
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին եւ ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում։ Նշելով, որ Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում եւս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարեւոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ։ Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերով, այլ նաեւ արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով եւ օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է եւ օգտակար։ Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո եւ աշխույժ քննարկվում են։ «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, եւ անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս համագործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,–ասել է Քեննեթ Ֆորշլունդը։
Հանդիպմանը զրուցակիցները հայ—շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաեւ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կառավարման նոր համակարգի անցնելու՝ այս փուլում դրանց կարեւորությանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|