Նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտում առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ մայրաքաղաքի հանրակրթական եւ ավագ դպրոցների տնօրենները, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարեւոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար։ Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է մայրաքաղաքի հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը, նկատելով, որ այս աշխատակարգն իր հերթին կնպաստի ավագ դպրոցների կայացմանը։ Անդրադառնալով դպրոցներում կրթական որակի ապահովմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրա վառ ապացույցը նաեւ տարբեր օլիմպիադաներում տվյալ դպրոցների սաների գրանցած հաջողություններն են։
«Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով։ Դրան կարող է նպաստել ինչպես կրթօջախների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դպրոցի հարմարավետ պայմանները։ Իմ խորին համոզմամբ, որպես չափորոշիչ պետք է դիտարկվի նաեւ տվյալ կրթօջախից առարկայական օլիմպիադաներին մասնակից աշակերտների ու հաղթողների թիվը, ինչը լավագույնս ցույց կտա մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը։ Եթե դպրոցը հաղթող չի ունեցել, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա։ Լավ կրթօջախ ասվածի վառ ապացույցը հենց աշակերտների գրանցած հաջողություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Եվ ուրեմն, եղեք հետեւողական եւ այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք տարեք, քանի որ ձեր արդյունավետ աշխատանքի լավագույն ապացույցը հենց ձեր սաների գրանցած հաջողություններն են»,–ընդգծել է քաղաքապետը։
Խոսելով «Օգնիր դպրոցիդ» ծրագրի մասին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կամավորության սկզբունքով կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը։
«Օգնիր դպրոցիդ» ծրագրի գործարկման հենց առաջին օրից մենք հստակ հայտարարել ենք, որ այն պարտադրված բնույթ չի կրելու։ Մեր այս նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կյանքում որոշակի հաջողությունների հասած նախկին շրջանավարտների կամ բարերար ծնողների կողմից կամավորության սկզբունքով իրենց կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ հաջողվել է։ Այսօր մեկ անգամ եւս ուզում եմ հստակեցնենք, որ այս ծրագիրը բացառապես կամավորության սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար է գործարկվել, այլ ոչ թե դպրոցների ներկայիս սաների ծնողներին պարտադրելու, որ գումար փոխանցեն։ Սա եւս որոշակի ցուցիչ է, թե որքանո՞վ է տվյալ կրթօջախը հետք թողել հաջողությունների հասած իր նախկին սաների կյանքում, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնելու հարազատ կրթօջախի զարգացման գործում»,–նշել է Տարոն Մարգարյանը։
Երեւանի քաղաքապետն առանձանկի կարեւորել է նաեւ կրթօջախների ակտիվ համագործակցությունը Երեւանի քույր ու գործընկեր քաղաքների հետ՝ ընդգծելով որ այն հրաշալի հարթակ է փորձի փոխանակման համար։ Անդրադառնալով դպրոցական խորհուրդներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այդ խորհուրդների աշխատանքը պետք է լինի արդյունավետ, թափանցիկ ու տեսանելի բոլորի համար։
Կրթական յուրօրինակ համակարգ ձեւավորելու համար դպրոցի առջեւ կա երեք կարեւոր հիմնախնդիր։ Այդ ուղղությամբ պետք է դպրոցներում բարձրացնել բնագիտական առարկաների որակը, բարեփոխել կրթական ողջ համակարգը եւ սահմանել նոր հմտային դասաժամեր, ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարը։
«Առաջին վտանգը մեր կրթական համակարգի արագ կերպով հումանիտարիզացումն է։ Բակալավրիական կրթության մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններն են։ Պետք է սկսենք դպրոցից՝ ապահովելով բնագիտական առարկաների դերի, որակի կտրուկ աճ։ Պետք է վերանայվեն ժամաքանակները եւ չափորոշիչները»,—ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կարեւոր հիմնախնդիր է նաեւ կրթական կառուցվածքի բարեփոխումը հատկապես բարձրագույն կրթության մեջ։ «Հայաստանում ունենք մոտ 90000 ուսանող եւ ընդամենը 66 բուհ։ Սա շատ վատ ցուցանիշ է, որը հարվածում է երկրի հեղինակությանը»,—ասաց նախարարն ու որպես խնդրի լուծում նշեց փոփոխությունների անհրաժեշտությունը դպրոցներում։
Պետք է փոխել հանրակրթության վերջին փուլի՝ ավագ դպրոցների եւ միջնակարգ դպրոցների վերջին երեք տարվա չափորոշիչներն ու նպատակը։ Անհրաժեշտ է նաեւ բնապահպանական, քաղաքացիական, ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության համար ձեւավորել հմտային առարկաներ, դասաժամեր։ Նախարարի խոսքով՝ այս ձեւաչափն առանձնացնելու դեպքում կրթական մակարդակն արագ կբարձրանա։
«Կրթության ոլորտն այսօր ունի նաեւ որակի բարձրացման եւ նյութատեխնիկական բազայի վերականգնման խնդիր։ Հատկապես հանրակրթական հաստատություններում հսկայական աշխատանք է կատարվել։ Սակայն լաբորատոր սարքավորումների, շենքային պայմանների խնդիր ունենք, մասնավորապես, ավագ դպրոցներում»,—եզրափակել է նախարարը։
«Ուսուցիչ» ծրագիրը կունենա երկու հիմնական ուղղվածություն։ Այն կբարձրացնի ուսուցչի աշխատանքի որակական արդյունքը եւ կտրուկ կբարելավի ուսուցչի սոցիալական կացությունը։ Ծրագիրը կիրականացվի պայմանականորեն։
«Օգոստոսյան խորհրդակցություններն ունեն երկու նպատակ՝ պարզաբանել մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը, առաջիկա փոփոխությունները եւ լսել ուսուցիչների առաջարկները ուսումնական գործընթացի կազմակերման վերաբերյալ։ Պետք է պայմանականորեն իրականացնենք «Ուսուցիչ» ծրագիրը, որի շրջանակում շատ առաջարկություններ ենք ստանում ուսուցիչներից»,—ասել է Լեւոն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրն ուղղված է ուսուցչի սոցիալական վիճակի, ուսուցչի ընտրության մեխանիզմների, թափուր տեղերի մրցույթների հայտարարման եւ այլ խնդիրների կարգավորմանը։ Ծրագրի շնորհիվ կբարելավվի ուսուցչի հեղինակությունը հասարակությունում։ Վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունը կտրուկ կազդի ուսուցչի աշխատանքի որակի վրա։ Այն նաեւ կբեռնաթափի նրա ավելորդ ծանրաբեռնվածությունը։
«Մենք բովանդակային փոփոխություններ ենք իրականացնելու 2018—2020 թթ.։ Մինչեւ սեպտեմբերի 20—ը հանրությանը կներկայացնենք կրթության զարգացման համալիր ծրագիր մինչեւ 2030 թվականի համար։ Մենք ձեւավորում ենք կրթության այն համակարգը, որը կիրառելի է միայն Հայաստանում»,—ասել է Լեւոն Մկրտչյանն ու հավելել, որ օգոստոսին կավարտվեն քարոզչական քննարկումները, եւ կսկսվեն սեմինարներն ու վերապատրաստումները։ Ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության բնագավառի մոտ 1200 ուսուցիչ արդեն իսկ վերապատրաստվել են։
ԿԳՆ—ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին պլանշետներով ապահովելու հարցը։
«Շատ խնդիրներ մեխանիկորեն կլուծվեն, եթե ՀՀ յուրաքանչյուր ուսուցիչ ունենա պլանշետ։ Նրանք կկարողանան էլեկտրոնային դասամատյաններ վարել»,—ասել է նախարարը։
Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ կարեւոր է նաեւ, որ ավագ դասարանների երեխաները եւս ապահովված լինեն պլանշետներով։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունն ու կրթական օջախները շարունակելու են ակտիվ համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա համատեղ ուժերով լուծումներ տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռեւս ծառացած են կրթական համակարգի առջեւ։
Խորհրդակցության ժամանակ անցկացված հարց ու պատասխանի ժամանակ տնօրենները հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկներն ուղղելու ոլորտի պատասխանատուներին։
|