Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանում է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը։
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Ռումեն Ռադեւին եւ տիկին Դեսիսլավա Ռադեւային դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցը։
Ողջունելով նախագահ Ռադեւին Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, եւ նախագահ Ռադեւը կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով եւ ձեռք բերված պայմանավորվածություններով։
«Թեեւ շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետեւ այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսեւորումներով։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, պարո՛ն նախագահ, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ։ Եվ թեեւ մեր երկու երկրների միջեւ առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են։ Օրինաչափ են, որովհետեւ մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա։
Պարո՛ն նախագահ, օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ եւ մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում։ Դա նաեւ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ։
Մեկ անգամ եւս բարի գալուստ Հայաստան»,—ասել է նախագահ Սարգսյանը։
Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ գոհունակությամբ է ընդունել այն։
«Մեր երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները պարզապես բարեկամական չեն, դրանք, իսկապես, բարեկամական են պատմական առումով։ Ինչպես Դուք ասացիք՝ մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն իրենց պատմական ճակատագրի հարցում, եւ նրանք միմյանց նկատմամբ մեծ հարգանք ու սեր են տածում։ Մենք նույնիսկ պարտական ենք մեր ժողովուրդներին, որովհետեւ նրանք մեզնից ակնկալում են ավելի դինամիկ փոխհարաբերություններ։ Ձեր հրավերով եւ այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել։ Իսկ դա լավագույն նախադրյալն է, որ զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում։ Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն։ Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարեւոր փաստաթուղթ։ Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաեւ չորս հոգի, որոնք մեր ամենակարեւոր կազմակերպությունների նախագահներն են, եւ այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առեւտրատնտեսական ոլորտում»,—նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը։
Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2018—2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով։ Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները պատասխանել են նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին։
|