ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 29 » Մայիսի 28—ը՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից /Առաջին հանրապետության պատմաքաղաքական նշանակությունը եւ դասերը/
14:46
Մայիսի 28—ը՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից /Առաջին հանրապետության պատմաքաղաքական նշանակությունը եւ դասերը/

1918թ. մայիսի 28—ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան Օսմանյան կայսրության հետ բանակցելու եւ հաշտություն կնքելու բացարձակ լիազորություն։ Հետագայում խորհրդանշական առումով հենց մայիսի 28—ն ընտրվեց որպես անկախության օր՝ հաշվի առնելով, որ թուրքերի հետ բանակցելու պայմանն ընդունելն անուղղակիորեն նշանակում էր անկախության հռչակում։
Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում։ Ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը, ենթակառուցվածքների խաթարումը, Ռուսաստանի հետ ավանդական կապերի քայքայումը, հարեւանների հետ վեճերը, գաղթականների խնդիրը, երկրի ներսում թյուրքական բնակչության եւ զինված կազմավորումների խափանարարական եւ բացահայտ թշնամական քաղաքականությունը եւ ի վերջո՝ պետության սահմանների խիստ անձկությունը զարգացման համար քիչ հնարավորություն էին թողնում։ Եվ այդուամենայնիվ, գործող իշխանություններն անկախության առաջին ամիսներին կարողացան տքնաջան աշխատանքի շնորհիվ համախմբել հայ ազգի պահպանված հատվածին եւ լծվել պետականաշինության գործին։ Անգամ օսմանյան փաստացի ռազմակալման եւ համատարած սովի ու փլուզման պայմաններում հաջողվեց դնել նոր պետության հիմքերը։
Հաջորդ տարի արդեն կլրանա այս բախտորոշ իրադարձությունների 100—րդ տարելիցը։ Անշուշտ, հիմնական հարցն այն է, թե ինչպես հնարավոր դարձավ դարավոր ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականության վերականգնումը։ 
Ռուսական կայսրության, ապա եւ Անդրկովկասյան Համադաշնության փլուզմամբ փաստացիորեն Հայաստանի հայաբնակ շրջանները հայտնվեցին վարչաքաղաքական վակուումի առջեւ։ Մյուս կողմից՝ Երզնկայի զինադադարից եւ ցարական զորքերի անկանոն նահանջից հետո ռազմաճակատը նույնպես զգալիորեն քայքայվեց, եւ օսմանյան թուրքական բանակին դիմակայող միակ ուժը հայկական զինված ուժերն էին։ Ասել է թե՝ Հայաստանի անկախությունը եւ այդ ուղղությամբ երկրի վերնախավի ու առկա սակավաթիվ բնակչության ջանադրությունն օբյեկտիվ իրականության ամենաուղղակի հրամայականն էին՝ անկախ այդ իրողության գիտակցման աստիճանից։ Մայիսյան ճակատամարտերն իրական ապացույց էին, որ առանց միասնական ու կենտրոնացված կազմակերպման՝ Հայաստանում հայերին սպասում էր վերացում։
Պատմական եղելություններին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում նախորդ պատասխանից ինքնըստինքյան հարց կարող է առաջանալ, թե անկախ Հայաստանը որքանով կարող ենք համարել հայկական ուժի նվաճում, իսկ որքանով էր դա, այսպես ասած, թուրքական կողմի «բարեհաճության արդյունք»։ Առանց գիտական մեթոդաբանական մանրամասներին տրվելու՝ նշենք, որ պատմությունը փոխկապակցված գործոնների ու դեպքերի համադրություն է, եւ ըստ այդմ՝ կարոտ է հենց նման համալիր մոտեցման ու ուսումնասիրության։ Կոպտագույն սխալ է պատմական եղելությունները մեկը մյուսից զատելը, ապակառուցարկելը եւ փոխադարձ կապերի բացառումը։ Անշուշտ, Հայաստանի անկախության չկործանման գործում օսմանյան թուրքական վերնախավի մի հատվածի դիրքորոշումը դեր ունեցավ։ Անշուշտ, անհերքելի իրողություն է նաեւ, որ հենց մայիսյան հերոսամարտերից հետո օսմանյան զորքերը ողողեցին Հայաստանի տարածքը՝ կանգնած լինելով Երեւանի մատույցներում։ Բայց եւ անժխտելի ու սոցիալական գիտություններով ապացուցելի է, որ սա հնարավոր դարձավ միայն հայկական մարտունակ զինուժի առկայության, վերջինիս կողմից Հայաստանի տարածքի բռնի՛ ռազմակալման փորձի կանխման շնորհիվ, ինչը ստիպեց թշնամական կողմին հետքայլ կատարելու վաղօրոք դրված նպատակից։ 
Չլիներ հայկական կողմի արժանապատիվ դիմադրությունը, չէր լինի նաեւ օսմանյան կողմի նշված հետքայլը, որ «ռեւիզիոնիստական պատմագրությունը» հորջորջում է «թուրքական ընծա»։ Կարծում ենք՝ վաղուց արդեն ժամանակն է սպառված համարելու սույն հարցը։
Պակաս կարեւոր չէ նաեւ ՀՅԴ կուսակցության դերակատարության վերագնահատման խնդիրը, որն ինչ—ինչ պատճառներով գիտական տեքստերում շատ հաճախ բացակայում է։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի խորհրդային գոյության շրջանում սփյուռքի դաշնակցական հոծ շրջանակներում Մայիսի 28—ը «դաշնակցականացվել» է՝ որպես կուսակցական ձեռքբերում, ինչը մասամբ հակադարձ արձագանքն էր խորհրդային իշխանությունների կողմից Հայաստանի պատմության այդ շրջանի եւ ՀՅԴ գործունեության հանդեպ քննադատողական—մերժողական կեցվածքի, բայց եւ մասամբ էլ ընդունում էր ծայրահեղական եւ անընդունելի դրսեւորումներ, ինչի արդյունքում դիցուք սփյուռքի հնչակյան շրջանակները խուսափում էին մայիսի 28—ի հիշատակումից՝ ընդհուպ դպրոցական դասագրքերի մակարդակով։ Պատմական հիշողության «ընտրովի» կառուցարկման այսօրինակ դրսեւորումները պետք է համարել պետականության բացակայության եւ վերջինիս փոխարինող ինստիտուտների թույլ զարգացածության հետեւանք։ Սրանից բխում է, որ ներկայումս անկախ Հայաստանի գոյության պայմաններում, որ լուծում է ոչ միայն ֆիզիկական անվտանգության եւ բարօրության այլեւայլ հարցեր, այլեւ ունակ է սահմանելու պատմական անցյալի արժեւորման նոր՝ ավելի մրցունակ չափորոշիչներ, պետք է վերջ տրվեն պատմության նեղմիտ մեկնաբանություններին։
Իրականությունն այն է, որ պատմական այդ շրջանում ՀՅԴ–ն հայ ժողովրդի ինտելեկտուալ, ռազմական ռեսուրսն առավելագույնս խտացնող եւ արդյունավետ կառավարող ուժի կենտրոն էր, չէր հանդիսանում ժողովրդից դուրս գտնվող մի «վերերկրյա—տրանսցենդենտ» մարմին, ավելին՝ որպես կուսակցապետության օրինակ նույնպես բացառիկ չէր եւ համահունչ էր ինչպես հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի համանման իշխանական համակարգերին, այնպես էլ հաշված տարիներ անց հառնելիք մեծագույն կուսակցապետություններին՝ ի դեմս ԽՍՀՄ—ի, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ այլն։ Ասվածը չի ենթադրում այդ շրջանի ՀՅԴ կուսակցության դերի նվազեցում, փոխարենը սթափ պահանջ է պատմական եղելություններն իրենց կոնկրետ համաշարի մեջ դիտարկելու եւ վերջիններիս այլազան մեկնաբանություններն ի շահ քաղաքական նպատակների չբանեցնելու։
Իսկ ի՞նչ դասեր կարող ենք քաղել առաջին հանրապետության ստեղծման եւ կործանման պատմությունից։
Դիտարկելի եւ ուսանելի է սոցիալ—քաղաքական իրականության հակադրամիասնական բնույթը, որ հավասարապես բնորոշ է Հայաստանի առաջին, մասամբ՝ երկրորդ եւ երրորդ հանրապետություններին։ Այսպես, 1918թ. արտաքին պայմանները մի կողմից հնարավորություն էին ստեղծում անկախանալու համար, մյուս կողմից՝ լրջագույն սպառնալիք էին։ Մի կողմից Ռուսական կայսրության փլուզումն ազգային—քաղաքական ինքնուրույնացման հնարավորություն էր ստեղծում, մյուս կողմից՝ կասկածի տակ դնում պետության տնտեսական գոյությունը։ Նմանապես եւ օսմանյան արշավանքը զուտ տեսականորեն ազգային—քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի խթան էր, բայց եւ միեւնույն ժամանակ՝ ահռելի բեռ։ Նույնն էր իրավիճակը նաեւ 1991թ.։ ԽՍՀՄ փլուզումը մի կողմից ճամփա էր բացում անկախության առաջ, մյուս կողմից, սակայն, տնտեսական կոլապսի սպառնալիքի տակ դնում միութենական բոլոր հանրապետություններին, այդ թվում՝ Հայաստանին։ Արտաքին եւ ներքին ահռելի սպառնալիքները (շրջափակում, աղետի գոտի, էներգետիկ եւ հաղորդակցային բլոկադա, տնտեսական, այդ թվում՝ արդյունաբերական ավանդական կապերի ու արտահանման ուղիների վերացում, պատերազմ, ըստ որում առաջին տարիներին՝ մի քանի ռազմաճակատով) մի կողմից էվոլյուցիոն զարգացման մեծ ազդակ էին մեզ համար, մյուս կողմից՝ կասկածի տակ էին դնում կենսունակ պետության գոյությունը եւ ինքնապաշտպանությունը։
Երկու դեպքում էլ անկախության առաջին շրջանում Հայաստանը դիմակայեց մարտահրավերներին եւ դրանց ադեկվատ արձագանքելով՝ բռնեց աստիճանական բարձրացման ուղին։ 
Բայց առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, որովհետեւ արդեն գոյության հաջորդ շրջանում չկարողացավ ճիշտ ադապտացվել շրջապատող միջավայրին ու տարածաշրջանային իրողություններին։ Այստեղից էլ բխում է հաջորդ կարեւոր դասը, որ պատմությունը երբեք չի «ավարտվում», պետությունների զարգացման մեջ գոյություն չունեն իդեալական «ոսկեդարեր», ընդհակառակը, սեփական գոյության պահպանումն ու զարգացումը յուրաքանչյուր պահի ապացուցման ու պահպանության կարիք ունեցող երեւույթներ են։ Սա հատկապես կարեւոր է գիտակցել այսօր, երբ հայ—ադրբեջանական հակամարտությունը թեւակոխել է փակուղային շրջան՝ Հայաստան պետությունից պահանջելով կառավարչական ու դիմադրական գործիքակազմի անընդհատ համալրում ու զարգացում։
Կարսում տեղի ունեցած սխալը չի կարող կրկնվել Ստեփանակերտում… hhpress.am

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024