (երկարատեւ եւ առողջ կյանք, գիտելիքի մատչելիություն, արժանապատիվ կենսամակարդակ) երկարաժամկետ առաջընթացի գնահատականը։
Անհավասարությունն արմատացած է հասարակությունների, տնտեսությունների եւ քաղաքականության մեջ։ Չնայած էական ձեռքբերումներ են գրանցվել որոշ ոլորտներում, մասնավորապես, առողջապահությունում եւ կրթության ոլորտում, ինչպես նաեւ արձանագրվել է կյանքի որակի որոշակի բարձրացում, այդուհանդերձ, շատերի հիմնական կարիքները դեռեւս մնում են չլուծված, ինչը բացասական ազդեցություն է ունենում հասարակական կյանքի վրա, թուլացնում է մարդկանց վստահությունը կառավարման մարմինների եւ միմյանց հանդեպ։ Սակայն այս խնդիրները լուծելի են, եթե այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, կա ձգտում։ Անհրաժեշտ է իրականացնել շարունակական միջոցառումներ հիմնական կարիքները բավարարելու համար՝ հընթացս վերացնելով հաջորդ սերնդի մարդկային զարգացման անհավասարությունները։ Հիմնականում այս էր ՄԶԶ—ի բովանդակությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ մարդկային կապիտալի գլոբալ զարգացման եւ մարդկային զարգացման ազգային զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները մեզ համար ուղենիշ կդառնան ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս։ Նա նշեց, որ այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ վաղը մենք ավելի քիչ խնդիրներ ենք ունենալու երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում։
Ըստ ներկայացված զեկույցի՝ Հայաստանի 2018 թ. Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) մեծացել է՝ դառնալով 0760։ Աճը 1990—ից մինչեւ 2018 թ. կազմում է 20 տոկոս, եւ Հայաստանն այժմ զբաղեցնում է ՄԶՀ սանդղակի 81—րդ տողը (189 երկրների եւ տարածքների շարքում)։ Կյանքի տեւողությունը աճել է 7.1 տարով։ Այդ ժամանակամիջոցում երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով աճել է մոտ 157.7 տոկոսով։ Ադրբեջանը եւ Վրաստանը համապատասխանաբար 87 եւ 70—րդ տեղերում են, Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխանաբար 59—րդ եւ 65—րդ տեղերում։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում՝ «Ապագան, որ ստեղծում ենք այսօր», եւ «Հայաստանը վերափոխող երիտասարդությունը» թեմաներով։ Առաջինում զեկուցողներն էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ—ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Գոնզալո Սեռանոն։
ՄԱԶԾ—ն ներկայացրեց նաեւ «Ապագա ունենալու իրավունքը. Հայաստանը վերափոխող երիտասարդությունը» խորագրով 2018—2019 թթ. մարդկային զարգացման ազգային զեկույցի նախնական եզրակացությունները։ Այս փաստաթղթում ներկայացված են Հայաստանի երիտասարդության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները՝ երիտասարդական քաղաքականությունից մինչեւ երիտասարդության արժեքային կողմնորոշումները, կրթությունից եւ աջակցությունից մինչեւ աշխատաշուկայում առկա եւ ապագա մարտահրավերները։ Ներկայացված են նաեւ նշված մարտահրավերները լուծելու նոր գաղափարներ եւ առաջարկություններ։ Այս խնդիրներին էր վերաբերում երկրորդ պանելային քննարկումը, որի զեկուցողները տարբեր մարզերի երիտասարդներ էին։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
|