Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները եւ նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը եւ ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ—ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ—թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ այլ խնդիրների շուրջ։