ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 08:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Սուտն ու կեղծիքը չեն կարող հարատեւել /Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը/
16:49
Սուտն ու կեղծիքը չեն կարող հարատեւել /Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը/

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ծիծեռնակաբերդի բարձունքը բազմամարդ էր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին խոնարհվելու էին եկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, քաղաքացիներ։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «Հայ ժողովուրդը պետք է աշխարհին հանգամանալից ներկայացնի, թե ինչպիսի ոճրագործություն է տեղի ունեցել 1915 թվականին»։ Նրա խոսքով՝ դա կօգնի աշխարհին հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ոճրագործությունը չկրկնվի։
«Պետք է դասեր քաղել պատմությունից, իսկ պաշտպանության նախարարության համար դասը հետեւյալն է՝ բարձրացնել անվտանգության երաշխիքները, բանակի մարտունակությունը»,–ասաց նա։ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացնում են համապատասխան քարոզչություն՝ բացահայտորեն ներկայացնելու ոճրագործության էությունն ու հեղինակներին։
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հավատում է Թուրքիայի զղջմանը։ Նա համոզված է՝ կգա օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ աշխարհում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ըստ նախարարի պաշտոնակատարի, կարեւոր առաքելություն ունի Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովը։ Իսկ մինչ այդ պահը Հ. Հակոբյանը երկակի զգացումներ է ապրում. «Եվ ցավի, եւ վերածնունդի զգացում ես ապրում։ Ցավ է, որ մենք կորցրել ենք մեկ ու կես մլն անմեղ մարդ, հայրենիք, մշակույթ, սակայն վերածնվել ենք»։ Նրա խոսքով, թշնամին չի կարողացել հասնել իր նպատակին, քանզի հայ ազգը աշխարհի տարբեր ծայրերում հաստատվել է ու կայացել։ «Հայ գենը ուժեղ է, կենսունակ է, վկան այսօրվա 10 եւ ավելի մլն ժողովուրդն է, որը բռունցքված պահանջում է աշխարհից, Թուրքիայից հայ դատի ճշմարտացի լուծումը»,–ասաց Հրանուշ Հակոբյանը՝ շեշտելով, որ «մեր պայքարը պետք է ավելի ահագնանա, համախմբվենք»։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը եւս վստահ է, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Նրա խոսքով, պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ մի նպատակի համար ամբողջ ժողովուրդը պայքարի 100 եւ ավելի տարիներ եւ արդյունքի չհասնի։
«Մի օր մենք հասնելու ենք արդյունքի, եւ այդ արդյունքը որքան հայ ժողովրդին է պետք, այնքան ավելի պետք է ողջ մարդկությանը, որպեսզի նման դեպքեր այլեւս չլինեն։ Հիտլերի խոսքերը, թե ով է հիշում Հայոց ցեղասպանությունն այսօր, պետք է դաս լինի ողջ մարդկության համար, որպեսզի նման երեւույթները երբեք չկրկնվեն»,–նկատեց նա։
Քանի որ ցեղասպանության հարցը միայն մեր խնդիրը չէ, դա պետք է մտահոգի ամբողջ մարդկությանը, քանզի դա հանցագործություն է ամբողջ մարդկության դեմ, եւ երբ խոսում են արդարությունից, այստեղ նաեւ միջազգային հանրությունը խնդիրներ ունի։ «Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը ինչ—որ բանի սկիզբ կամ վերջ չէ։ Սա պայքար է արդարության համար եւ սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ»,–այս կարծիքին է արդարադատության նախարարի պաշտոնակատարը։
Իսկ մեր կողմից պայքարի մի ձեւ էլ հզոր, ուժեղ, միակամ լինելն է, ցույց տալ, որ մենք ազգ ենք, պետություն ենք, որին չեն կարող բնաջնջել, որը ունի ասելիք ամբողջ աշխարհում, ունի իր դերը, մշակույթը։
Այժմ միջազգային հանրությունը ցեղասպանության հարցը լայնորեն շահարկում է Թուրքիային բռի մեջ պահելու համար, սակայն Հրայր Թովմասյանը դա չի ընդունում։ Նա ընդգծում է, որ չի կարելի ցեղասպանություն երեւույթը դարձնել շահարկման առարկա կամ հարաբերությունները այլ երկրի հետ կարգավորելու խաղաքարտ դարձնել։
Իսկ այս ընթացքում ցանկալի արդյունքին հասնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում մեր դիվանագիտական կառույցները։ «ԱԳ նախարարությունն ու դեսպանատները պատշաճ մակարդակով աշխատում են արտերկրում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ»,–գոհունակությամբ նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Մենք հետապնդում ենք ոչ թե քաղաքական, այլ համամարդկային նպատակներ»,–ասաց նա եւ ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է նաեւ 2015—ից հետո։
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ապրիլի 24—ը մի քանի խորհուրդ ունի. «Առաջինը հարգանքի տուրքն է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ոճրագործությունը, որն իրագործվեց նախորդ դարասկզբին, ըստ էության, պետականորեն հովանավորված էր Օսմանյան կայսրության կողմից եւ սառնասրտորեն իրագործված»։ Այս օրը հայերի համար ոչ միայն անցյալի իրողություն է, այլ նաեւ իրենց ճակատագրի անքակտելի մասնիկ։ «Հենց դա է պատճառը, որ մարդիկ հուշահամալիր են գալիս ընտանիքներով, երեխաների հետ, որպեսզի վերջիններս ոչ միայն փոխանցեն պատմական փաստերը, այլեւ՝ իրենց հոգում առկա ճիչը, հոգում պահած արդար դատը, իրենց պահանջը աշխարհից՝ ճանաչելու եւ դատապարտելու նման ոճրագործությունը»,–նշեց նա։
Անդրադառնալով ցեղասպանության ճանաչման իրավական կողմին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Յուրաքանչյուրի հոգում առկա զանգակատունը, որն ըստ էության անլռելի է, իրավական տեսանկյունից կարելի է տարբեր տեսակետներ առաջ քաշել եւ քննարկել, բայց ես կարծում եմ, որ այսօր կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչպես միշտ եղել եւ մնում է, ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն է»։ Եթե դա հայերի համար նպատակ ունի վերականգնել պատմական ճշմարտությունը, ապա աշխարհի համար շատ ավելի կարեւոր է կանխել ոչ միայն նման ոճրագործությունների իրագործումը, այլ նաեւ նման մտադրությունների առաջացումը։ Ըստ նրա՝ սա շարունակում է լրջագույն խնդիր մնալ համայն մարդկության համար։
Անդրադառնալով Թուրքիայի՝ մինչեւ 2015թ. Հայոց ցեղասպանության փաստի հնարավոր ճանաչելուն՝ Մուկուչյանը նշեց, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ նաեւ ժողովրդի հիշողության տեսանկյունից, ինչպես նաեւ այն տենդենցները, որ այսօր ավելի շատ է բարձրաձայնվում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցը, կարելի է մտածել, որ ողջամտություն կդրսեւորվի եւ կճանաչվի ցեղասպանությունը։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի պետական գործիչները պետք է օրինակ վերցնեն այն թուրք մտավորականներից, ովքեր կարողացան հաշտվել իրենց պատմության հետ եւ «ներողության» շարժում նախաձեռնել։
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօրվա Թուրքիայի վարած քաղաքականությանը նայելով՝ այնքան էլ լավատես չէ, որ երկու տարի անց Էրդողանի, Գյուլի կամ նրանց քաղաքական վերնախավի վարած քաղաքականության եւ մտածողության մեջ կարող է ինչ—որ բան փոխվել։ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը չպետք է կենտրոնանան միայն 2015թ. վրա, քանի որ սա պայքար է հանուն մարդու իրավունքների, հանուն նրա, որ նման ոճրագործությունները այլեւս չկրկնվեն։
«Եթե 10—15 տարի հետ նայենք, կտեսնենք, որ Թուրքիայում չկար մեկը, ով կհամարձակվեր խոսել ցեղասպանության մասին, սակայն այսօր կան բազմաթիվ մտավորականներ, ովքեր արդեն խոսում են։ Թուրքիան ուշ թե շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ սուտն ու կեղծիքը չեն կարող հավերժ քայլել եւ ճշմարտության տեղ անցնել»,–ասաց նա։
Շարմազանովը նշեց նաեւ, որ այսօրվա խորհուրդը ապրելու մեջ է։ Չնայած 1915թ. Օսմանյան կայսրությունում ոճրագործների ձեռքով մի ամբողջ ժողովուրդ գրեթե ոչնչացվեց իր բնօրրանում, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնվել եւ անկախ պետություն ստեղծել։ «Միեւնույն ժամանակ այսօրվա խորհուրդն այն է, որ ողջ առաջադեմ մարդկությունը պարտավոր է գիտակցել, որ սա իր ցավն է, ինչպես նաեւ գիտակցել, որ սա ողջ առաջադեմ մարդկության ամոթն է այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործությունները չեն պատժվել, եւ քանի դեռ կան երկրներ, որոնք ժխտողական քաղաքականություն են վարում»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի իր քույրերի եւ եղբայրների, առաջադեմ ողջ մարդկության հետ պետք է կարողանա ապացուցել, որ մարդկությունն իսկապես գնում է դեպի բարություն, դեպի մարդու իրավունքների պաշտպանություն եւ ժխտողականության դատապարտում։ 
«Ցեղասպանության ճանաչման խնդիրը ժամանակով սահմանափակելը սխալ է, եւ պետք է շարունակել այն հետեւողական աշխատանքը, որն առ այսօր տարվել է»,–ասաց ՀՀԿ—ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ոչ միայն պետության, այլ նաեւ հայկական բոլոր կազմակերպությունների առաջնային խնդիրներից մեկն է, որովհետեւ դա իրոք համամարդկային խնդիր է. «Դա զուտ քաղաքական գործընթացներով պայմանավորել պետք չէ, դա համամարդկային քաղաքակրթական խնդիր է, եւ վաղ թե ուշ, միջազգային հանրությունը պետք է պատշաճ վերաբերմունք ու դատապարտում ցուցաբերի այս խնդրի նկատմամբ»։ Պատգամավորի խոսքով՝ ցեղասպանության 100—րդ տարելիցի համար բոլոր համայնքներում ստեղծված են համապատասխան հանձնախմբեր, որոնք պատրաստում են տվյալ համայնքներին ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։ «Ամենամեծ ազդակը պետք է լինի միջազգային հանրությանը, որ 100 տարի անց կան հանցագործություններ, անմարդկային ողբերգություններ, որոնք մոռացության ենթակա չեն»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ 1960—ականներից սկած հայ ժողովուրդը հայ դատի խնդիրը բարձրացնում է, եւ նաեւ դրա արդյունքում է, որ 20—ից ավելի երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են այդ փաստը, շատերում էլ տարբեր մակարդակներով քննարկում եւ ճանաչում տեղի է ունեցել։
Սակայն Թուրքիան պետք է ոչ միայն ճանաչի, այլեւ հատուցի ցեղասպանության համար։ «Այսօրվա օրակարգում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է դրված, այլեւ հատուցման»,– նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Այն երկրներն էլ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը, պետք է հասկանան, որ նման ողբերգությունը կարող է կրկնվել։
Իսկ Թուրքիայի հասարակության ներսում գնում է ճանաչման ուղղությամբ անկասելի գործընթաց։ Զոհրաբյանն անձամբ ճանաչում է թուրք մտավորականների, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, նրանցից մի քանիսն անգամ այցելել են Ծիծեռնակաբերդ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրելու, սակայն թուրքական քաղաքական էլիտան շարունակում է ժխտողական քաղաքականությունը։
Զոհրաբյանը նկատեց, որ այսօր Թուրքիայի տարբեր քաղաքներում հասարակական տարբեր գործիչներ եւս կազմակերպում են ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ ու ակցիաներ։
«Գերմանիան ժամանակին ճանաչեց Հոլոքոստը, եւ դրանով նա չթուլացավ, այլ հակառակը՝ ապացուցեց, որ շարժվում է համամարդկային արժեքներով։ Թուրքիան եւս պետք է դա հասկանա»,–ասաց Ն. Զոհրաբյանը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դժգոհ է՝ աշխարհի բազմաթիվ երկրներ ճիշտ է, ճանաչել են ցեղասպանությունը, սակայն դրա իրավական հետեւանքները տեսանելի չեն։ Նա տեսնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն, որովհետեւ Հայաստանը կարիք ունի իր բոլոր հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու ապաշրջափակման։
Դեպի Ծիծեռնակաբերդ երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիտարկում արեց, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը պետք է լինի ջրբաժան, այսինքն՝ առաջիկա երկու տարվա ընթացքում Թուրքիան կա՛մ առանց նախապայմանների բացում է սահմանը, համաձայնվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, երկու երկրներում բացվում են դեսպանատներ, կա՛մ Հայաստանն է առաջ քաշում իր նախապայմանները։ Հովհաննիսյանի խոսքով, պետք է ակտիվ աշխատել ոչ միայն երիտասարդ թուրքերի հետ, ովքեր նորարար են ու Դինքի ժառանգությունը կրողը, այլեւ չմոռանալ, որ Թուրքիայում նվազագույն հաշվարկներվ ապրում են շուրջ մեկ մլն հայեր. «Ինչպես պետք է ձեւակերպենք մեր ազգային շահը նաեւ այդ միլիոնավոր հայերի հետ, որոնք քրիստոնյա չեն։ Ուստի մենք գտնվում ենք աննախադեպ ջրբաժանի առաջ, եւ դա միայն 100–ամյակը չէ, քանի որ մենք պետք է պայքարը տանենք նաեւ դրանից հետո»։
«Այն, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ 1915 թվականին, սարսափելի է, եւ այդ սարսափը մենք շարունակում ենք կրել մինչ այժմ»,–ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա առաջին հերթին պետք է աշխարհին, այնուհետեւ՝ նաեւ մեզ, քանի որ ճանաչումը կբերի մի փոքր մխիթարանք, քանի որ վերջապես ոճրագործ թշնամին կճանաչի իր հանցանքը,–ասաց նա եւ հավելեց.–Իսկ միջազգային ճանաչումը թույլ կտա լինել ավելի քաղաքակիրթ եւ խուսափել նման դեպքերի կրկնությունից։ Այն նաեւ հարեւան պետությունների հանդարտ ապրելու երաշխիք կտա»։
Ապրիլի 24—ին պետք է ոչ միայն հարգել 1915 թվականի թուրքական յաթաղանին զոհ դարձած հայերի հիշատակը, այլեւ հիշել նաեւ հերոս հայերին, ովքեր կռվել եւ պայքարել են Վանում եւ Մուսա լեռում։ Նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ «Պետք է հարգել հերոսներին եւ նրանցից օրինակ վերցնել»,– ասաց նա։
Թուրքագետն ընդգծեց, որ այսօր թուրքերից ոչ թե պետք է վախենալ, այլ՝ հասկանալ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փոփոխություն է նկատում թուրք ժողովրդի վերաբերմունքի եւ մոտեցման մեջ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ, Շաքարյանը նշեց, որ կան փոփոխություններ մասնավորապես մտավորականության շրջանում։ «Մտավորականությունն ավելի «ապրումակցում» է հայերին»,– ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիայում այսօր մոդայիկ է դարձել ներկայացնել պատմություններ թուրքերի մասին, ովքեր կոտորածներից փրկել են հայերին։ Այնուամենայնիվ, համաժողովրդական առումով ոչինչ չի փոխվել. «Նրանց հիմնական մասն այդպես էլ տեղյակ չէ Հայոց ցեղասպանության փաստի մասին»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 476 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024