
Միշտ էլ հայ հասարակությունը ակնածանք ու ջերմություն է դրսեւորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի նպատակն են համարում մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը։ Զարմանալի չէ, որ հայոց առաջին ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրյալ գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի արժանացել մեզանում։
Ուսուցչի օրը բազմահազար աշակերտության ու ծնողների սիրելի տոներից է։ Այդ օրը նրանք հնարավորություն ունեն առանձնահատուկ անկեղծությամբ շնորհավորելու եւ երախտապարտություն հայտնելու իրենց կրթող մանկավարժներին։
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, վաղվա քաղաքացու ձեւավորման գործում։ Եթե բազմաթիվ ոլորտներում մասնագետների սխալը կարող է վճռորոշ նշանակություն չունենալ, ապա ուսուցչի սխալը կարող է ճակատագրական հետեւանքների հանգեցնել։ Ուստի անկախ առօրյա դժվարություններից, սոցիալական խնդիրներից, ուսուցիչները գիտակցում են, որ մեծագույն պատասխանատվություն է ավագ սերնդին հերթափոխ պատրաստելը։
Այս առումով, մասնագիտական տոնը պետք է եւս մեկ առիթ դառնա հասարակության մեջ արժեւորելու կրթության դերն ու այդ դժվարին առաքելությունը իրենց ուսերին տանող մարդկանց՝ ուսուցիչների վաստակը։
|