Վերջին 100 տարում հայկական հարցն այսքան մոտ չի եղել միջազգային օրակարգում ամրագրվելուն
ԱՄՆ Սենատը շատ անսպասելի ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, այն էլ՝ միաձայն, երբ 3 անգամ դրա քննարկումը Սենատում կասեցվել էր։ Հայության արձագանքն ամենուր հասկանալի էր, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, քաղաքական ու հանրային ուժերը Հայաստանում եւ սփյուռքում ողջունեցին ԱՄՆ Կոնգրեսին եւ Սենատին, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը այսօր, երբ վերստին վտանգավոր իրավիճակ է մերձավորարեւելյան ու կովկասյան տարածաշրջաններում, ՀՀ եւ ԼՂՀ համար նաեւ որոշակի անվտանգային տարրեր է պարունակում։
Ինչքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե Կոնգրեսի, ապա եւ Սենատի որոշումները «քաղաքական բեմադրություն են», «իրավական հենք եւ ուժ չունեն», նկատելի է Անկարայի իրական անհանգստությունը։
Մի շարք ցեղասպանագետներ, այդ թվում՝ ազգությամբ թուրք, հայտարարեցին, որ սա պատմական օր է ոչ միայն հայերի, այլեւ առաջադեմ մարդկության ու հենց Թուրքիայի ժողովրդի համար։ Հիշեցնենք, որ այս բանաձեւի ընդունումը սպասվում էր դեռ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, սակայն նա ապրիլի 24—ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործեց ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակեց «Մեծ եղեռն»։ Իմիջիայլոց, այս առումով էլ ցեղասպանագետներց ոմանք էլ հայտարարեցին, թե «Մեծ եղեռն» եզրույթը կարելի է օգտագործել, եթե այն հստակ նույնականացվի հայերի ցեղասպանության հետ, ինչպես «Հոլոքոսթն» է նույնականացվում հրեաների ցեղասպանության—ողջակիզման հետ։ Այս տարվա ապրիլի 24—ին էլ, չնայած հայության սպասմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը։
Ինչեւէ, ԱՄՆ—ն այլեւս իր վճռական քայլը կատարեց, ինչը կարող է հետզհետե լուրջ ազդեցություն թողնել աշխարհակարգի փոփոխության համապատկերում։ Իսկ այդ փոփոխությունն ընթանում է։ Իզուր չէ, որ միջազգային մամուլը եւս տեսակետ է բարձրաձայնում, որ ԱՄՆ—ի նախագահը կտրուկ քայլերի է դիմում, քանի որ միջազգային օրակարգում արդեն հստակեցվել է Մերձավոր Արեւելքի ու Կովկասի նոր քարտեզը։ Իսկ Թուրքիան բացակայում է այդ քարտեզում։ Փաստորեն, թուրքական ծավալապաշտական նկրտումներն անհետեւանք չմնացին, աշխարհի գերուժերը, ինչպես նշել էինք նախկինում, չհանդուրժեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը։
Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձեւի հետ կապված, որից հետո ԱՄՆ դեսպանատունն անդրադարձավ դեկտեմբերի 12—ին բանաձեւի ընդունմանը։ Նշվեց, որ «ԱՄՆ—ի իշխանության դիրքորոշումը չի փոխվել։ Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի կատարած վերջին հայտարարության մեջ», ինչը, իհարկե, չի բավարարել Անկարային։ Ըստ «Էրմենիհաբերի», Թուրքիայի մեջլիսում կոշտ արձագանք է եղել բանաձեւի ընդունման առումով. իշխող ուժի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն Սենատի ընդունած բանաձեւի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի՝ 100 տարի առաջ գրած՝ «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով. «Մենք էլ հիմա ենք ազգային ու պետական դիրքերից գոչում, որ թքում ենք ԱՄՆ—ի Սենատի այդ բանաձեւի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»։
Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկրի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձեւ՝ ի պատասխան ԱՄՆ—ի Սենատի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչմանը։
Բայց պիտի հիշեցնենք, որ ավելի քան 100 տարի առաջ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից։ 1915թ. մայիսի 24—ին այդ երկրները հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած՝ հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915թ. ապրիլյան կոտորածները որակեցին որպես Թուրքիայի նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Մասնավորապես նշված է. «Ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանի թուրք եւ քուրդ բնակիչները օսմանյան հեղինակությունների թույլտվությամբ ու հաճախ նրանց աջակցությունն ստանալով՝ ջարդեր են իրականացրել հայերի դէմ։ Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կեսին Էրզրումի մեջ (Կարին), Թերջան, Եգինե, Բիթլիս, Մուշ, Սասուն, Զեյթուն եւ ամբողջ Կիլիկիայում...»։
Ինչպես վերը նշեցինք, միջազգային լրահոսում կարելի է հանդիպել այն տեսակետին, որ Դոնալդ Թրամփը իր քայլով հաստատեց տարածաշրջանային նոր քարտեզի ի հայտ գալու մասին։ Վերլուծություններում հատկապես նշվում է, որ 1923թ. հուլիսի 24—ին կնքված (ուժի մեջ է մտել 1924թ. օգոստոսի 6—ին) Լոզանի հաշտության պայմանագրի 100— ամյակը կարող է ճակատագրական լինել Թուրքիայի համար։ Այդ պայմանագրով են սահմանվել Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչը կարող է նաեւ փոփոխության ենթարկվել... Իմիջիայլոց, ԽՍՀՄ—ից անկախացած ՀՀ—ն չի ճանաչել Թուրքիայի այս սահմանները։ Եվ Անկարան վերջին տարիներին Մոսկվայի միջոցով էր փորձում հասնել ճանաչման։
Եվ վիճակն այսպիսին է, ինչպես ՀՀ ազգայնական կառույցներից մեկը՝ Հայ արիական միաբանությունն է հայտարարել՝ այսօր չկա հայ—թուրքական սահման, կա սահմանագիծ, որի երկու կողմում Հայաստանն է, սահման, որը բաժանում է Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները, ինչի նկատմամբ պետք է պետական մոտեցում դրսեւորել։
Լոզանի հաշտության պայմանագիրը մոռացության չմատնեց ավելի վաղ՝ 1920թ. օգոստոսի 10—ին Փարիզի Սեւր արվարձանում կնքած հաշտության պայմանագիրը, որը պետք է վերականգներ հայության իրավունքները մեր հայրենիքի որոշակի հատվածի վրա, սակայն դա կյանքի չի կոչվել ցայսօր։ Պայմանագրով՝ Հայաստանը պետք է ստանար 90 հզ. քառ. կմ եւ ՀՀ—ի հետ կունենար 161.330 քառ. կմ տարածք՝ Սեւ ծով ելքով (Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից երկրները...)։ Այս հարցը դեռ կարծարծենք առիթով, սակայն Լոզանի պայմանագրի 100—ամյակին կարելի է պետականորեն նաեւ Սեւրին անդրադառնալ (Սեւրի եւ Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են։ Լոզանի պայմանագիրն իրավասու չէր եւ չեղյալ չի հայտարարել Սեւրի պայմանագիրը...)։ Ցավոք, մինչ այդ 1918թ. հոկտեմբերի 30—ին կնքվեց Մուդրոսի զինադադարը Անտանտի ներկայացուցիչների եւ Թուրքիայի միջեւ, որը 1—ին աշխարհամարտից հետո գրեթե ոչնչացված Թուրքիային վերհառնելու հնարավորություն տվեց, այլապես Փարիզի արվարձան Սեւրում կհայտարարվեր 161.330 քառ. կմ տարածք ունեցող Հայաստանի մասին։ Ինչեւէ, այստեղ մեր պետությունը կարող է ապավինել ԱՄՆ—ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով գծված Հայաստանին, որը իրավա—քաղաքական լուրջ հիմք կդառնա մեր հայրենիքի վերամիավորման համար։
Պետք է անդրադառնալ նաեւ 1921թ. ապրիլի 16—ին Մոսկվայում ստորագրված ռուս—թուրքական եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագրին (կնքվել է քեմալական Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ)։ 2021թ. էլ այդ պայմանագրի 100—ամյակն է, դրա չեղարկելու հարցը պիտի բարձրացնել, քանի որ այնտեղ անտեսված են հայության շահերը, կնքվել է առանց հայերի մասնակցության։ Դրա համար էլ 1921թ. հոկտեմբերի 13—ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը («Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»)։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները եւ սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի եւ Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ։ Այսինքն՝ ռուս—թուրքական համերաշխությամբ՝ ոչինչ չորոշող Խորհրդային Հայաստանին պարտադրեցին ճանաչել Թուրքիայի սահմանները։ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել1922թ. սեպտեմբերի 11—ին Երեւանում։ Սակայն այն չի վավերացրել Հայաստանի Հանրապետությունը, չի ճանաչել Թուրքիայի սահմանները, ինչի մասին խոսեցինք վերեւում։
Հայկական հարցի նորովի արծարծումը միջազգային ասպարեզում պետք է դառնա հայկական դիվանագիտության առաջնային խնդիրը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am
|