ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ եւ տեղական դերակատարների ակտիվացման համար, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Համաժողովին մասնակցել են նաեւ ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի եւ քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ տարածքային զարգացման եւ համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին, եւ այս համատեքստում կարեւորել է Եվրամիության իրական, գործնական եւ լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար։
2016 թվականին ՀՀ 2016—2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները։ Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը եւ համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել եւ ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը։
«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք եւ արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարեւոր է։ Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու եւ զարգացում ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը։ Մեր համապետական բյուջեի ներսում մենք ոչ ուղղակիորեն առանձնացնելու ենք տարածքային զարգացման ֆինանսավորման միջոցները, հետո համապատասխան նախարարությունները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների եւ համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից հետո միայն սկսելու են իրականացվել ներդրումները։ Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018–ից սկսած շատ ավելանալու է եւ 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որը պետք է ապահովի աշխատատեղ եւ ավելացված արժեք։ Իսկ 30 տոկոսը սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքներին։ Այս հարաբերակցությունն են ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով եւ մենք առաջնորդվելու ենք»,—ասել է Դ. Լոքյանը՝ տեղեկացնելով, որ մինչեւ սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները։ Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները՝ հատկապես համայնքները, չակտիվանան։
Ռոբերտ Գիրեյկոն իր ելույթում նկատել է, որ տարածքային զարգացման հարցերի հետ կապված համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել։ «Այսօր Հայաստանն իրականացնում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականություն, դրանում կարող ենք համոզվել եվրոպական երկրների կամ այլ երկրների հետ համեմատելիս։ Հայաստանում առաջընթացն այս ոլորտում վերջին 2—3 տարիներին ահռելի է եղել»,—ասել է Ռ. Գիրեյկոն, վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը ՀՀ ՏԿԶ նախարարության հետ։
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային զարգացման բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ԵՄ փորձնական տարածքային զարգացման ծրագրի հիման վրա ձեւավորված մոդելներ։ Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Դիլիջան եւ Գյումրի, որտեղ հնարավորություն են ունենալու ավելի խորը ծանոթանալ տարածքային զարգացման միջամտությունների ժամանակակից ինտեգրված մոտեցումներին։
|