ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայն Թուրքիայում
Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված միջուկային պատերազմի վտանգը ինչպես անցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, պետք է հիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանի կողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ—ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկային զենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին։ Երբ արաբական աշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե, հազվադեպ, հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին, իբր, զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալու հնարավորություն տվեց աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին։ Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝ հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներում բնակվող»… Արդյոք նման չէ՞ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեց երկիր»…
Այստեղ է, որ պետք է բոլորս հասկանանք, թե ինչու են Անկարան եւ Բաքուն մերթ ընդ մերթ դիմում միջազգային տարբեր հարթակների՝ ՀԱԷԿ—ը փակելու համար, ամենազանազան վտանգներ հորինելով։ Այս մասին ես բազմաթիվ հրապարակումներ ունեմ «ՀՀ»—ում, որտեղ լիարժեք հիմնավորում եմ թուրք—ադրբեջանական բողոքների սնանկությունը։ Սակայն դրա մասին չենք խոսում այստեղ։ Այլ այն մասին, որ մեր հակառակորդները հասկանում են, որ Հայաստանը ատոմային տերության մի մաս է՝ այն էլ փորձառու, եւ դա եւս կարող է խոչընդոտել Հայաստանի դեմ նրանց ծրագրած մտադրություններին։ Ի վերջո, Հայկական ատոմակայանը միջազգային նշանակության օբյեկտ է, որի դեմ գործողությունները եւս միջազգային դիմադրության կհանդիպեն հասկանալի պատճառներով։ Իսկ բուն Հայաստանի համար ատոմակայանից զրկվելը լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառ կդառնա, ինչը եւս թուրք—ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում։
Վերջերս խոսվում է նաեւ հայկական միջուկային ծրագրի կենսական անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով մեր հակառակորդների վտանգավոր նկրտումները Հայաստանի ու հայության դեմ։ Օրերս այդ մասին խոսել է գեներալ—լեյտենանտ Նորատ Տեր—Գրիգորյանցը՝ նշելով, որ շատերի նման լրջորեն անհանգստացած է մեր պետության եւ ազգի ապագայով, ու հայկական միջուկային ծրագիրը բացառապես կենսական նշանակություն ունի։ Նման խոսակցությունները աշխուժացան, երբ վերջերս Բաքվում կայացած թյուրքալեզու երկրների 7—րդ համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ամեն ինչով աջակցելու են, որպեսզի Ադրբեջանը կրկին տիրի Ղարաբաղին, իսկ Ադրբեջանի նախագահն ավելի առաջ գնաց՝ հայտարարելով, թե պետք է տիրեն «այլ հողերին եւս»՝ Երեւանին, Զանգեզուրին, Սեւանին եւ այլն…
Փաստորեն, միջուկային զենքը այսօր դարձել է զսպող հանգամանք, ինչը վերոնշյալ եւ այլ երկրներն օգտագործում են պետական եւ ազգային անվտանգության պաշտպանության համար։ Այս օրերին ՌԴ ՊՆ—ից հայտնեցին, որ Աստրախանի շրջանի Կապուստին Յար ուսումնամարզական հավաքակայանում անցել է «Տոպոլ» հրթիռի փորձարկումը։ Հրթիռային ուսումնավարժական մարտական ստորաբաժանումը հարվածել է Ղազախստանի Սարի—Շագան ուսումնադաշտում տեղակայված թիրախին։ RT—2PM «Տոպոլ»—ը ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի հիմնական միջմայրցամաքային բալիստիկական հրթիռներից մեկն է։ Նրա թռիչքի միջակայքը հասնում է 11 հազար կմ—ի։ Կա միայն մեկ միջուկային մարտագլխիկ, բայց դրա հզորությունը գնահատվում է TNT 550 կիլոտոն։
Ինչեւէ, թեմայի կարեւորումը առաջնային համարելով՝ այնուամենայնիվ, անցնենք ԵՄ—ԱՄՆ հարաբերություններին։ Հակասությունն այնքան ակնհայտ է, որ ԱՄՆ—ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը եւ Անգելա Մերկելը վիրավորական տոնայնությամբ են հանդես գալիս հայտարարությունների ժամանակ, վերջին երկուսը՝ ԱՄՆ նախագահի դեմ։
Անկարան փորձելով օգտվել այս իրողությունից՝ ելույթային հարվածներ է տեղում Փարիզի եւ Բեռլինի ուղղությամբ՝ փորձելով սիրաշահել Վաշինգտոնին, ինչ—որ տեղ՝ նաեւ Լոնդոնին։ Բայց, ինչպես գրել է «Gazeta»—ն, «Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը «բնական աղետ» են Միացյալ Նահանգների ու Եվրոպայի համար… Այս երկրների նոր ռազմավարական հարաբերությունները կրկին Մոսկվան դարձրել են գրավչության կենտրոն… Ռուսական կողմն իր եվրասիական ազդեցության գոտին տարածում է նաեւ դեպի Հյուսիսային Աֆրիկա»։
Փաստորեն, Մոսկվան նաեւ բարելավում է հարաբերությունները այն երկրների հետ, որոնք համարվում են ԱՄՆ—ի ամենամոտ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի։ Իսկ Սերբիան եւ Հունգարիան արդեն պատրաստ են ԵԱՏՄ—ին միանալու բանակցություններին։
Վաշինգտոնը, իհարկե, ինչպես նախկինում, փորձում է կանգնեցնել Եվրոպա—Ռուսաստան մերձեցման նոր փորձը։ Իսկ նախկինում դա կասեցվեց ՆԱՏՕ—Սերբիա բախմամբ, որից հետո այս երկիրը մասնատվեց, հաջորդ կասեցման գործողությունը իրաքյան 2—րդ պատերազմն էր, երբ ՆԱՏՕ—Ռուսաստան բախումը նախաձեռնվեց, իսկ Իրաքում կործանվեց Սադամ Հուսեյնի վարչակարգը։ Թե այսօր ինչ կնախաձեռնի ԱՄՆ—ն ՆԱՏՕ—ի միջոցով (թուրք—սիրիական բախումը հակառակ արդյունքը տվեց. ԵՄ—ն չհակադրվեց ՌԴ—ի հետ, հակադրվեց ԱՄՆ—ի հետ՝ Թուրքիային պատժելու իր հաստատակամությամբ)։ Եվ ուրիշ ոչինչ չգտնելով՝ ՆԱՏՕ—Ռուսաստան հակադրության նոր փորձ է տեղի ունենում։ Դեկտեմբերի սկզբներին Լոնդոնում ՆԱՏՕ—ի լիագումար նիստում հաստատվել է պլան՝ ապահովելու Լեհաստանի եւ Մերձբալթյան երկրների ռազմական անվտանգությունը, իսկ Չինաստանի աճող ազդեցությունն աշխարհում միաժամանակ կոչվեց համագործակցության խորացման հնարավորություն եւ խնդիր։ Իսկ ՆԱՏՕ—ի վերջնական հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրոատլանտյան անվտանգության համար»։
Բայց ԵՄ այն երկրները, որոնք ազդեցություն ունեն ՆԱՏՕ—ում, համաձայն չեն, որ Ռուսաստանը «չարիք» է, եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստիպված հայտարարել է, թե «ՆԱՏՕ—ում տարաձայնություններ եղել են դաշինքի գոյության ողջ ընթացքում։ ՆԱՏՕ—ն 29 տարբեր երկիր է, Ատլանտյան երկու կողմերում՝ տարբեր պատմությամբ, աշխարհագրությամբ ու իշխանության գտնվող տարբեր քաղաքական կուսակցություններով։ ՆԱՏՕ—ի ուժը կայանում է նրանում, որ մենք միշտ կարող ենք հաղթահարել այդ տարբերությունները եւ միավորվել մեր հիմնական առաքելությունների շուրջ՝ փոխադարձ պաշտպանության մեջ»։
Այստեղ եւս կարեւորվել է միջուկային զենքի առկայությունը։ ԱՄՆ նախագահն իր հերթին միջուկային զենքի վերահսկման խնդիրը համարել է ամենակարեւորն ամբողջ աշխարհի համար։ Բայց, միեւնույնն է, Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ՆԱՏՕ—ին՝ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ առանց Մոսկվայի հետ երկխոսության Եվրոպայում անվտանգությունն անհնար է։ Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ի «ուղեղը մահացել է»՝ առանձնացնելով ՆԱՏՕ—ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ունեցած վերաբերմունքը եւ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Իհարկե, սա դուր չի եկել Թրամփին, եւ նա այդ խոսքերը գնահատել է «անհարգալից» ու «շատ, շատ տհաճ»։ Իսկ Էրդողանը կրկին հոխորտացել է, թե նախագահ Մակրոնը նախ պետք է ինքը ստուգվի, քանի որ «իր ուղեղն է մահացած»…
Մինչ այս գերմանական մամուլն էր անդրադարձել Թրամփ—Էրդողան վաշինգտոնյան հանդիպմանը՝ նշելով, որ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»։ Նշվել է նաեւ, որ Թուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից, քանի որ հանդիպումը հստակ արդյունքի չհանգեցրեց։ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք—ամերիկյան լարվածությունը եւս այս այցի վրա որեւէ ազդեցություն չթողեց։ «Այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ—ի միջեւ, ըստ էության, շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնային հարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդ անձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որը թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ—ի անդամ այս երկու երկրների միջեւ եղած կապն ընդհանրապես խզվի»,–նշել են գերմանական ԶԼՄ—ները՝ նույնպես հասկացնելով, որ այսպես ՆԱՏՕ—ն իրեն դատապարտում է մահվան։
ՆԱՏՕ—ի ներքին հակասությունների հիմնական պատճառը համարվում է այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ—ի գոյության իմաստը այլեւս այնքան հրատապ չէ, հատկապես որ վաղուց չկա Վարշավայի պայմանագիրը։ Իսկ ՀԱՊԿ—ն չի կարող լրացնել իր նախորդի տեղն ու դիրքը, եւ այն հարցը, թե ով է ՆԱՏՕ—ի թշնամին, առկախ է։ Ի տարբերություն ԱՄՆ—ի, ԵՄ—ի համար դա Ռուսաստանը չէ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am
|