Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն եւ Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը եւ Ջեյմս Սենսենբրեները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ–ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին, հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին՝ Հայաստանին ու Արցախին արտաքին հատկացումների տրամադրման համար։
Կառավարության ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներդրումների խրախուսման տեսանկյունից վարչապետը կարեւորել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ կառավարության կողմից Հայաստանի ընդգրկումը «GSP» համակարգի արտոնությունների օգտագործման երկրների շարքում։ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել նաեւ Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ շարունակական համագործակցությունը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն մի շարք հաջողված ծրագրեր կան։
Կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի կատարելագործման շուրջ՝ մասնավորապես քննարկելով կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։ Երկկողմ տնտեսական կապերի հետագա խթանման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարեւորել է նաեւ հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման մեջ, եւ կարեւորել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերն այդ գործընթացում։ «Մենք մեր ռազմավարությունը կառուցում ենք այնպես, որ պարտավոր ենք լինել ուժեղ, որպեսզի մեր անվտանգությունն ապահովենք։ Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունները շատ պարզ ու թափանցիկ են, եւ մեզ օգտակար կլինի, եթե միջազգային հանրությունը, տեսնելով այդ ամենը, իր հստակ վերաբերմունքն արտահայտի»,–նշել է կառավարության ղեկավարը։
|