Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Վերջին ամիսներին, կարծում եմ՝ ե՛ւ Դուք, ե՛ւ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետեւ, կարծում եմ, ընդհանրապես կարեւոր եւ հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին եւ քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի եւ արդարության ճանաչման խնդիր է, այլեւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարեւոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաեւ որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում եւ այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։
Նաեւ տարին է ավարտվում, եւ շատ կարեւոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ 2—3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, եւ ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարեւոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար։ Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաեւ մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք, իհարկե, անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը եւ ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք։
Եվ, իհարկե, Դուք նշեցիք Ձեր դիրքորոշումը՝ կառավարության գործունեությանն աջակցելու եւ Ազգային ժողովի գործունեությանն աջակցելու առումով. շատ կարեւոր է արձանագրել, եւ ուրախ եմ արձանագրել, որ հանրապետության նախագահի, կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձեւավորված, եւ բավական լավ համագործակցություն կա։ Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, եւ, մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա»։
Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։
|