Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որը վարել է Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ վարչապետի թեկնածու երաշխավորվել է Տիգրան Սարգսյանը։ Երեկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստի ժամանակ միաձայն որոշվեց հաստատել ՀՀ նախագահի առաջարկը՝ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի թեկնածությունը հաստատելու համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին Տիգրան Սարգսյանը անթերի կկատարի իր պարտականությունները՝ օգտագործելով իր կուտակած փորձն ու գիտելիքները։ «Եթե մենք համոզված չլինեինք, որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն է, ով ի զորու չի լինի լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, նրան չէինք առաջադրի։ Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջողվել է երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ 7 տոկոս տնտեսական աճ գրանցել, ուստի կարծում եմ, որ նրա առաջադրումն օրինաչափ է եւ ընդունելի»,–ասաց նա։ Շարմազանովը տեղեկացրեց նաեւ, որ միաձայն որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում հաստատվել է Էդվարդ Նալբանդյանի, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Սեյրան Օհանյանի թեկնածությունները։ «Մյուս նախարարների հարցը այսօրվա նիստում չի քննարկվել»,–ասաց նա։ Նիստի ժամանակ քննարկվել են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ Շարմազանովի տեղեկացմամբ՝ նիստի ժամանակ արձանագրվել է, որ Տարոն Մարգարյանն ունի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու բոլոր հնարավորությունները։
|