«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովի բանախոսները լրագրողների հետ զրույցներում անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցին։
«Հայաստանին բանակցությունները պետք են, եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար»,–ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք է բանակցելի լինես, խոցելի չլինես քո դիրքորոշումներում. «Եթե դու ասում ես, որ ոչ մի բան չպետք է զիջես, ինչ այսօր, ըստ էության, անում է Ադրբեջանը, դառնում ես անբանակցելի կողմ, եւ, բնականաբար, քո բոլոր պահանջները դիտվում են հակատրամաբանական եւ բանակցություններին հակընթաց քայլեր։ Մենք այդ տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք։ Մեզ այս փուլում բավարարում է այն հայտարարությունը, որ որեւէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում։ Նրա կարծիքով՝ քաղաքների համագործակցությունը ունի նաեւ քարոզչական կարեւորություն։
«Մասնավորապես, պետք է ճիգ թափել, որ այն քաղաքները, որտեղ հայություն կա, ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը։ Համագործակցության առումով դժվարություններ չեն լինի, քանի որ ամբողջ պետության որոշումը անհրաժեշտ չէ։ Քաղաքը կարող է ինքնուրույն որոշում կայացնել»,–ասել է Մարգարյանն ու հավելել, որ այն Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք։
«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած։ Եվ պարտավոր ենք նախաձեռնություններ ունենալ։ Դրանով մի կողմից կչեզոքացնենք հակառակորդի մարտահրավերները, մյուս կողմից կճնշենք նրան։ Այս առումով հայ քաղաքական միտքը պետք է նոր գաղափարներ առաջարկի։ Մենք ունենք նոր տակտիկական որոշումներ»,—ասել է նա։
«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ռազմարդյունաբերական համալիրն ավելի անկախ է»,—նկատել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազամարդյունաբերական համալիրը մեծ կախվածություն ունի։ «Թեկուզ ծավալներով ավելի հնչեղ է, բայց դա ոչինչ չի նշանակում»,—ասել է նա։
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը վերագործարկվել է նախկին ավանդույթների հիման վրա։ «Արդեն իսկ կարողանում է լավ արդյունքներ ցուցաբերել։ Արտադրանքի մի քանի տեսակներ շատ ակտիվորեն զինված ուժերում կիրառվում են՝ հատկապես առաջնագծում»,—ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ այսօր երկրի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։
«Եթե մինչեւ ապրիլյան գործողությունների սկիզբը սահմանային ինժեներական կահավորվածությունը գրեթե 30 տոկոս էր, ներկա դրությամբ այն հասցվում է կատարյալ վիճակի»,—ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը։ «Առաջին դիրքի խորությամբ հասցված են 100 տոկոսի»,–նշել է նա՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են։
Վ. Առուստամյանը եւս ընդգծել է, որ զինատեսակների հարցում բավականին լուրջ առաջընթաց ունենք։ «Արցախի Հանրապետության կառավարության եւ նախագահի կողմից արտաբյուջեի գումարներով տեղում՝ Արցախում, ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է»,–ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ չի կարող հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունեն, բայց բավականին լուրջ տեսականի ունեն, որոնք արտադրվում են տեղում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին ընթանում, նմուշները նոր են ստացվել։
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Վ. Առուստամյանն ասել է, որ ներկա դրությամբ փոխհրաձգություններ են ընթանում հրաձգային զենքից, հիմնականում դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետեւանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում։
«Դրանով է փորձում ներկա դրությամբ լարվածությունն աճեցնել»,—ասել է պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում սեպտեմբերի 3—ին մեկնարկած ՆԱՏՕ—ի «Agile Spirit 2017» զորավարժություններին եւ դրանց մասնակցությունից Հայաստանի հրաժարվելուն, ասել է. որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել մասնակցությունն Ախալցխայում Վրաստանի եւ ԱՄՆ—ի կազմակերպած զորավարժություններին։
Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել զորավարժությունների մասնակիցների թվում, քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չեն ասել, որ մասնակցելու են հերթական զորավարժություններին։ Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ այդ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մեջ արտառոց որեւէ բան չկա։
«Զինված ուժերը արտաքին ռազմական համագործակցության խնդիրները պլանավորում են, եւ այդ պլանավորման ընթացքում շատ բաներ կարող են նաեւ փոփոխությունների եւ վերանայումների ենթարկվել։ Դրանում որեւէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ քաղաքականության կամ մոտեցումների առումով տեղի չեն ունեցել»,–ընդգծել է Զաքարյանը։
Զաքարյանը վստահեցրել է, որ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Ադրբեջանը եւս մասնակում է դրանց։ «Ոչ մի խնդիր չի լինի։ ՆԱՏՕ—ն կա, եղել է եւ շարունակելու է մնալ մեր գործընկերը։ Մենք ՀԱՊԿ—ի լիիրավ անդամ ենք, եւ մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է»,– նշել է նա։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ համակարգում ունեն շատ կարեւոր դերակատարություն, եւ ՀԱՊԿ—ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարեւոր եւ առանցքային նշանակություն ունի։ «Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ե՛ւ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ—ի կառույցի եւ անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»,–ընդգծել է փոխնախարարը։
Ի դեպ, ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց պարզաբանում այս հարցի վերաբերյալ. «Հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3—ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է.
ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին եւ դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին։ Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձեւաչափը որոշվում է՝ ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար՝ ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել։
Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»։
|