Նորացված Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելիս գլխավոր փոփոխությունը կարելի է համարել գործադիր իշխանության նոր դերի ստանձնումը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նոր Սահմանադրությամբ Էապես փոխվել է կառավարության ձեւավորման եւ վարչապետի ընտրության կարգը։ «Նախկինում կառավարության ձեւավորման հարցը հանրապետության նախագահը գրեթե միանձնյա կարող էր լուծել, գրեթե միանձնյա կարող էր որոշել նաեւ վարչապետի թեկնածության հարցը։ Սահմանադրական կառուցակարգերը թույլ էին տալիս նախագահին ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցության հիման վրա, հաշվի առնելով նրանց կարծիքը, նշանակել վարչապետ եւ ձեւավորել կառավարություն, իսկ այժմ վարչապետի եւ կառավարության ձեւավորման խնդիրն ամբողջությամբ ԱԺ—ի լիազորությունների տիրույթում է։ Բնականաբար, գլոբալ փոփոխությունը կապված է պետության առաջին դեմքի հետ. այս դեպքում, վարչապետն է դառնում հանրապետության առաջին դեմքը»,–ասաց սահմանադրագետը՝ ընդգծելով, որ վարչապետին պաշտոնանկ անելու կառուցակարգերը անհամեմատ ավելի հեշտ ու մատչելի են, քան դա հնարավոր էր հանրապետության նախագահի պարագայում։
«Տեսականորեն ենթադրենք կար նախագահ, որն իրեն չէր արդարացնում։ Սահմանադրական նախորդ կառուցակարգով չափազանց դժվար, գրեթե անհնար էր նրան պաշտոնից ազատելու գործընթացն իրականացնելը»,–նշեց նա։ Ապա հիշեցրեց, որ աշխարհի շատ երկրներում, որոնք նախագահական կառավարման համակարգ ունեն, եւս այդպես է։ «Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը։ Միացյալ Նահանգներում մի քանի դեպքեր եղել են, որոնք արդյունավետությամբ չեն ավարտվել եւ, ըստ էության, այդ կառուցակարգերի պատճառով չեն կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահին, բայց խորհրդարանական կառավարման ձեւի ժամանակ առաջին դեմքին պաշտոնանկ անելը շատ հեշտ է։ Խորհրդարանական կառավարման ձեւում վարչապետին ցանկացած ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը կարող է պաշտոնանկ անել եւ ընտրել նոր վարչապետի»,–ասաց նա՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման ձեւի ճկուն համակարգի պայմաններում պետական մարմնի կամ պետական մարմնի պաշտոնատար անձանց փոփոխության շատ ավելի մատչելի լինելն ավելի է մեծացնում ժողովրդավարության մակարդակը. «Հիմա խորհրդարանական կառավարման ձեւում, ըստ էության, ժողովրդին պատկանող իշխանությունն ավելի կատարելագործված է, քան կիսանախագահականի կամ նախագահականի դեպքում։ Դա ավելի է մեծացնում ինչպես պատասխանատվությունը, այնպես էլ աշխատանքի արդյունավետությունը։ Նկատի ունեմ, որ իշխանությունն այժմ մեր երկրում պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե պետությանը։ Պետությունը, որպես այդպիսին, ժողովրդի ծառան է»։
Սահմանադրագետը շեշտեց, որ փոփոխություններով կառավարության դերը միանշանակ բարձրանում է. «Ի՞նչ առումով. թեպետ այժմ եւս նախագահը համարվում է պետության գլուխ, սակայն կիսանախագահական կառավարման ձեւի ժամանակ նախագահի լիազորությունները հիմնականում կենտրոնացած էին գործադիր իշխանության ոլորտում։ Որպես օրինակ նշեմ մարզպետների նշանակման վերաբերյալ կառավարության որոշումը վավերացնելը կամ ազգային անվտանգության, պաշտպանության, արտաքին հարցերի վերաբերյալ կառավարության նիստեր հրավիրելը եւ այլն։ Այն ժամանակ նախագահը կարող էր ցանկացած նախարարի հեշտությամբ աշխատանքից ազատել եւ նորին նշանակել։ Բացի այդ, տնտեսության վիճակի, քաղաքական համակարգի եւ այլնի ամբողջ պատասխանատվությունը նախագահի վրա էր ընկնում, եւ հիշում ենք, թե մինչեւ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունը քանի վարչապետ փոխվեց։ Ըստ էության, վարչապետների հաճախակի փոփոխությունը պայմանավորված էր այն բանով, որ վերջինների դերակատարությունը նախագահական համակարգում ածանցյալ էր, եթե մի քիչ կոպիտ արտահայտվեմ՝ վարչապետը նախագահի օգնականն էր։ Իսկ այժմ արդեն խորհրդարանական կառավարման ձեւի պայմաններում վարչապետը համարվում է իր ամբողջ համակարգով գործադիր իշխանության ղեկավար»։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|