ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 23 » Վստահության հենքի վրա խորացող համագործակցություն / Հայ—լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ/
15:57
Վստահության հենքի վրա խորացող համագործակցություն / Հայ—լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ/

Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի եւ Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով։
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ եւ սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար մեծ ուրախություն եւ պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, եւ մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում։
Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռեւս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում։ Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում։ Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը։ Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար։ Սա շատ կարեւոր ներդրում է։
Պարո՛ն նախագահ, բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երեւանում»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին հրավերի համար եւ իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը։
«2012թ. Լիբանան Ձեր այցի ժամանակ Ձեր պատվին կազմակերպված ճաշի ընթացքում ինքս մասնակցել եմ, եւ այդ ժամանակ մենք մի կարճատեւ զրույց ենք ունեցել։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում։
Այո՛, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում՝ զբոսաշրջության նախարարը, նաեւ Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը։ Ձե՛րդ գերազանցություն, պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում։ Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում։ Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում։ Մենք լայն հասարակություն ենք, եւ հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում։ Իհարկե, շատ կարեւորում ենք եւ հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետեւ մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել եւ զարգացնել Լիբանանը։
Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները։ Հույս ունենք, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն եւ կխորանան։ Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, եւ դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,–Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Միշել Աունը։
Սերժ Սարգսյանի եւ Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ—լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Լիբանանի եւ Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով։
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեկ անգամ եւս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում։ Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին։
Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ—լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան։ Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել եւ ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը։
Թեեւ նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թեւակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը։ Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձեւավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներում։
Կարեւորեցինք մեր երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարեւոր խթան։
Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարեւորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարեւորեցինք տնտեսական բաղադրիչը։ Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը։ Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները։ Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձեւավորում մեր գործարարների համար։ 
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջեւ կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար։
Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարեւորություն ներկայացնող հարցերում։ Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ։
Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որեւէ լուծում, որը ինչ—որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը։ Այս առումով իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում։ Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաեւ համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարեւորը բանակցային գործընթացն է, եւ ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել։
Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ եւ երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման եւ կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաեւ այսօր։
Ցավոք, այսօր Մերձավորարեւելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների։ Այս առումով կարեւորում ենք Լիբանանի գործնական եւ արդյունավետ ներդրումը ահաբեկչության եւ արմատականության դեմ պայքարում եւ բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը։ Հայաստանը եւս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին եւ եղբայրներին։
Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության եւ անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ—ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ։
Լիբանանի նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ—լիբանանյան ակտիվ շփումները եւ խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու եւ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Պարո՛ն նախագահ, շատ շնորհակալ եմ եւ այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ»,– ասել է Սերժ Սարգսյանը։
«Դրական եւ կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաեւ ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին։ Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ եւ լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը։ Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ եւ պատգամավորներ։
Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես եւ իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում։
Քննարկեցինք նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը եւ բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարեւան Սիրիայում։ Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու եւ պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները։ Նախագահ Սարգսյանին ներկայացրի սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի եւ աշխարհի այլ երկրներ։ Այստեղ նրան վստահեցրի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքներին եւ ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն եւ կայունություն հաստատելով մեր հանրության մեջ։ Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարեւոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց եւ պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որեւէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից։
Մենք խոսեցինք նաեւ սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարեւան երկրներում, հատկապես՝ Լիբանանում։ Նախագահին ներկայացրի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ արդյունքում ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին։ Այս կապակցությամբ շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ եւ որը կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո։
Ես երախտագիտությունս հայտնեցի նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի եւ նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության եւ բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում։
Նշեմ, որ բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին։ Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, եւ այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքներին դիմակայելու եւ իրավիճակը չսրելու խնդրում։
Ես նաեւ իմ երախտագիտությունը հայտնեցի նախագահին առաջիկա հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար եւ արձագանքեցի դրան՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն։

Շնորհակալություն»,–ասել է Միշել Աունը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024