Պետությունը կարող է անուղղակի լծակներով ազդել գնագոյացման վրա
Տոներն են մոտենում։ Սա նշանակում է, որ շուկաներում ու խանութներում տոպրակները լցնելու գործընթացը դրամապանակները սովորականից ավելի արագ կդատարկի։ Իսկ ավելի հստակ ձեւակերպմամբ՝ այս տարի եւս նախատոնական ու տոնական գնաճը կանխատեսելի է։
«ՀՀ»—ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ դեկտեմբերին մեզ մոտ գնաճ է արձանագրվում՝ տարբեր գործոններով պայմանավորված. օրինակ, ապրանքների պահանջարկը կտրուկ աճում է։ Նրա խոսքերով՝ տոներին ընդառաջ մի քանի օրվա մեջ գնում ենք մեկուկես ամսվա համար նախատեսված ապրանք։ Դա շուկայում մեծ պահանջարկ է առաջացնում, ու վաճառողներն առիթից օգտվում են։
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը ընդգծում է, որ «դեկտեմբերին սկսվող գնաճ» ասվածը հարաբերական է։ Նրա ասելով՝ երկու ցուցանիշ է պետք տարբերակել. «Ընդհանուր գնաճի ցուցանիշն արտահայտվում է սպառողական գների ինդեքսով։ Այստեղ անհանգստացնող միտում չունենք, հատկապես որ այս տարվա նախորդ ժամանակատվածում չենք ունեցել գների բարձրացում նույնիսկ այն չափով, որքան դրված է եղել պետական բյուջեում։ Սպառողական գների ինդեքսը չնչին փոփոխություն է կրել։ Անգամ մտահոգություն է եղել, որ գնանկման միտումը կարող է ազդել տնտեսական աճի տեսանկյունից»։
Միեւնույն ժամանակ նա մտահոգիչ է համարում առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումը։ Նկատում է, որ Ամանորի տոներին ընդառաջ, եւ ոչ միայն, պարբերաբար եղել է գների բարձրացում հատկապես այն ապրանքատեսակների մասով, որոնք տոներին ավելի մեծ պահանջարկ ունեն։
Թանկացումների մասին խոսելիս նա մեջբերում է ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության, համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, նաեւ այս տարի գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշների կրճատման հանգամանքները։ Թադեւոս Ավետիսյանը զրույցի ընթացքում նաեւ ընդգծեց այսօրվա իշխանությունների մեծ անելիքների մասին։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ մեզ մոտ գների կարգավորումն իրականացվում է շուկայի միջոցով, բայց պետությունն ունի անուղղակի լծակներ, որոնց միջոցով կարող է ազդել գնագոյացման վրա։ Խոսքը մաքսային, հարկային, տնտեսական քաղաքականության մասին է։
«Գնաճն անխուսափելի երեւույթ է, բայց պետք է լինի կարգավորվող։ Մարդկանց եկամուտներն ավելի արագ պետք է աճեն, քան գնաճի տեմպերը»,–ընդգծեց Պարսյանը՝ ավելացնելով, որ ամեն տարի գնաճային լուրջ ճնշումներ ենք ունենում՝ տարբեր պատճառներով։ Ըստ նրա՝ նշված պատճառներից է գյուղատնտեսական ոլորտի անկումը։ Բացի այդ, տնտեսագետն ընդգծում է, որ մեկ այլ խնդիր է գյուղոլորտի բազմաթիվ ծրագրերի ձախողումը։ Որպես կարեւորագույն խնդիր նա առանձնացրեց նաեւ դոլարի փոխարժեքը. «Ամեն տարվա ավարտին նկատվում է դրամի արժեզրկում, որն ուղղակիորեն ազդում է ներկրվող ապրանքների գների վրա։ Այստեղ մեծ անելիք ունի Կենտրոնական բանկը»։
Մյուս կողմից էլ մեր զրուցակիցը մատնանշեց մենաշնորհն ու այսպես մեկնաբանեց. «Մեր շուկաներում բավականին բարձր է մենաշնորհացման մակարդակը։ Մենաշնորհային գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները, օգտվելով իրենց դիրքերից, բարձր գներ են թելադրում, հատկապես եթե մեծ պահանջարկ է լինում։ Այս երեւույթը շարունակում է մնալ հատկապես մանրածախ շուկայում»։
Տնտեսագետը բարձրաձայնում է, որ գնաճը վերահսկելու համար ամբողջական գործընթաց պետք է լինի։ Այդ հարցում կարեւորում է նաեւ հետեւյալը. «Սոցիալապես խոցելի խմբերի մասով գնաճային ճնշումները պետք է փոխհատուցի կառավարությունը»։ Հակառակ դեպքում, ըստ նրա, աղքատացման գործընթացն ավելի կխորանա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am
|