ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 10 » Մայիսի 9—ի խորհուրդը /Եռատոնը նշվեց հորդաբուխ, հպարտ ու միասնական/
10:11
Մայիսի 9—ի խորհուրդը /Եռատոնը նշվեց հորդաբուխ, հպարտ ու միասնական/

Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ 25—րդ անգամ նշեց Մայիսյան եռատոնը՝ հորդաբուխ, հպարտ, միասնական, ինչն ավելի է իմաստավորում մայիսի 9—ի խորհուրդը։
Տոնական հանդիսությունները մեկնարկեցին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Իսկ մինչ այդ ՊԲ հետախուզական ստորաբաժանումներն այստեղ կազմակերպել էին «Անկախության պահապանները» խորագրով ցուցադրական պարապմունքներ։ Եվ հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու ջերմադիտակների եւ գիշերային տեսասարքերի, հրաձգային նոր զենքերի ու սպառազինությունների թարմ նմուշներին։
Հանդիսության մասնակիցների բազմամարդ երթը ՊԲ նվագախմբի հաղթական քայլերգի ներքո Վերածննդի հրապարակից ձգվեց դեպի նորոգ հուշահամալիր։ Այն առաջնորդում էին հայկական երկու հանրապետությունների ղեկավարները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց հետ էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Վիգեն Սարգսյանը եւ Լեւոն Մնացականյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, պաշտպանության բանակի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերաններ, բազմաթիվ հյուրեր արտերկրից։
Ժամը 11—ին ՊԲ նվագախումբն ազդարարեց ծաղկեպսակներ դնելու արարողության սկիզբը։ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25—րդ տարեդարձի կապակցությամբ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշարձանի պատվանդանին։ Ծաղկեպսակներ դրվեցին նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պետական մի շարք կառույցների ու գերատեսչությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ՊԲ հրամանատարության կողմից։
Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դնելով հուշակոթողի պատվանդանին՝ լուռ հարգեցին Մեծ հայրենականում եւ Շուշիի ազատագրման ժամանակ ընկած հայորդիների հիշատակը, աղոթեցին նրանց հոգու հանգստության համար։ Ծաղկեպսակներ դրվեցին նաեւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, Մարշալ Բաղրամյանի, գեներալ Քրիստափոր Իվանյանի ու Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձաններին։ Կառավարական պատվիրակություններն ու հյուրերն այցելեցին նաեւ հուշահամալիրի տարածքում ննջող հայ ազատամարտիկների շիրիմներին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշաքարերին։
Լրագրողների խնդրանքով մասնակիցներն իրենց տպավորություններն ու մտորումները բարձրաձայնեցին։
Աշոտ Ղուլյան, ԼՂՀ ԱԺ նախագահ. «Մայիսի 9—ը ներդաշնակորեն կամրջում, միմյանց է կապում մի քանի սերունդների։ 1992—ից այն եռատոնի իմաստ ձեռք բերեց եւ հայրենասիրության, հաղթանակների հիմնաքար հանդիսացավ ԼՂՀ կայացման եւ պաշտպանության բանակի ձեւավորման համար։ Այն խորհրդանշեց մեր զինվորների, պաշտպանության բանակի ազատության ոգու հաղթանակը։ Շուշի քաղաքի ազատագրումը բախտորոշ նշանակություն ունեցավ մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման, հետագա ռազմագործողություններում նոր հաջողություններ ամրագրելու գործում՝ հանդիսանալով ռազմական արվեստի ու սխրանքի փայլուն օրինակ»։
Արկադի Տեր—Թադեւոսյան (Կոմանդոս), «Հարսանիքը լեռներում» ռազմագործողության ղեկավար, գեներալ—մայոր, Արցախի հերոս, Շուշիի պատվավոր քաղաքացի. «Այսօրվա տոնակատարությունը վկայությունն է այն իրողության, որ Արցախն անկախ, կայացած երկիր է՝ հաղթանակած իր բանակով, պետական կառույցներով, իր ստեղծարար ժողովրդով։ Մեր ժողովրդի կուռ միասնությունը նաեւ զգուշացում է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք քիչ հոխորտան ու չփորձեն ահաբեկել, ինչպես դա արվեց անցյալ տարվա ապրիլին՝ վերստին պատերազմ սանձազերծելով արցախահայության դեմ։ Ժամանակն է, որ հակառակորդը դասեր քաղի անցյալ խայտառակ պարտություններից։ Եվ որքան Բաքվում շուտ հասկանան եւ հաշվի նստեն Արցախի իշխանությունների, ժողովրդի հետ ու ճանաչեն նրա անկախությունը՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, այնքան շահեկան կլինի հենց Ադրբեջանի համար։ Իսկ քանի որ միասնական են Հայաստանը, Արցախն ու սփյուռքը, այսուհետ եւս համատեղելու են իրենց ուժերը հանուն հայրենիքի հզորացման ու ազգանպաստ մյուս խնդիրների։ Մենք նման հաղթանակներ դեռ շատ պիտի տոնենք ազգովի»։
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ. «Մայիսի 9—ը հայրենասիրության, հերոսության ու անձնազոհության, համայն հայության տոնն է։ Շուշիի ազատագրումը մեզ հավատ ներշնչեց մեր ուժերի հանդեպ, այն ապացուցեց, որ մենք կարող ենք փոքրաթիվ լինել, գտնվել անբարենպաստ պայմաններում, սակայն միաբանության շնորհիվ համազգային հնչեղության հաղթանակներ տոնել։ Շուշիի փառավոր հաղթանակը մեզ համար հարթեց մի այնպիսի ուղի, որից շեղվելու իրավունք չունենք։ Հետեւաբար մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր նվաճումներին ու ամրապնդել ձեռքբերումները։ Ներկայիս սերունդը կարողացավ փայլուն կերպով լուծել իր առջեւ դրած խնդիրը՝ վասն հայրենիքի ու վասն հավատի... Թող Շուշիի հաղթանակի ոգին զորեղ մնա մեր մատաղ սերունդների երակներում, որպեսզի նրանք կարողանան կրկնապատկել, եռապատկել մեր հաղթանակները»։
Ժաննա Գալստյան, Շուշիի մարտական գործողությունների մասնակից, ԱԺ պատգամավոր, արցախի հերոս. «Գերությունից ազատագրելով Շուշին, հայկական պաշտպանական ուժերը շարունակեցին իրենց հաղթարշավը եւ վերացնելով Արցախը շրջափակող օղակը, ճանապարհ բացեցին դեպի Հայաստան։ Այսօր ականատեսը լինելով 25—ամյա մարտունակ բանակի, մեծ հպարտություն եմ ապրում։ Հայ զինվորի կամքն անկոտրում է, բազուկը՝ զորեղ, ինչպես Շուշիի ազատագրության ժամանակ, այնպես էլ այսօր։ Դա իրենց հերոսությամբ ապացուցեցին նաեւ ապրիլյան պատերազմի կորյունները, որ երբեք չի մոռացվի։ Հայ զինվորը՝ ծանր ու դժվարին փորձությունների միջով է անցել ու ամենաճակատագրական պահերին ապացուցել իր պատրաստակամությունը հայրենիքին, ժողովրդին։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր կանգնած են եղել Արցախյան շարժման, պետականության կայացման եւ պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում ու այսօր էլ շարունակում են նպաստել նրա զորացմանը»։
Վիտալի Բալասանյան, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս. «Ես ինձ այն երջանիկ զինվորներից եմ համարում, ում բախտ է վիճակվել Շուշիի ռազմագործողության մասնակիցը լինել եւ մարտական ընկերների հետ հաղթանակ տոնել։ Դա մի այնպիսի զգացում է, որ հնարավոր չէ բառերով արտահայտել։ Այսօր գլուխ խոնարհելով բերդաքաղաքի ազատագրման ժամանակ եւ ընդհանրապես Արցախյան գոյամարտում ընկած հայորդիների հիշատակի առաջ, բոլորս պիտի գիտակցենք մի ճշմարտություն՝ արյամբ նվաճված հաղթանակը պիտի ազգովի պահենք ու ամրապնդենք, փոխանցենք սերունդներին, զորացնենք եւ անառիկ պահենք նրա սահմանները, շարունակենք պայքարը մեր վերջնական հաղթանակին հասնելու համար»։
Գուրգեն Մելիքյան, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան. «Ինչպես յուրաքանչյուր հայ, այսօր ես նույնպես շատ եմ հուզված ու տպավորված ու անչափ երջանիկ ու բախտավոր եմ զգում, որ ներկա եմ գտնվել մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող եւս մի հրաշալի իրադարձության։ Մայիսյան եռատոնը աշխարհի տարբեր երկրներից այստեղ է հավաքել հարյուրավոր հայերի՝ ցուցադրելու մեր միասնությունը։ Ես փորձում եմ համեմատության եզրեր որոնել 25 տարի առաջ պատերազմող ինքնապաշտպանական ուժերի ու այսօր կայացած բանակի միջեւ։ Կասկած չկա, որ թշնամին եթե փորձելու լինի նորից պատերազմ սանձազերծել, ապա Արցախի պաշտպանության բանակի կողմից արժանի հակահարված կստանա»։
Արմեն Գեւորգյան, Շուշիի ռազմագործողության ակտիվ մասնակից, Աֆղանական պատերազմի վետերանների միության անդամ։ «Շուշիի ռազմագործողությունից առաջ, հրամանատար Ռուսլան Իսրայելյանի գլխավորությամբ, հետազոտություն էինք իրականացրել եւ հետեւում էինք քաղաքում տեղակայված ազերիների զինուժի շարժին։ Դասակով բազավորվել էինք Շոշ գյուղի տարածքում եւ Կոմոնդոսից հանձնարարություններ էինք ստանում։ Ու քանի որ առաջին վաշտի առաջին դասակը հիմնականում կազմակերպված էր փորձառու «աֆղանցիներից», ինչ խնդիր էլ լինում էր, հրամանատարը մեզ հետ հանդիպում էր։ Ազատագրված Շուշին Արցախի բնակավայրերից ամենաթանկն ու հարազատն է ինձ համար, եւ մայիսի 9—ը մի առանձին խորհուրդ ունի։ Բոլորս հասկանում էինք, որ ինչքան էլ դժվար լինի, առանց Շուշիին տիրելու՝ մեր հետագա քայլերն իրականացնելը շատ դժվար կլինի։ Եվ առանց երկմտելու մեր պաշտպանական ուժերը բերդաքաղաք բարձրացան եւ անհնարինը հնարավոր դարձրին։ Նման հաղթանակներով ինչպե՞ս չհպարտանալ»։
Ժորա Գասպարյան, Արցախի հերոս, պաշտոնաթող գեներալ—մայոր. «Դժվար է գերագնահատել Շուշիի ազատագրման բարոյական նշանակությունը։ Այդ օրը հայը վերջնականապես հավատաց իր ուժերին, իսկ ողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ, որ հայ զինվորի ոգու եւ իր հայրենիքն ազատագրելու նրա կամքի առջեւ անզոր են անգամ ժայռերն ու կիրճերը, ոչինչ են թշնամական սպառազինությունն ու տեխնիկան։ Շուշիի ազատագրումը դարձավ առաջին քայլը փառավոր հաղթանակների ճանապարհին։ Երախտագիտությամբ պիտի հիշենք այն մարդկանց անունները, ովքեր անձնական մեծ ներդրում ունեցան, այդ փառահեղ հաղթանակի գործում։ Հաշվի առնելով քաղաքի բավականաչափ բարդ, ռազմավարական տեսակետից դժվարամատչելի դիրքն ու մարտական գործողությունների հետ կապված մյուս հանգամանքները, այն ժամանակ քիչ հավանական էր թվում Շուշիի բարձունքի նվաճումը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ թշնամին մեծաքանակ զենք ու զինամթերքով, կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցում էր մեզ, եւ նախապես ծրագրելով Ստեփանակերտի եւ շրջակա հայկական բնակավայրերի ավերումն ու բնակչության սպանդը, ամրացել էր բերդում եւ լավ հնարավորություն ուներ ոչ միայն պաշտպանվելու, այլեւ ճնշելու մեր հարձակումը։ Սակայն դա նրան չհաջողվեց, որովհետեւ վախը չկարողացավ զսպել իր մեջ, խուճապի մատնվեց ու ստիպված եղավ նահանջել։ Մինչդեռ հայ զինվորի հաղթական ոգին շատ բարձր էր ու գիտեր, թե ինչի համար է մարտընչում»։
Ռուսլան Իսրայելյան, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ԱԺ պատգամավոր, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր. «Մենք հաղթել ենք պատերազմում, եւ դա վաղուց իրողություն է։ Շարժումը մենք սկսեցինք երիտասարդներով։ Ապրիլյան պատերազմում ավագների սխրանքը կրկնեցին մեր դիքապահ տղաները, ինչ—որ տեղ նաեւ գերազանցելով։ Այսօր էլ, լինելով դիրքերում, ավելի եմ համոզվում, որ մեր սերունդն արժանի փոխարինողներ ունի։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար շատ թանկ է, եւ առավել զգոն ու աչալուրջ պիտի գտնվենք, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, ու նենգ թշնամին միշտ էլ անկանխատեսելի է։ Հիմա էլ մեր զավակներն են առաջնագծում իրենց առաքելությունն իրականացնում։ Հաղթանակելու գաղտնիքը միասնության եւ ուժի մեջ է։ Այս ճշմարտությունը լավ են հասկանում ՊԲ զինվորները՝ շարունակ բարձրացնելով իրենց մարտունակությունն ու հաղթելու ոգին։ Ինչ վերաբերում է Շուշիին, ապա այն յուրաքանչյուր հայի հպարտությունն է, մեր ռազմական ու հոգեւոր հաղթանակների խորհրդանիշը, որ եղել է ու միշտ կմնա հայկական»։
Անդրանիկ Սարգսյան, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր. «Ես եւ իմ ընկերները տարել ենք պատերազմի բոլոր դժվարությունները, եւ գիտեմ, որ հաղթանակը ձեռք է բերվել փորձություններին դիմակայելու, միասնության եւ համախմբվածության, զորեղ կամքի շնորհիվ։ Այսօր զգալիորեն բարձրացել է արցախյան պատերազմի մասնակցի դերը, որը խթանում է երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործին։ Մեր պետությունը մեծ արգելքներ է հաղթահարել։ Մեզ պարտադրված պատերազմում մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներից շատերին։ Մի մասն էլ հաշմանդամ է դարձել։ Այսօր կյանք են մտել նրանց զավակները, որոնք մեծամասամբ ծառայում են պաշտպանության բանակում եւ ապրիլյան պատերազմում ապացուցեցին հերոս հայրերի սխրանքը կրկնելու իրենց պատրաստակամությունը։ Հայրենիքի համար մղված պայքարում անզիջում ու համառ է երիտասարդ սերունդը, եւ մենք պարտավոր ենք վտանգի պահին կանգնել նրանց կողքին եւ հայրական հոգատարությամբ շրջապատել»։
Ռոբերտ Եսայան, արցախյան ազատամարտի վետերան, բանաստեղծ, «Հայրենյաց պաշտպան» թերթի խմբագիր. «Շուշիի ազատագրումը բեկում մտցրեց պատերազմում եւ մեր զինվորները անցնելով նոր փորձությունների միջով, կատարելագործելով իրենց մարտական ընդունակությունները՝ կարողացան ծնկի բերել թշնամուն։ Ասել է թե՝ մեր բոլոր հաջողությունների երաշխավորը պաշտպանության բանակը հանդիսացավ, որի ծնունդը նշանավորվել է Շուշիի հաղթանակով։ Այսօր այն աչալրջորեն հսկում է երկրի սահմանները եւ պատվով կատարում իր պարտքը։ Ուրախ եմ եւ հպարտ, որ, ինչպես յուրաքանչյուր արցախցի, շարունակում եմ մնալ իմ հայրենիքի զինվորը»։
Ստեփանակերտի հուշահամալիրից ավտոմեքենաների շարասյունը ուղղություն վերցրեց դեպի հայոց բերդաքաղաք։ Տոնակատարության մասնակիցներն այցելեցին Շուշիի մատույցներում բարձունքի վրա տեղադրված տանկ—հուշարձանին ու ծաղիկներ դրեցին։ Հատկանշական է, որ ռազմագործողության ժամանակ թշնամու գնդակոծությունից տանկը հրդեհվել է եւ 4 հոգուց բաղկացած անձնակազմից միայն մեկ հոգու է վիճակվել կենդանի մնալ։
Ավտոշարասյան հաջորդ կանգառը՝ քաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակն էր, որտեղ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, պետական այրերը, սպարապետի հարազատներն ու մարտական ընկերները, հյուրերն իրենց հարգանքն Արցախի հերոսի նկատմամբ արտահայտեցին խոնարհումով եւ ծաղիկների տեղադրմամբ։
Տոնակատարությունների գլխավոր հավաքատեղին, բնականաբար, Շուշիի կենտրոնական հրապարակն էր։ Ժողովրդական երաժշտության ավանդական զուռնա—դհոլի նվագի ներքո այստեղ շուրջպար բռնեցին տոնի մասնակիցները։ Բերդաքաղաքի գեղանկարիչները ներկայացել էին եռատոնին նվիրված կտավներով եւ քանդակներով։ Տոնախմբության մասնակիցների աչքից չէին վրիպում նաեւ Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակում առանձին տաղավարով բացված «Արցախի բարիքներ» «Արվեստների եւ արհեստների քաղաք», ցուցահանդես— տոնավաճառները, որտեղ Արցախի հնագույն գորգերն են ու կարպետները, կավե եւ փայտե կենցաղային իրերը, արվեստի բացառիկ նմուշներ։
Տոնական միջոցառումների շրջանակում եւս մի հաճելի անակնկալ էր սպասում շուշեցիներին։ Հանդիսավորությամբ կայացավ բերդաքաղաքի վերակառուցված համերգային դահլիճի բացումը։ Եվ ներկաներն անմիջապես ականատեսը դարձան Եռատոնի առիթով ճեմասրահում կազմակերպված պատերազմական թեմայով լուսանկարների, զենքերի, հանդերձանքի, թանգարանային այլ նմուշների ցուցադրմանը։ Տոնական հանդիսությունները հաղթանակած Շուշիում եզրափակվեցին Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակում ձեռնարկված միասնական շուրջպարով, իսկ պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի անունը կրող մարզահրապարակում՝ տոնական համերգով։
Ուշագրավ է, որ Մայիսյան եռատոնի նախօրյակին Շուշիի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ, բերդաքաղաքի ազատագրման գործում ներդրած ավանդի համար, ռազմագործողության ղեկավար, գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանին (Կոմանդոս), ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ—մայոր Սամվել Կարապետյանին եւ արցախյան ազատամարտի վետերան Գագիկ Սարգսյանին շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում։ Եվ տոնակատարություններն առիթ էին, որպեսզի հանդիսավոր պայմաններում Շուշիի պատվավոր քաղաքացու կոչումը հավաստող վկայագրերը հանձնվեին իրենց հասցեատերերին։
«25 տարի է անցել հիշարժան իրադարձությունից,–ասում է Շուշիի ազատագրման ակտիվ մասնակից, Բերդաձորի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը։–Չնայած մի շարք թաղամասերում ավերված տներն ու շինությունները դեռ զգացնել են տալիս իրենց գոյությունը, բայց ընդհանրության համայնապատկերներին ոչ միայն տեսանելի, այլեւ անհամեմատ շոշափելի են վերակառուցման եւ բարեկարգման ուղղությամբ քաղաքում իրականացվող աշխատանքները։ Պետության աջակցության եւ բարեգործական ձեռնարկումների շնորհիվ վերջին տարիներին իրավիճակն անհամեմատ փոխվել է։ Այդ մասին են վկայում պետական ներդրումների հաշվին այստեղ շարունակ ընդլայնվող շինարարական աշխատանքները, որոնք ներառում են ամենատարբեր ուղղություններ։ Վերակառուցվել են տասնյակ բազմաբնակարանանոց շենքեր եւ առանձնատներ, ճարտարապետական իրենց դեմքն են բարելավում կրթամշակութային օջախներն ու հուշարձանները, վարչական, հասարակական նշանակության շինությունները։ Բարեկարգվում, ասֆալտապատվում են փողոցները, հիմնանորոգման են ենթարկվում վնասված շենքերի տանիքիները։ Աստիճանաբար լուծում են ստանում բնակչության հիմնախնդիրները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների զարգացմանը։ Արվում է հնարավորը, որպեսզի հաղթանակած քաղաքն արժանապատիվ կեցվածքով ներկայանա այցելուներին»։
«Տոնական տրամադրությունը համակել էր բոլորին։ Հիշարժան իրադարձությամբ հատկապես խանդավառված էին տանտերերը՝ շուշեցիները։ Եվ ճեպազրույցի ժամանակ նրանք չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը։ «Ազատագրվելուց հետո վերադառնալով ծննդավայր, մեր երազանքն է եղել բարեկարգ ու նորոգ տեսնել այն,–ասում է տոհմիկ շուշեցի Արմենակ Առստամյանը։– Եկանք ու տեր կանգնեցինք մեր կիսավեր տանը, որ ազերին էր փորձում սեփականաշնորհել։ Պետությունն օգնեց վերակառուցել եւ փրկել այն կործանումից։ Մեծ հայրենականի վետերանիս օջախում, ում վիճակված էր տեսնել նաեւ արցախյան դաժան պատերազմը, ապրել բազում զրկանքներ ու տառապանքներ՝ կորցնելով ազատամարտիկ 2 թոռներիս, այժմ որդուս եւ նրա զավակների հետ ապահով իմ ծերությունն եմ վայելում։ Սիրտս բերկրանքով է լցվում, երբ շրջելով մանկությանս հիշողությունների քաղաքում, ամեն օր մի նոր հաճելի փոփոխություն եմ զգում։ Մեր աչքերի առաջ Շուշին վեր է հառնում մոխիրներից, բարեկարգվում, դառնում անճանաչելի։ Քաղաքը ապահով եւ հոգատար ձեռքերում է, ու հրաշալի սերունդ է աճում՝ կանխորոշելով Շուշիի լուսավոր ապագան»։
Արցախում բոլորը շահագրգռված են բերդաքաղաքի վաղեմի հարուստ ավանդույթների վերականգնմամբ ու պահպանմամբ։ Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը պատմում է, թե ադրբեջանական բռնատիրության տարիներին բերդաքաղաքում, Արցախ աշխարհում անուն հանած մտավորականներից մեկի՝ երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի պես նվիրյալ ու հայրենասեր մարդկանց, նրանց անզիջում պայքարի շնորհիվ է, որ չփակվեց եւ հայեցի մնաց Շուշիի մանկավարժականը։ Հետադարձ հայացք ձգելով ոչ հեռավոր անցյալին եւ խոր ափսոսանք հայտնելով ազերիների կողմից բարբարոսաբար ոչնչացված ազգային արժեքների առնչությամբ, որպես «համարժեք քայլ» նա արձանագրում է այն իրողությունը, որ ոչ միայն քաղաքի միակ մզկիթն է պահպանվել, ուր շուտով կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները, այլեւ այն նորոգ ու կանգուն է մնում հանրապետության եւ քաղաքային իշխանությունների դիրքորոշման արդյունքում. «Մինչդեռ ազերի հրոսակները չեն զլացել հիմնահատակ ավերել Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի եւ հայազգի մյուս երեւելիների հուշարձանները»։
Ձգտելով վերականգնել 19—րդ դարավերջի եւ 20—րդ դարասկզբի մշակույթի եւ արհեստների կենտրոն Շուշիի նախկին փառքը, Արցախի իշխանությունները, բարեգործական կառույցները շահագրգռված են առաջնահերթ լուծում տալ այն ծրագրերին, որոնք կբարելավեն ժողովրդագրությունը, բնակչության սոցիալական պայմանները, մարդիկ զբաղմունք կունենան, քաղաքը զբոսաշրջիկների համար կդառնա առավել գրավիչ։ Եվ այսօր այդ ծրագրերի իրագործմանը միտված վստահ քայլերը հույս են ներշնչում։
Տոնական միջոցառումները շարունակվեցին մշակութային եւ մարզական տարբեր ծրագրերի շրջանակում։ 
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան Ստեփանակերտում դիտեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմը, իսկ ավելի ուշ Վերածննդի հրապարակում հանրապետության նախագահը ներկա գտնվեց տոնական համերգին։
Մայիսյան եռատոնի միջոցառումները բերդաքաղաք Շուշիում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում եզրափակվեցին տոնական մեծ հրավառությամբ։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024