ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 23 » Միակողմանի մոտեցումներն անընդունելի են /1994—95 թվականների հրադադարի մասին համաձայնագրերն ուժի մեջ են/
14:47
Միակողմանի մոտեցումներն անընդունելի են /1994—95 թվականների հրադադարի մասին համաձայնագրերն ուժի մեջ են/

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումների կարեւորագույն մասը նվիրված է լինելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանը ուղղված քայլերին. «Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլեւս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու եւ կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։
Ս. Լավրովը համաձայնեց, որ ուժի կիրառումն անընդունելի է, եւ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Նրանք ընդգծեցին 1994—1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման եւ զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարեւորությունը եւ դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։
Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
«Ապրիլի 2—ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաեւ Մոսկվայում ապրիլի 8—ին։ 
Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով եւ ամրապնդելով 1994—1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։ 
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, եւ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարեւորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։ 
Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցին մեր երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։ 
Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ—ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առեւտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ—ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադարձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը»,–ասաց Է. Նալբանդյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեց իր հայ պաշտոնակցի հետ ունեցած բանակցություններից։ «Մեր բանակցությունները ցույց տվեցին, որ մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլեւ միջազգային կառույցներում, նախ եւ առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, որն այժմ նախագահում է Հայաստանը»,–հայտարարեց նա։
Նա գնահատեց Հայաստանի ջանքերը՝ ավելի արդյունավետ դարձնելու կազմակերպության գործունեությունը. «Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը։ Հատկապես գնահատելի է այն փաստը, որ լավ առաջարկություններ են արված ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու ՀԱՊԿ դաշնակիցների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ»։
ՌԴ նախարարը հայ—ռուսական հարաբերությունները գնահատեց սերտ ու դաշնակցային, իսկ առեւտրատնտեսական ոլորտում ռուս—հայկական համագործակցությունը՝ օրինակելի. «Մեզ մոտ վատ չեն զարգանում առեւտրատնտեսական կապերը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերն առեւտրի ու ներդրումների ոլորտում։ Չնայած համաշխարհային տնտեսական խնդիրներին, մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել, իսկ դա արդեն կարեւոր ձեռքբերում է»։
Նրա խոսքով, հայաստանյան տնտեսության մեջ ռուսական ընկերությունների կապիտալն արդեն գերազանցում է 4 մլրդ դոլարը։ Նա այս հարցում կարեւորեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը։
«Մենք սատարում ենք նաեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքները, որպես մեր ռազմավարական համագործակցության եւս մեկ կարեւոր մեխանիզմ»,—ասաց Լավրովը։
Դինամիկ զարգացում է արձանագրվել նաեւ հումանիտար, կրթության, գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության առումով։
Այնուհետեւ նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնց հուզող թերեւս ամենակարեւոր հարցին ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարն ասաց. «ԼՂ խնդրի կարգավորման առումով այս պահին սկզբունքորեն կարեւոր է անել ամեն բան՝ չթույլատրելու կողմերի միջեւ կնքված հրադադարի անժամկետ ռեժիմի որեւէ խախտում։ Պայմանավորվածություն, որ ձեռք է բերվել դեռ 1994—95 թվականներին եւ համաշխարհային ճանաչմամբ ուժի մեջ է»։
Նրա խոսքով, նաեւ Ռուսաստանի միջնորդությամբ իրականացված աշխատանքների արդյունքում եղել են համաձայնեցված քայլեր, որոնք պետք է կյանքի կոչել. «Դա վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, ինչպես նաեւ վստահությանն ու անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներին»։
Նա կարեւորեց ԼՂ խնդրի կարգավորման շեշտադրումը ԵԱՀԿ գերմանական նախագահության կողմից, որը մեծ շահագրգռություն է ցուցաբերում ԵԱՀԿ տարածքում տարբեր հակամարտությունների կարգավորման գործում։
Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե Թուրքիայի կողմից ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արած հայտարարություններն ինչպե՞ս կանդրադառնան խնդրի խաղաղ կարգավորման վրա, նկատեց, որ Թուրքիայի հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչ էին, այլ պատերազմի։
«Այդ հայտարարությունները դեմ էին համանախագահների, միջազգային հանրության դիրքորոշմանը»,–ասաց Ս. Լավրովը՝ հավելելով, որ «իրենք արդեն սովոր են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման քաղաքականությանը»։
Պատասխանելով հարցին, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանը հրաժարվել է Կազանի փաստաթղթից, Ս. Լավրովը համառոտեց. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։
ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ իր գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չի մերժել այդ փաստաթուղթը, այլ Ադրբեջանը. «Նույն հետ քայլը կամ մերժումն Ադրբեջանը արեց ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչիում, դրանից առաջ Մոսկվայում, դրանից առաջ Աստրախանում, դրանից առաջ Պետերբուրգում։ Այդպես կարող ենք գնալ եւ հասնել տասը տարի առաջ, երբ Փարիզում էին բանակցություններն ընթանում։ Իրականությունը սա է»։
Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Բաքվում կայանալիք ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումը բոյկոտելու Հայաստանի որոշումը, ասաց. «Կազմակերպել ֆորումը մի երկրում, որտեղ ծաղկում է հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, ոտնահարվում, կոպտագույն ձեւով անտեսվում են այդ արժեքները, ինչպե՞ս Հայաստանը կարող է մասնակցել այդ ֆորումին»։
Ըստ նախարարի, քաղաքակրթությունների ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքները։
«Մենք չենք կարող պաշտպանել նաեւ կոնսենսուսը, ինչ վերաբերում է վերջնական հռչակագրին, որն այդ ֆորումը պետք է ընդունի։ Իհարկե, հնչում են կարծիքներ, որ ինչ—ինչ բացեր կգտնեն ֆորումի կանոնակարգի մեջ կամ, խախտելով այդ կանոնակարգը, կփորձեն հաստատել այդ հռչակագիրը, բայց, կարծում եմ, դա որեւէ ձեւով չի բարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը»,–ասաց Է. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարը, պատասխանելով հարցին, թե հնչում են կարծիքներ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ու հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, նախարարը «հայտնի չէ, թե ինչով էին զբաղվում», ասաց, որ դրանք շինծու եւ սին քննադատություններ են. «Եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերը, ինչ անում են արտաքին գործերի նախարարությունը, հայ դիվանագետները, պետք է հրապարակվեն, հեռու են դիվանագիտության էությունից կամ մեր աշխատանքի բնույթի ընկալումից»։
Նա նշեց, որ այստեղ խոսքը գաղտնիի եւ ոչ գաղտնիի մասին չէ, այլ ավելի արդյունավետ աշխատանքի։
Է. Նալբանդյանն ասաց, որ եթե այդ քննադատները հետեւեն ԱԳՆ կայքին, ապա կտեսնեն, թե այդ օրերին նախարարն ուր է եղել, ում հետ է հանդիպումներ ունեցել։ Ունեցել է մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ հենց այդ իրադարձությունների, ճգնաժամի թեմայով։
Նախարարի խոսքով, մեծ ծավալի աշխատանք են կատարել նաեւ դիվանագետները։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024