Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը։
Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հանրապետության նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20—ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները։
Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանրակշիռ ազդեցությունը կառավարման բոլոր ոլորտների բնականոն ու արդյունավետ գործառնության վրա ավելի է մեծացնում տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգային եւ նորմատիվաիրավական փաստաթղթերի մշակման ու արդիականացման անհրաժեշտությունը։ ԱԱԾ տնօրենը նշել է, որ նախագիծը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստվել է աշխարհում առկա արդի մարտահրավերներին, զարգացումներին համահունչ տեղեկատվական անվտանգության ապահովման նոր չափանիշների, ռազմավարական ուղղությունների մշակման եւ կիրառման անհրաժեշտությունից ելնելով։ Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները եւ մարտահրավերները, քաղաքականության նպատակները, խնդիրները, ներպետական եւ միջազգային համագործակցության հարցերը եւ այլն։ Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաեւ տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները, հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|