ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 13 » Քաղաքական երկխոսության բարձր մակարդակ /Սերժ Սարգսյանի  հայտարարությունը /
15:35
Քաղաքական երկխոսության բարձր մակարդակ /Սերժ Սարգսյանի  հայտարարությունը /

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեկ անգամ եւս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երեւանում։ Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն եւ այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում՝ նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը։
Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Ռադեւի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը եւ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ—բուլղարական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ։
Այդ հանձնառության վկայություններն են նաեւ քիչ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջեւ ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը։ 
Անշուշտ, շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, ուստի սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ—բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաեւ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ 
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, որը նկատելիորեն դրսեւորվում է մասնավորապես ՄԱԿ—ի կառույցներում միմյանց ցուցաբերվող աջակցությամբ։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել մեր բազմակողմ համագործակցությունը։
Իհարկե, քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը. գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել։ Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, եւ պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում եւ, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաեւ բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները. խոսքս թե՛ ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության, Հայաստան—ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների։
Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման եւ մարդկային շփումների խրախուսման կարեւորությունը։ Հայ եւ բուլղար ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունը սնելն ու ամրապնդելը մեր բարոյական պարտքն եմ համարում։ Ի դեպ, պարոն Ռադեւ, շատ ուրախ եմ, որ ցանկություն եք հայտնել այցելելու «Թումո» ստեղծարարական կենտրոն։ Լիահույս եմ, որ այցը տպավորիչ կանցնի՝ ծնելով համագործակցության նոր գաղափարներ։ 
Անշուշտ, անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին. այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարեւոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաեւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարեւորում ենք, որ ՀՀ—ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը եւ նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին։ 
Պարոն նախագահ, մեր հանդիպումը, իհարկե, ես գնահատում եմ արդյունավետ։ 
Մենք հնարավորություն ենք ունենալու օրվա ընթացքում, ինչպես նաեւ վաղը նորից խոսելու մեր հարաբերությունների զարգացման մասին եւ, իհարկե, հույս եմ հայտնում, որ հայ—բուլղարական քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը, արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ, ավելի կընդլայնվեն եւ կզարգանան։ Ես նաեւ վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, եւ, իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա։


Ռումեն Ռադեւի հայտարարությունը 
 

Հարգելի՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Նախ ուզում եմ մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել ձեր հրաշալի երկիրն այցելելու հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար։ Ուզում եմ ընդգծել, որ մեր երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները պարզապես ավանդական լավ չեն, այլ նախ եւ առաջ բարեկամական են, որովհետեւ մեր երկու ժողովուրդների միջեւ կան խոր պատմական եւ մշակութային կապեր, համակրանք եւ փոխադարձ հարգանք, ինչպես նաեւ ճակատագրի ընդհանրություններ։
Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաեւ քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը։ Մեզ համար կարեւոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք։ Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից։ Մեր ժողովուրդները մեզնից ակնկալում են ավելի սերտ եւ արդյունավետ համագործակցություն։ Մենք դա իրենց պարտական ենք եւ դրա համար այսօր այստեղ ենք, որպեսզի զարգացնենք փոխգործակցությունը։
Նախագահ Սարգսյանի հետ միասին քննարկեցինք մեր երկկողմ փոխհարաբերությունները, գոհունակություն հայտնեցինք վերջին տասը տարում մեր տնտեսական հարաբերությունների կայունության համար, բայց միեւնույն ժամանակ համարում ենք, որ ապրանքաշրջանառությունը բավարար չէ։ 
Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն եւ առավել ընդլայնել ոլորտները։ Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից իսկ սկսեցինք աշխատել. փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, եւ որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները։ Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջեւ, որը մեծ առաջընթաց է։
Հայաստանի նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսից ծոց—Սեւ ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում։ Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում։ 
Այսինքն՝ բոլոր այն հաղորդակցության հնարավորությունները, որ ունենք տրասնպորտային եւ այլ ոլորտներում, պետք է օգտագործել զարգացնելու համար մեր տնտեսական փոխհարաբերությունները։ Շատ կարեւոր եմ համարում համաձայնագրերի ստորագրումը, հատկապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը։ Մնացած համաձայնագրերը նույնպես շատ կարեւոր են, ինչը նշանակում է մեր փոխհարաբերությունների նոր մակարդակ, արդիականացում։ Մշակույթի ասպարեզում եւ նաեւ գաղտնի տեղեկությունների հարցում ստորագրված փաստաթղթերը եւս շատ կարեւոր են։
Մենք ողջունում ենք ԵՄ—ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որովհետեւ դա մեծ հնարավորություն է տալիս, որ մեր երկու պետությունների տնտեսությունների միջեւ ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը։
Մենք խոսեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, որը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարեւոր գերակայություններից մեկը՝ դա Արեւմտյան Բալկանների հարցն է մեր նախագահության ընթացքում։ Բայց Բուլղարիան հանձնառու է Արեւելյան գործընկերության ծրագրի կատարման, ինչպես նաեւ սեւծովյան տարածաշրջանի եւ Կովկասի զարգացման գործում։
Ուզում եմ նշել, որ մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք նաեւ կրթության եւ մշակույթի ասպարեզում։ Այն, ինչ մենք այսօր Ձեզ հետ քննարկեցինք, պարո՛ն նախագահ, նոր լիցք կհաղորդի այդ փոխհարաբերություններին։
Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլեւ բավականին լավ եւ արդյունավետ կերպով ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային եւ գիտական կյանքում։ Դա կենդանի կամուրջ է մեր երկու պետությունների միջեւ, որը մենք պետք է ամրացնենք։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության համար եւ խորապես հավատում եմ, որ այս այցը նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների համար եւ կլինի փոխշահավետ։

Շնորհակալություն։

Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին
 

Միրոսլավա Շտեֆանովա,  Բուլղարական ազգային ռադիո.
–Պարոն Ռադեւ, որո՞նք են այն հնարավոր ոլորտները, որտեղ Բուլղարիան եւ Հայաստանը կարող են խորացնել իրենց փոխհարաբերությունները, որպեսզի դա անդրադառնա ապրանքաշրջանառության աճի, տնտեսական փոխհարաբերությունների զարգացման վրա եւ ընդհանուր առմամբ դրական ազդեցություն ունենա տնտեսության վրա։
Ռումեն Ռադեւ.
–Առաջին հերթին ասեմ, որ դա մեր հաղորդակցությունն է։ Մենք պետք է այնպես զարգացնենք մեր տրանսպորտային կապերը, որ հնարավորություն տանք ե՛ւ գործարարներին, ե՛ւ զբոսաշրջությանը, ե՛ւ քաղաքացիներին միմյանց հետ շփվել շատ լավ եւ ինտենսիվ։ Դրա համար ցանկացած հաղորդակցությանը՝ լինի տրասնպորտային, էներգետիկ, պարոն Սարգսյանի հետ միասին շատ մեծ նշանակություն ենք տալիս։ Այս իսկ պատճառով մեծ նշանակություն ենք տալիս Պարսից ծոց—Սեւ ծով միջանցքին։ Ամենամեծ խնդիրը ուղիղ չվերթների պակասն է, բայց մենք, ինչպես գիտեք, պետական ազգային ավիափոխադրող չունենք եւ դրա համար ուղղակի հույս պետք է ունենանք, որ բարենպաստ պայմաններ կստեղծվեն մասնավոր ավիաընկերությունների համար, որպեսզի ուղիղ չվերթներ բացվեն։ Շատ կարեւոր է մեր համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, որովհետեւ տարածաշրջանի կայունությունը տնտեսական զարգացման հնարավորություն կտա, որից ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Բուլղարիան շատ մեծ օգուտ կունենան։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միաժամանակ ԵՄ—ի հետ ստորագրել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որից Բուլղարիան եւս կարող է շատ մեծ տնտեսական օգուտներ քաղել։
Ավանդաբար շատ կարեւոր է համագործակցության զարգացումը մշակույթի, ինչպես նաեւ կրթության ոլորտներում։
Հավելեմ, որ պարոն Սարգսյանի հետ խոսեցինք նաեւ անվտանգության ասպարեզում մեր համագործակցության մասին, որը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ակտիվ մասնակից է՝ մասնակցում է զորավարժություններին։ Մենք կարող ենք փոխադարձաբար օգտակար լինել՝ հայկական կողմը կարող է ներկա լինել բուլղարական կողմի զորավարժությանը, ինչպես նաեւ դա կարող է լինել փոխադարձ։
Մայա Խաչատրյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն. 
–Հարցս ուղղում եմ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Բուլղարիայի նախագահներին։
Որոշ փորձագետներ Ադրբեջանի նախագահական ընտրությունների տեղափոխումը ապրիլ ամիս կապում են այդ երկրի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացի կամ այն արագացնելու ցանկության հետ։ Ըստ ձեզ՝ որո՞նք են այս որոշման դրդապատճառները։
Եվ եթե կարելի է, պարո՛ն Ռադեւ, հաջորդ հարցս ուղղում եմ Ձեզ. ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի մոտեցումները։ Կներկայացնե՞ք ձեր երկրի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ։ Արդյոք այն համընկնո՞ւմ է ԵՄ—ի դիրքորոշման հետ։ Շնորհակալություն։
Սերժ Սարգսյան. 
–Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը եւ մի քանի անհատներ, եւ դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ։ Բայց այն տեսակետը, որ Դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետեւ չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու։ Նախկինում՝ նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին։ Անկախ նրանից Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով։ Մինչեւ նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ եւ զառանցել Երեւանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որեւէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել։
Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել եւ հասնել խնդրի լուծմանը։ Բայց, ցավոք, մեր ասածները դեռեւս մնում են ցանկություններ։
Ինչ վերաբերում է Բուլղարիայի Հանրապետության դիրքորոշմանն այս խնդրում, ես պարոն նախագահ Ռադեւին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար։ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշմանը եւ միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը ընդհանուր քաղաքականության շրջանակներում է։ Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել եւ կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է։ 
Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում։ Մենք վստահում ենք մեր բարեկամներին եւ գիտենք նրանց իրական դիրքորոշումը։ Ես շատ լավ հասկանում եմ նաեւ այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին։ Դրանք ժամանակավոր երեւույթներ են եւ պետության դիրքորոշման մասին չեն խոսում։
Ցանկացած երկրի որեւէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որեւէ պաշտոնյայի հետ, բայց մենք պիտի տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի Սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին։ Բայց այս հարցով մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում. 2017թ. նոյեմբերի 24—ին ԵՄ—ի հետ ստորագրված փաստաթղթում կան շատ հստակ ձեւակերպումներ եւ լուծման տեսլականներ։ ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Շնորհակալ եմ։
Ռումեն Ռադեւ.
–Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ—ի օգնությամբ, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ, եւ որ շատ կարեւոր է՝ երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության միջոցով։ 
Մի երկխոսություն, որը, կարծում ենք, ավելի քիչ պետք է հենվի զգացմունքների եւ ավելի շատ՝ խոհեմության վրա։ Բուլղարիան, որպես ԵՄ խորհրդի նախագահ, կաջակցի, որ այս դիրքորոշումը իրականացվի։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024