Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին։ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ։
Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 28 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից։ Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգեւին արժանացել են 366 ուսանող եւ աշակերտ։
Պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ։
«Հարգելի՛ պարոն Թորոսյան,
Սիրելի՛ գործընկերներ,
Նախ եւ առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին եւ աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ։ Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է։ Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգեւ էլ ստանալու։ Դա մեր հայրենակից պարոն Վահե Թորոսյանի՝ այս ոլորտում շատ մեծ հաջողությունների հասած անհատի հետ անկաշկանդ շփվելու հնարավորությունն է։ Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում լիարժեք օգտվել նաեւ այս հնարավորությունից։
Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության հանձնաժողովին՝ պատասխանատու եւ ծավալուն աշխատանք կատարելու համար։ Հավատում եմ, որ պարգեւատրվում են ամենաարժանավորները։ Տասնմեկ տարի առաջ հիմնված այս պարգեւներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարեւոր քայլ։ Տարեցտարի մենք տեսնում ենք այս ոլորտում որդեգրած մեր քաղաքականության դրական արդյունքները։ Տեսնում ենք մեր ընտրության ճշմարտացիության եւ հեռանկարի ապացույցները։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաեւ որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են։ Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով։ Այսօր Վահեի հետ խոսելիս մենք նշեցինք, որ այս ոլորտում կադրերի շատ մեծ պահանջարկ կա, եւ ոլորտի զարգացման կարեւորագույն պայմանը այդպիսի կադրերի ուսուցումն է։ Մենք, իհարկե, նոր թափ ենք հաղորդելու այս գործընթացին։ Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ մենք ունենք հնարավորություններ, որոնք բխում են նախ՝ մեր կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոչ միայն մեր ցանկությունից, այլ նաեւ արդեն գործողություններից, եւ բնական է՝ նաեւ դպրոցից դուրս այն հնարավորություններից, որ մեզ տալիս է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն ասեմ, թե՞ ասեմ գերազանցության կենտրոն, համենայնդեպս, կենտրոն, որտեղ ստանում են գիտելիք, հաճույքով զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ։ Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է եւ պետք է դառնա մեր տնտեսության կարեւոր մաս, մեր տնտեսական զարգացման կարեւոր խթան։
Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ։ Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձեւավորում են հասարակության որոշակի շերտ։ Սա մտավորականության՝ 21—րդ դարին բնորոշ նոր խավ է։ Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ու քաղաքակրթական կարեւոր ցուցանիշ է։ Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին։ Նրանք առաջ են քաշում կրթության եւ առողջապահության նկատմամբ ավելի բարձր պահանջներ՝ միաժամանակ ներկայացնելով ծրագրեր եւ առաջարկություններ։ Նրանք առաջ են քաշում նաեւ քաղաքական ու տնտեսական ազատությունների ավելի բարձր մակարդակ ապահովելու պահանջներ։ Եվ դա օրինաչափ է։ Սա առաջընթացի ճանապարհ է, եւ մեր դեպքում հենց սա՛ է միայն առաջընթացի ճանապարհը։
Շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս, սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս հաջողության կապակցությամբ»։
ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՏՏ բնագավառում կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է բացահայտել եւ խրախուսել տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների եւ դպրոցների լավագույն ուսանողներին եւ աշակերտներին՝ ուղղորդելով նրանց ինչպես տեխնոլոգիական ձեռներեցության, այնպես էլ տեղեկատվական գիտակրթական ոլորտներ։
Նա ընդգծեց մի կարեւոր հանգամանք, որ այս տարի մեր դպրոցականները միջազգային օլիմպիադաներից բերել են 20 մեդալ, ավելի շատ, քան Թուրքիան եւ ավելի շատ, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած. «Սա, հիրավի հպարտանալու փաստ է։ Բայց, եթե մենք այս ցուցանիշներով առաջատար ենք նշված տարածաշրջանային երկրների մեջ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն եւ կենսաբանություն առարկաներից, ապա ինֆորմատիկա առարկայից ստացած 3 բրոնզե մեդալներով առաջատար չենք։ Իսկ տեղեկատվական եւ hեռահաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) ոլորտային առարկան դպրոցում հենց ինֆորմատիկան է»։
Նրա խոսքով, մրցանակաբաշխության արդյունքների հետազոտման հանձնաժողովի անդամները հանգել են այն եզրակացության, որ բնագիտական հոսքով շատ դպրոցների երեխաներ, նույնիսկ օլիմպիադաներից մեդալներ բերողները, մասնագիտական կողմնորոշման առումով երբեմն ընտրում են հումանիտար հոսքերը. «Դա շատ մտահոգում է մեզ եւ իրականում չի համընկնում այս մրցանակաբաշխության տրամաբանությանը։ Սա էր պատճառը, որ այս տարվա սեպտեմբերի 1—ից հինգ ավագ դպրոցներում «Սինոփսիսի», «ՎիվաՍելի», «Յունիքոմփի» եւ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ քառակողմ պիլոտային ծրագիր է իրականացվում, եւ երեք առարկաներ՝ «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցություն», դարձել են պարտադիր առարկաներ»։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի այս ծրագրին կմիանա եւս տասը դպրոց, եւ մինչեւ 2020 թվականը հանրապետության մոտ 70 ավագ դպրոցներում այս երեք առարկաները կդասավանդվեն պարտադիր հիմունքներով. «Մենք շատ հպարտ ենք, որ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է իրականացվում նման ծրագիր։ Շատ փորձագետներ, այդ թվում՝ եւ զարգացած երկրներից, նշում են, որ իրենց երկրներում վաղուց խոսում են այս մասին, սակայն Հայաստանն առաջինն այս քայլը կատարեց եւ եթե դրան գումարենք այն, որ ոլորտում 2000—2500 որակյալ աշխատակիցների պահանջարկ կա, ապա նաեւ այս ծրագրի միջոցով այդ խնդիրը մոտ ապագայում կլուծենք եւ լուրջ հիմքեր կստեղծենք նոր վերազգային կորպորացիաների մուտքը Հայաստան ապահովելու համար, որովհետեւ այստեղ գլխավորը կրթության որակն է, եւ նմանատիպ ծրագրերի միջոցով մենք կրթության որակի խնդիր ենք լուծում»։
«Ինձ համար շատ տպավորիչ է այս մրցանակաբաշխությունը։ Ծնված լինելով Փարիզում եւ ստանալով հայկական դաստիարակություն՝ կարծես վերադառնում եմ արմատներիս։ Իմ սիրտը միշտ Հայաստանում է եղել»,–ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը։ Նա ընդգծեց, որ քրտնաջան աշխատանքը միակ ճանապարհն է հաջողության հասնելու, հարազատ երկրին օգտակար լինելու։
«Երբ 2006 թվականին որոշեցի Հայաստանում բացել «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը, ես առաջին հերթին մտածում էի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասին։ Չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքն է, եւ հատկապես թվային եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում, երբ ամեն օր աշխարհի մի որեւէ կետում ինչ—որ մեկը ինչ—որ նոր բան է ստեղծում, որը կարող է փոխել ամեն ինչ այն բանի համեմատ, ինչ սովորել ենք։ Միայն անընդհատ նշաձողը բարձրացնելով է հնարավոր լինել առաջինը,–ասաց նա երիտասարդներին մաղթելով դառնալ Բիլ Գեյթսեր եւ Հայաստանին օգնել դառնալու լավագույնն աշխարհում եւ լավագույն ձեռքբերումներ ունենալ ՏՏ բնագավառում.–Այսօր մեծապես կապակցված աշխարհում կարող ես լինել փոքր երկիր, բայց մեծ երազանքներ ունենալ»։ Իսկ այն երիտասարդներին, ովքեր «Մայքրոսոֆթ» ընկերությունում աշխատելու երազանքն ունեն, կոչ արեց շարունակել քրտնաջան աշխատել. «Մենք յուրաքանչյուր տարի կրթաթոշակներ ունենք, եւ երբ պատրաստ լինեն՝ կարող են մասնակցել մեր ծրագրին»։ Իսկ թե արդյո՞ք ազգանվան «յան»—ով վերջանալը այդ հարցում որոշիչ կլինի, նա ասաց, որ ինչպես արդեն նշել է իր սիրտը Հայաստանում է եւ եթե տեսնում է, «յան»—ով ազգանուն, ավելի ուշադիր է լինում։
Իսկ մրցանակ ստացած երիտասարդները գոհ են եւ ոգեւորված։ ԵՊՀ ասպիրանտ Ներսես Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ իր մրցանակը ՏՏ ոլորտում նախագահի առաջին կարգի կրթական պարգեւ է լավագույն ասպիրանտ կոչման համար. «Այս պահին ասպիրանտուրան արդեն ավարտել եմ, շարունակելու եմ դասավանդել ԵՊՀ—ում, զուգահեռ նաեւ զբաղվում եմ ՏՏ ոլորտում պրակտիկ գործունեությամբ։ Ունենք ընկերներով հիմնած փոքրիկ ընկերություն, որի օգնությամբ փորձելու ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»։
«Այս մրցանակը առաջին հերթին կմոտիվացնի ինձ, որպեսզի հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենամ եւ օգտակար լինեմ Հայաստանում զարգացող ՏՏ ոլորտին»,–ասաց լավագույն աշակերտ համարված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Գեւորգ Սայադյանը։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4—րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Մանուկյանն էլ, ով հաղթել է լավագույն ուսանողուհի բակալավր առաջին կարգ անվանակարգում, շատ ուրախ է եւ ոգեւորված. «Կարելի է ասել, որ սպասված մրցանակ էր, որովհետեւ դեռ մանկուց փորձել եմ իմ բնագիտական ներուժը ճիշտ օգտագործել, եւ դրա վառ ապացույցն է, որ այսօր ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողուհիներից մեկն եմ, նաեւ «Սինոփսիս» ընկերության ուսումնական դեպարտամենտի ուսանողուհի եմ։ Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, որովհետեւ իսկապես ոգեւորող է, իսկապես մոտիվացնող եւ խթանում է ՏՏ ոլորտում իգական սեռի ներկայացուցիչների քանակի մեծացումը։ Մոտ ապագաս տեսնում եմ «Սինոփսիս» ընկերության մագիստրատուրայում, որովհետեւ իսկապես շատ լավ բազա տրված է ԵՊՀ—ի կողմից, իսկ «Սինոփսիսը» հնարավորություն է ընձեռում նեղ մասնագիտական գիտելիքներ եւ աշխատանք ձեռք բերել»։
Նշենք, որ նախագահի կրթական պարգեւի հուշախորհրդանիշը ներկայացնում է ճարտարագիտական բնագավառում Հայաստանի գերազանցության հարատեւ ավանդույթների եւ ՏՏ ապագայի համաշխարհային տեսլականը։ Այն ապակյա հիմքի վրա կանգնեցված բյուրեղապակյա ուղղանկյուն է՝ ամրացված ոլորաձեւ բրոնզե պարուրակով։ Պարուրակը, մասնավորապես, մարմնավորում է շարունակական զարգացումը ՏՏ ոլորտում։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|