ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Քայլեր, որոնք կուղղորդեն դիմագրավելու մարտահրավերներին
17:39
Քայլեր, որոնք կուղղորդեն դիմագրավելու մարտահրավերներին

Երբ թյուրքական տարրը անընդհատ էներգետիկ պատերազմ է նախաձեռնում
Տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ—տնտեսական արագընթաց փոփոխությունների, արտակարգ իրավիճակների, պատերազմի եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու, ԵՄ—ի, ՌԴ—ի, ԱՄՆ—ի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող էներգետիկ քաղաքականության պայմաններում տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի ներգրավվածությունը երաշխավորելու, վառելիքաէներգետիկ պաշարների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարեւորությամբ պայմանավորված ՀՀ—ն այլեւս ունի երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ձեւը՝ ամրագրված համապատասխան փաստաթղթով։
«Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում եւ այդ ենթատեքստում էներգետիկան, որպես հասարակության զարգացում ապահովող կարեւորագույն ոլորտ, իր որակական եւ քանակական զարգացումներով կոչված է ապահովելու երկրի առաջընթացն ու տնտեսության զարգացումը։ Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման եւ հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար։ Մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործումն ու լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ։ Քանի որ Հայաստանում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները, էներգետիկ անվտանգության ապահովման խնդրի լուծումը պայմանավորվում է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի զարգացմամբ»,—համոզված են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում։ Հատկապես վերջին ոլորտի զարգացումը մասնագետները շատ են կարեւորում ոչ միայն տնտեսության, այլեւ հենց երկրի անվտանգության ու անկախության առումով։
Ի՞նչ է նշանակում էներգետիկ համակարգի անվտանգություն, ինչպե՞ս է դա ապահովվելու, անվտանգության տեսակետից կարեւոր ի՞նչ խնդիրներ են արծարծվել, որոնք արձանագրվել են ու լուծում են պահանջում, արտաքին ի՞նչ մարտահրավերներ են հաշվի առնվել ու անվտանգության ուղիներ նախանշվել։

Սպառնալիքներ՝ արտաքին ու ներքին հատվածում

Էլեկտրակայանների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում բացահայտվել է, որ՝ 1. տեղակայված արտադրական հզորությունների 38%—ը շահագործվել է ավելի քան 40 տարի, 2. ՋԷԿ—երի հիմնական սարքավորումների աշխատանքի տեւողությունը հասել է սահմանային 200 հազ. ժամի, իսկ դրանց տեխնիկատնտեսական եւ բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին, 3. ՀԷԿ—երում (ՁորաՀԷԿ, Սեւան—հրազդանյան կասկադ, Որոտանի ՀԷԿ—երի համակարգ) տեղակայված սարքավորումների 70%—ը շահագործվել է ավելի քան 40 տարի, իսկ 50% —ը՝ ավելի քան 50 տարի։ Մի խոսքով, ժամանակի հրամայական է դարձել արտադրական հզորությունների սերնդափոխության եւ արդիականացման հարցը։ Սարքավորումների սերնդափոխության եւ արդիականացման պահանջարկ կա նաեւ էլեկտրաէներգիայի ու բնական գազի հաղորդման եւ բաշխման ցանցերում։ Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի փլուզման հետեւանքով ջերմամատակարարման ոլորտում զարգացումներն ընթանում են հիմնականում անհատական եւ տեղային ջերմամատակարարման ընդլայնման ուղղությամբ։ Ոլորտում քայլեր են արվել՝ ուղղված համակարգի տեղաշարժին։ Օրինակ՝ վերակազմավորման են ենթարկվել էլեկտրաէներգիայի եւ գազի սեկտորները։ Մասնավորեցվել են գազամատակարարման համակարգը եւ բաշխիչ էլեկտրացանցը, ՀԷԿ—երի Սեւան—հրազդանյան կասկադը, Հրազդանի ՋԷԿ—ը, առավելագույնի է հասցվել բաժանորդներից վարձավճարների գանձման մակարդակը, ստեղծվել են էլեկտրաէներգետիկական շուկայի սպասարկումն ապահովող «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» եւ «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները եւ ներդրվել է շուկայի հետագա ազատականացմանը նպաստող էլեկտրաէներգիայի մեծածախ առուվաճառքի արտադրող—բաշխող ուղիղ պայմանագրերի համակարգը։ Կառուցված է Իրան—Հայաստան գազամուղը։ Ներդրված է էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման ավտոմատացված համակարգը։ Արտադրող կայանների ռեժիմների օպտիմալացման արդյունքում հաջողվել է պահպանել էլեկտրաէներգիայի արտադրության հնարավոր նվազագույն սակագինը (գնահատականը նախարարությանն է)։ Շարունակվում է ենթակայանների արդիականացումը։ Կառուցված Իրան—Հայաստան էլեկտրահաղորդման երկրորդ գիծը։ Ավարտված են էլեկտրաէներգիա բաշխող ցանցի 110 կՎ լարման թվով՝ 17 ենթակայանների արդիականացումն ու էներգահամակարգում SCADA համակարգի աստիճանական ներդրումը։ Շահագործման է հանձնված 2,6 ՄՎտ հզորությամբ տարածաշրջանում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը, Երեւանի ՋԷԿ—ի նոր շոգեգազային համակցված ցիկլով էներգաբլոկը՝ 240 ՄՎտ տեղակայված էլեկտրական հզորությամբ։ Մշտապես իրականացվում են ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ 
Մի խոսքով, կա արված գործ, կան անելիքներ։ Ու այս ամենին զուգահեռ կան սպառնալիքներ։ Էներգետիկների լեզվով «սպառնալիք» ասվածը այն գործոններն են, որոնք կարող են խափանել երկրի էներգետիկ կարիքների բավարարումը։ Ըստ այդմ էլ կան ներքին ու արտաքին սպառնալիքներ։ Էներգետիկ անվտանգության ներքին սպառնալիքներն են՝ 1. էներգահամակարգում շահագործվող սարքավորումների եւ մեխանիզմների ֆիզիկական եւ բարոյական մաշվածության բարձր աստիճանը, 2. արտաքին եւ սեփական ներդրումային ռեսուրսների խիստ նվազումը, նախագծային եւ շինարարական—մոնտաժային աշխատանքների թերֆինանսավորումը, 3. վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկությունների եւ դրանց ապահովող ճյուղերի վերակառուցման, տեխնիկական վերազինման աշխատանքների դանդաղումը, 4. Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի փոխարեն նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացների խափանումը, 5. ոչ համարժեք սակագնային քաղաքականության իրականացման հետեւանքով վառելիքաէներգետիկ ռեսուրսների գնային անհամաչափության ի հայտ գալը, արդյունքում՝ սահմանվող սակագները չեն ապահովում նորմատիվ նորոգումների եւ սպասարկումների իրականացման ծախսերը, 6. էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի նվազումը, 7. վառելիքաէներգետիկ պաշարների ոչ արդյունավետ եւ ոչ խնայողաբար օգտագործումը, 8. էներգահամակարգի ընկերությունների սարքավորումների վերանորոգման, սպասարկման եւ շինարարա—հավաքակցման աշխատանքների իրականացման ոչ բավարար ծավալները՝ սակագներում նախատեսված միջոցների անբավարարության պատճառով, սարքավորումների մաշվածության անթույլատրելի բարձր մակարդակը, 9. խոշորամասշտաբ նախագծերի իրականացման խաթարումը՝ ծանր եւ մեծ չափերի սարքավորումների ներկրման ուղիների բացակայության պատճառով, 10. բնական աղետները, տեխնածին վթարները եւ այլն։ Ինչ վերաբերում է արտաքին սպառնալիքներին, ապա դրանք հետեւյալն են՝ 1. վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումները, ինչից մենք կախված ենք մշտապես, 2. Վրաստանի տարածքում գտնվող գազատարի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ ընկերության կողմից՝ ուղղակիորեն կամ որեւէ այլ ընկերության միջոցով (հասկանալի է, սա ինչ հետեւանքների կբերի, եթե թյուրքական տարրը որոշի միանգամից էներգետիկ պատերազմ նախաձեռնել), 3. նավթամթերքների ներկրման կարճաժամկետ կամ առավել վտանգավոր՝ երկարաժամկետ խափանումները, 4. հյուսիսային գազատարի երկարատեւ խափանումը կամ հյուսիսային եւ հարավային գազատարների միաժամանակյա խափանումը՝ մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում, 5. տարածաշրջանային վառելիքաէներգետիկ ծրագրերից դուրս մնալու մշտապես շարունակվող եւ խորացող գործընթացները եւ դրա հետեւանքով էներգետիկ աղբյուրների տարատեսականացման մակարդակի անկումը, 6. վառելիքաէներգետիկ պաշարների շուկայում գների կտրուկ փոփոխությունը (հասկանալ՝ աճը), արտահանող, ինչպես նաեւ տարանցիկ երկրներում քաղաքական անկայունությամբ պայմանավորված տարանցման ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները, 7. Հայաստանի եւ Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի խափանումներն ու Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հայտնվելը մեկուսացած իրավիճակում, 8. Թուրքիայի կողմից Ախուրյան եւ Արաքս գետերի մակարդակների իջեցումը, որը կարող է նվազեցնել Արաքս գետի վրա Հայաստանի եւ Իրանի կողմից համատեղ կառուցվող ՀԷԿ—երի հզորությունները, 9. տարածաշրջանային քաղաքական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտների նկատմամբ ահաբեկչական գործողություններով։

Որն է ելքը

Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են քայլեր։ Քայլեր, որոնք անվտանգության ուղիները էլ ավելի կպնդացնեն։ Դրա համար, ըստ մասնագետների, առաջին հերթին պետք է շարունակել զարգացնել ատոմային էներգետիկան, եւ հետո՝ տարատեսակացնել էներգառեսուրսների մատակարարումը։ Կարեւոր մեկ քայլ էլ կա՝ ինչքան էլ թյուրքական տարրին հաջողվում է մեզ, գոնե այսօրվա դրությամբ, դուրս թողնել էներգետիկ տարածաշրջանային զարգացումներից, փորձել ներգրավվել տարատեսակ ծրագրերում, որովհետեւ ի վերջո կգա մի պահ, որ ծրագրերում ձեռնտու կլինի մեր մասնակցությունը՝ նաեւ արտաքին քաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Ու նաեւ քայլեր կարվեն ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը պատերազմի պայմաններում։ Իսկ սրա համար նախ անհրաժեշտ է անվտանգության համակարգի զարգացման եղանակներ ունենալ։ Դրանք են՝ 1. էներգետիկ անվտանգության սպառնալիքների բնույթի եւ սրության բացահայտումը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, 2. էներգետիկ անվտանգության ապահովման իրավական հիմքերի եւ տնտեսական մեխանիզմների կատարելագործումը, 3. տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրումը՝ արտահանման ներուժի ստեղծմամբ, 5. սեփական էներգառեսուրսների իրացմանն ուղղված հետեւողական քաղաքականության իրականացումը։
Նախանշված քայլերը հաջողությամբ իրականացնելու համար գործողությունների ծրագիր կա մինչեւ 2020թ.—ն։ Այդ ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում շահագործման կդրվեն նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, տնտեսության զարգացումը կապահովվի գոյություն ունեցող ենթակառուցվածքների ինտենսիվ շահագործմամբ։ Կներդրվեն էներգաարդյունավետ եւ էներգախնայող տեխնոլոգիաներ, ինչը կբերի ՀՆԱ միավորի էներգատարության կայուն մակարդակի պահպանում, իսկ հնարավորության դեպքում նաեւ՝ նվազեցում։ Էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պահանջվում են ֆինանսական ռեսուրսներ, երբեմն այն չափի, որ գերազանցում են մեր երկրի այսրոպեական հնարավորությունները (դարձյալ մասնագիտական գնահատականների համաձայն)։ Դրա համար նախ կարվեն այն գործերը, որոնք կարելի է անել հնարավորինս ցածր ծախսումներով ու երաշխավորել էներգետիկ անվտանգության գոնե բավարար մակարդակ։ Մի բան հաստատ է, թեկուզ քիչ ծախսերով կենսական երկու կարեւոր սկզբունքներ հաշվի կառնվեն՝ 1. կմատուցվեն անհրաժեշտ էներգամատակարարման ծառայություններ բոլոր քաղաքացիներին եւ կենսապահովման կարեւորագույն հիմնարկներին, այդ թվում նաեւ արտակարգ իրավիճակներում։ 2. Կարեւորագույն խնդիր պետք է դառնա պետական ներդրումեր պահանջող ծրագրերի ճիշտ դասավորվածությունն ըստ պահանջարկի եւ միջոցների աղբյուրների ընտրության առաջնահերթությունների, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց անցանկալի ազդեցությունը պետբյուջեի եւ սակագների վրա։ Եվ, արդեն որոշված է, պետությունն էլ իր հերթին ֆինանսական աջակցություն կցուցաբերի այն նախաձեռնություններին, որոնք կերաշխավորեն սոցիալ—տնտեսական զարգացումը, կունենան համազգային նշանակություն, կապահովեն երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության բավարար եւ հուսադրող մակարդակ։

Հ. Գ. — Էներգետիկայի բնագավառի մասնագետները բավականին համեստ են։ Ընդհանրապես ի պատիվ իրենց ասեմ, որ իմ բոլոր հարցադրումներին միշտ հոժարակամ ու համբերատար են պատասխանում՝ առանց հրապարակումներում իրենց անունների նշման պարտադրանքի։ Գոնե ինձ ծանոթ մասնագետները մշտապես կարեւորում են մասնագիտական խնդիրների ոչ մասնագիտական լեզվով ճիշտ արծարծումն ու դրանց լուծումը։ Ես էլ մշտապես շնորհակալությունս բանավոր եմ ասում։ Սակայն, այս անգամ ուզում եմ բացառություն անել ու բոլորին գրավոր ասել՝ «շնորհակալություն»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 461 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024