ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 01:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 5 » Ռազմական լուծում չի կարող լինել /Միջազգային կազմակերպությունների ու պետությունների արձագանքը /
13:13
Ռազմական լուծում չի կարող լինել /Միջազգային կազմակերպությունների ու պետությունների արձագանքը /

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին առաջինն արձագանքեցին ԵԱՀԿ անդամ երկրները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրան հաջորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, համաձայն որի՝ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ. «Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն հայտնեցին հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ։ Համանախագահները տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել էին ուժի կիրառումը եւ ցավ էին հայտնում անտեղի մարդային կորուստների, մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի համար։ Նրանք կոչ էին անում կողմերին դադարեցնել կրակը եւ տեղում իրավիճակի կայունացման համար նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, վերահաստատեցին, որ հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանն այլընտրանք չկա, իսկ պատերազմը տարբերակ չէ։
Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5—ին Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւս Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Կոչ էր արվել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության տարածքում ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։ 
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը խոր մտահոգություն է հայտնել շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ, ինչպես նաեւ մարդկային կորուստների համար, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում։
Նա նաեւ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ էր արել կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները։ 
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը եւս մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմամբ։ 
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս խոր ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող լրջագույն միջադեպերի եւ հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ, ինչի հետեւանքով զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ դեպքերն ամենալուրջն են 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո, երբ արդեն իսկ հակամարտության հետեւանքով զոհվել էր շուրջ 30 հազար մարդ։ «Ֆրանսիայի նախագահը հակամարտության կողմերին առավելագույնս զսպվածության կոչ է անում եւ հորդորում անհապաղ հարգել հրադադարի ռեժիմը։ Բանակցություններին այլընտրանքային ճանապարհ չկա։ Հանրապետության նախագահը, որը 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, հաստատում է առավելագույնս սեղմ ժամկետներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը»,–ասված էր Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
ԱՄՆ—ն արձագանքել է պետքարտուղար Ջոն Քերիի մակարդակով՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կորուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ «Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից եւ խստորեն հետեւել հրադադարին։ Ոչ կայուն իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչու պետք է կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության բազմակողմանի լուծում գտնելու հարցում։ Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատեւ եւ բանակցված լուծման»,—նշել է ԱՄՆ—ի պետքարտուղարը։
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տանող ճանապարհն անցնում է երկխոսության եւ փոխզիջումների միջով. «Խաղաղության վերականգման ճանապարհը միշտ եւ ամենուրեք անցնում է երկխոսության եւ փոխզիջումների միջով, եւ այդ երկխոսությանն ու փոխզիջմանը երկուստեք հարկավոր է ձգտել մշտապես»։
Երեկ Մոլդովայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղա—ադրբեջանական սահմանի լարվածությանը։ Նա եւս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական կարգավորում. «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել են թե նախագահ Վլադիմիր Պուտինը, թե արտաքին գործերի նախարարությունը, թե պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ես կապվել ենք Բաքվում եւ Երեւանում մեր գործընկերների հետ։ Մենք մեր լրջագույն մտահոգությունն ենք հայտնել՝ կրկնելով ՌԴ նախագահի կողմից արված ուղերձը հրադադարի ռեժիմի խախտումների շուտափույթ ու անհապաղ դադարեցման, բարդություններ չստեղծելու եւ խաղաղ կարգավորմանն անցելու ջանքերը վերսկսելու վերաբերյալ»։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Մինսկի խումբը մեծ մեխանիզմ է, եւ այն հստակեցրել է սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը։ Լուծումը պետք է գտնվի Հելսինկան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա։
Նա կողմնակալ է համարել ղարաբաղաադրբեջանական շփման գծում սկսված մարտերի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները. «Մենք չենք մեղադրում որեւէ կողմնակի ուժի ԼՂ լարվածության նոր դրսեւորումն առաջացնելու հարցում։ Մենք չենք մեղադրում Անկարային։ Իհարկե, մենք լսել ենք Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները, որոնք ունեն կողմնակալ բնույթ։ Մեր թուրք հարեւանների համար կարեւոր է այսուհետեւ այլ երկրների ներքին քաղաքականությանը չխառնվելու ուղղություն վերցնել՝ լինի դա Իրաքը կամ Սիրիան»։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Ապրիլի 2—ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ էր վարել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Մասնավորապես, նա հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»։ «Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանական կողմի գործողությունները ներկա դրությամբ տանում են իրավիճակի եւ հակամարտության սրման»,–ասել էր մամուլի քարտուղարը։ Նա ընդգծել էր նաեւ, որ Բորդյուժան ու ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։
Շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Նման հայտարարությամբ նույն օրը հանդես է եկել արտաքին գործերի եւ ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ «Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը եւ պահպանել հրադադարը։ Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն հետագա այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են բերել լարվածության աճի։ Եվրոպական միությունը ցավում է մարդկային կորուստների, մասնավորապես վիրավոր եւ սպանված քաղաքացիական անձանց համար»,–նշեց ԵՄ բարձ ներկայացուցիչը։
Եվրոպական միության ընդլայնան եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նույնպես խոր մտահոգություն է հայտնել մարտերի վերսկսմամբ։ 
Եվրոպայի խորհուրդը եւս կոչ է արել դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում՝ եւ քաղաքացիական անձանց կորուստների։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը. «Սարսափած եմ եւ խորապես մտահոգված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում թշնամական գործողությունների աճով։ Կոչ եմ անում կողմերին պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում երաշխավորված կյանքի իրավունքը եւ վերադառնալ հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին։ Սա մարդասիրական հրամայական է»։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նույնպես մտահոգություն  է հայտնել լարվածության աճով։ ԵԽ նախագահը գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում. «Կողմերին կոչ եմ անում վերադառնալ խաղաղ բանակցային գործընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը իր միկրոբլոգում գրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է հրադադարի խախտումներով։ «Կողմերը պետք է դադարեցնեն կրակը եւ կայունացնեն իրավիճակը»։
Մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հրադադարի ռեժիմին վերադառնալու եւ բռնությունները դադարեցնելու կոչերով հանդես եկել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը, Լատվիայի ԱԳ նախարարությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն, Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը, Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը։
Հարեւան Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւս հորդորել է ադրբեջանական ու հայկական կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած քայլից, որը կարող է լարվածությունն ավելի ուժեղացնել։ 
Վրացի քաղաքական եւ հասարական գործիչները եւս լրջորեն անհանգստացած են իրավիճակի կտրուկ սրմամբ։ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարեւոր երկրներ են. «Նրանց միջեւ ցանկացած հակամարտություն մեզ համար անհանգստության լուրջ առիթ է»։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Չեմ կարող անհանգստություն չհայտնել մեր հարեւան երկրներում իրադրության սրվելու կապակցությամբ։ Ցանկանում ենք հուսալ, որ միջազգային հանրակցության ջանքերով հնարավոր կդառնա լարվածության թուլացումը, ինչը խաղաղության եւ կայունության համար այնքան կարեւոր է մեր տարածաշրջանում եւ ոչ միայն»։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր. «Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների կարեւոր դերը։ Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը։ Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել նախկինում գոյություն ունեցած իրավիճակը՝ ստատուս քվոն»։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորապես անհանգստացած լինելով շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտման մասին վերջին հրապարակումներով, կոչ  է արել կողմերին անմիջապես դադարեցնել կրակն ու ձեռնարկել հրատապ քայլեր՝ իրավիճակի կայունացման համար. «Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին ամբողջությամբ հարգել հրադադարի համաձայնագիրն ու ձեռնարկել հրատապ քայլեր՝ իրավիճակի կայունացման համար»։
Արյունահեղությունը «խոր ցավ ու մեծ տագնապ են առաջացրել ԱՊՀ—ի բոլոր երկրներում»։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ—ի գործադիր կոմիտեի նախագահ—գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024