ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 13 » Խթան տեխնոլոգիական ձեռներեցությանը /Մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես–2015» 8—րդ գործարար համաժողովը/
15:29
Խթան տեխնոլոգիական ձեռներեցությանը /Մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես–2015» 8—րդ գործարար համաժողովը/

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այդ գործընթացում նոր մասնակիցների ներգրավման, ՏՏ ոլորտի համար նպաստավոր բիզնես միջավայր ստեղծելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվում է «ԱրմԹեք Կոնգրես» բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովը։
Երեկ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես–2015» 8—րդ գործարար համաժողովը, որի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։ Միջոցառման հովանավորներն են՝ PicsArt, National Instruments ընկերությունները, քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի հայ օգնության ֆոնդը եւ այլն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «ԱրմԹեք—2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին եւ նշեց, որ ամենամյա այս միջոցառումը կարեւոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաեւ ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար։ «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ 2008—2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15—20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ։ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ—Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» եւ այլ ընկերությունները։ «Մայքրոսոֆթ» եւ «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաեւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն եւ նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները։
Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու եւ նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ։ Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ եւ 200—ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր»,–նշեց կառավարության ղեկավարը։
Հովիկ Աբրահամյանը կարեւորեց է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը եւ նշեց, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ եւ լաբորատորիաներ, այդ թվում՝ հայ—հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը եւ այլն։ Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաեւ ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, եւ դրա վառ ապացույցն են հաջողությամբ գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաեւ նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։ «Միեւնույն ժամանակ մեր կողմից իրականացվում են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված մի շարք կարեւոր ծրագրեր, մասնավորապես՝ նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, վենչուրային ֆոնդի, գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը եւ այլն։
Կարեւորում ենք նաեւ, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող եւ ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Մենք հետեւողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը»,–շեշտեց վարչապետ Աբրահամյանը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպություններին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար եւ արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք մաղթեց համաժողովի մասնակիցներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով, այսօր առաջնային խնդիրներից է տնտեսական աճի պահպանումն ու ավելացումը, եւ ՀՀ կառավարության կողմից ներկայումս իրականացվող հիմքային բարեփոխումներն ուղղված են բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը, ձեռներեցության զարգացմանը եւ Հայաստանի դիրքավորմանը աշխարհի զարգացած երկրներում։ Ուստի այս տեսանկյունից, ըստ նախարարի, հատկապես կարեւոր է տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում Հայաստանի առաջատար դիրքերի ամրապնդումը եւ հետագագա զարգացումը, ինչպես նաեւ երկրի բարձր վարկանիշի ապահովումը։ Այս գործընթացներին նպաստում են ոլորտի գործընկերների հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու կոնֆերանսները։
«Կառավարությունը ապագայում Հայաստանը տեսնում է որպես զարգացած եւ գիտելիքահենք տնտեսություն եւ առաջատար նորարարական եւ տեխնոլոգիական ոլորտ ունեցող երկիր, որը թե տեղական, թե միջազգային շուկային առաջարկում է մրցունակ արտադրանք։ Հիմք ընդունելով ոլորտում պետություն–մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը եւ նոր նախաձեռնությունները՝ կառավարությունը մեծապես կարեւորում է վերազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականցվող ծրագրերը՝ ապահովելով նորագույն փորձի եւ գիտելիքների մուտքը Հայաստան եւ համաշխարհային շուկաներ։ ՀՀ վարչապետի հովանու ներքո ավանդաբար անցկացվող այս գլոբալ համաժողովը եւս կարեւոր հարթակ է ոլորտում վերջին ձեռքբերուների ներկայացման, գործարար կապերի ընդլայնման եւ նորամուծությունների իրականացման համար»,–նշեց նախարարը՝ մատնանշելով համաժողովի շրջանակներում Հայաստանում մեկնարկած այն կարեւոր նախաձեռնությունները, որոնցից են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լոբորատորիաների ստեղծման ծրագրերը, իսկ այժմ Ջրվեժում իրականցվում է ճարտարագիտական քաղաքի հիմնման ծրագիր։ 
«Վիասֆեր» տեխնոպարկ ընկերության ղեկավար Թոնի Մորոյանի գնահատմամբ, այսօր Հայաստանը տեխնոլոգիական ոլորտում առաջատար դիրքերում է, եւ ստեղծված է ՏՏ ոլորտի առաջարկի համար գերազանց միջավայր։ Երկրի կրթական համակարգում մեծ ներկայացվածություն ունեն սկսնակ եւ երիտասարդ ՏՏ մասնագետները եւ վաղուց ամուր կամուրջ է ստեղծվել Սիլիկոնային հովտի միջեւ։ «Ուրախալի է, որ Հայաստանին աշխարհում այսօր ճանաչում են որպես ՏՏ առաջատար երկրի, եւ ստեղծված մարտահրավերների ներքո օտարերկրյա ներդրումները ռազամավարական նշանակություն ունեն։ Շարունակելու ենք համագործակցել ստարթափ նախագծերի հետ»,–նշեց Թոնի Մորոյանը։ Նա ՏՏ ոլորտի մրցունակության առավել բարձրացման հետեւյալ ուղղություններն է նախանշում՝ համահայկական տեղեկատվության ստեղծում եւ ռազմավարական հարթակ ակտիվ քննարկումների համար։
Նշենք, որ «Արմթեք» համաժողովի ընթացքում քննարկվեցին թեմաներ, որոնք առնչվում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջին զարգացումներին եւ հաջողված պատմություններին։ ՏՏ մասնագետները կարեւորեցին երկրում սթարտափ աքսելերացիայի եւ տարածաշրջանային, կրթության, հետազոտություն եւ մասնագիտական զարգացումը, միասնական թվային շուկայի ձեւավորումը եւ այլն։
«Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը խոսեց Հայաստանում գործունեություն սկսելու եւ այն զարգացնելու հաջողված փորձից։ Ըստ նրա, իրենց համար հիմնական շարժառիթը հստակ տեսլականն էր եւ ՀՀ կառավարության հետ նույն գաղափարների շուրջ համագործակցության հեռանկարները։ Նա հիշեցրեց, որ ընկերությունը Հայաստանում հիմվել է 2006—ին, իսկ «Մայքրոսոֆթի» նորարարական կենտրոնը՝ 2011—ին, ինչի արդյունքում վերապատրաստվել է շուրջ 1500 ուսանող եւ հնարավորություն է տրվել աշխատել 200 սթարթափ նախագծերի ուղղությամբ։
Նշենք, որ 2011 թվականից «ԱրմԹեքը» համահայկական համաժողովից վերածվել է միջազգային հարթակի, որին մասնակցում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ եւ ներդրումային հնարավորություններով հետաքրքրված տեխնոլոգիական ոլորտի միջազգային հայտնի կազմակերպությունները, մասնագետները եւ գիտական ոլորտի ներկայացուցիչներ։
«ԱրմԹեք» համաժողովին զուգահեռ անցկացվեցին նաեւ գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թվականի ամփոփիչ միջոցառումը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու գնահատմամբ, մեր երկրում կրթական մակարդակը թույլ է տալիս պատրաստել ՏՏ լավագույն մասնագետներ, գիտնականներ։ «Հայաստանն ունի ՏՏ բարձր մակարդակ, մեծ կրթական ներուժ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է աշխարհին իր առավելությունը ներկայացնել։ Որպեսզի հաջողությունները ոլորտում առավել ակնառու լինեն, անհրաժեշտ է սթարթափ նախագծերի համար բարենպաստ միջավայր ստեղծել»,–նշեց ԵՄ ներկայացուցիչը։ Նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ եւ քանի որ, նրա մեջբերմամբ, մեր երկիրն ունի մի շարք հաջողություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, 2016թ. ԵՄ—ն պատրաստվում է մասնավոր հատվածի եւ բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով նոր ծրագիր մեկնարկել՝ տրամադրելով շուրջ 23 մլն եվրո, իսկ հաջորդ տարվանից ԵՄ—ն Հայաստանում կսկսի նոր՝ Թվինինգ ծրագիր իրականացնել։
«ԱրմԹեք» առաջին համաժողովը կայացել է 2007 թ. Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում եւ ԱՄՆ—ում։ Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ այդ գործընթացում ներգրավելով նոր մասնակիցների եւ համաշխարհային տեխնոլոգիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների։ Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր մասնագետներ եւ կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից։
«ԱրմԹեք—2015» համաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա եւ տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն եւ մասնագիտական զարգացում։ Զուգահեռ անցկացվելու են նաեւ գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի «STEP» վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թ. ամփոփիչ միջոցառումը։ Այս տարի առաջին անգամ՝ հոկտեմբերի 14—ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաեւ Ստեփանակերտում։ Այն կազմակերպվել է ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ։ hhpress.am 
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 560 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024