Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը երեկ իրենց փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Փետրվարի 16—ը փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար տրված ժամկետի վերջին օրն էր։ Զուգահեռ նրանք լրատվամիջոցներին ներկայացրել են իրենց մասնակցության վերջնական ձեւաչափը, ընտրացուցակները, որոշ դեպքերում՝ նաեւ կարգախոսները։
Առաջինը ԿԸՀ են այցելել ՀՅԴ—ի ներկայացուցիչները։ ՀՅԴ համապետական ցուցակն ավելի վաղ հայտնի էր դարձել. այն գլխավորելու է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լեւոն Մկրտչյանը, այնուհետեւ Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը։
Երեկ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա ԲՀԿ եւ «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնել է, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կլինեն նաեւ ներկայացուցիչներ «Հայազն» կուսակցությունից եւ ՀՀՇ—ից։
Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալն է. առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ տեղում՝ Ւշխան Զաքարյանը (վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյանը (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ)։ Ցուցակի երկրորդ հնգյակը գլխավորում է Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), 7—րդ տեղում Տիգրան Ուրիխանյանն է (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ), 8—րդում՝ Իվետա Տոնոյանը, 9—րդում՝ Արգամ Աբրահամյանը (Արարատի քաղաքապետը)։ Տասնյակը եզրափակում է Վարդեւան Գրիգորյանը (Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր)։
Այս դաշինքի հետ կապված հիմնական ինտրիգն այն էր, թե ընդգրկված կլինի՞ արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցակում։ Գագիկ Ծառուկյանն անձամբ հավաստիացրել է լրագրողներին, որ՝ ոչ։
Դաշինքի կարգախոսն է՝ «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակը»։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում մանրամասնել են, որ ցուցակում ընդգրկված է 148 անձ։ Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, ով լինելու է դաշինքի վարչապետի թեկնածուն։
Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ցուցակում երկրորդն է։ Հենց նա էլ լրագրողների համար ընթերցել է ցուցակի առաջին տասնյակում հայտնվածների անունները։ Մարտիրոսյանին հաջորդում է Վարդան Օսկանյանը, չորրորդ տեղում է Էլինար Վարդանյանը, ցուցակի երկրորդ հնգյակում համապատասխանաբար ներկայացված են Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը։ Թերեւս անակնկալ է այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11—րդն է։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական 197 հոգանոց ընտրական ցուցակի մասին խոսելով՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել էր առաջին տասնյակը՝ 1. Վիգեն Սարգսյան, 2. Տարոն Մարգարյան, 3. Արփինե Հովհաննիսյան, 4. Արա Բաբլոյան, 5. Արմեն Ամիրյան, 6. Արմեն Աշոտյան, 7. Էդուարդ Շարմազանով, 8. Մարգարիտ Եսայան, 9. Սամվել Ֆարմանյան, 10. Կարեն Ավագյան։
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի առաջին 7 անձանց անունները։ Նա հայտնել է, որ համամասնական ցուցակը գլխավորելու է ինքը. «Ցուցակում երկրորդը Մհեր Շահգելդյանն է, երրորդը՝ Հեղինե Բիշարյանը, չորրորդը՝ Հովհաննես Մարգարյանը, հինգերորդը՝ Էդգար Առաքելյանը, վեցերորդը՝ Մարինե Քոչարյանը, յոթերորդը՝ Արթուր Միսակյանը»։ Նրա խոսքով՝ համամասնական եւ ռեյտինգային ցուցակը բաղկացած է 300 մարդուց, որը ընտրական օրենսգրքի թույլատրելի շեմն է. համամասնական ցուցակում ընդգրկված է 136, տարածքայինում՝ 164 անձ։
Արթուր Բաղդասարյանն, անդրադառնալով իրենց կարգախոսին, ասել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մի քանի կարգախոս կունենա. «Քվեարկիր հանուն փոփոխությունների», «Քվեարկիր հանուն վերածննդի»։
«Հայ ազգային կոնգրես–Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքի համամասնական ցուցակն էլ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանը։ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով դաշինքի համամասնական ցուցակը, ասել է, որ այնտեղ երկրորդը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը Լեւոն Զուրաբյանը, չորրորդը Զոյա Թադեւոսյանն է, հինգերորդը՝ Արամ Մանուկյանը, վեցերորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը, յոթերորդը՝ Վահագն Խաչատրյանը, ութերորդը՝ Լիդա Մելիքյանը, իններորդը՝ Գագիկ Մարտիրոսյանը, տասներորդը Ստեփան Մինասյանն է։
Ընդհանուր առմամբ, դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որոնցից 133—ը ներկայացված են նաեւ ռեյտինգային ցուցակներում։
«Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է, առաջին տասնյակում են Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը եւ Գագիկ Բաղդասարյանը։
Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Մենք կարող ենք» կարգախոսով։
Ինչ—որ առումով անսպասելի կարելի համարել այն, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել կոմունիստները, քանի որ քննարկումների ու բանակցութունների փուլում նրանք իրենց մտադրության մասին չեն բարձրաձայնել։ Երկու կոմունիստական կուսակցություններ՝ ՀԿԿ—ն եւ Առաջադիմական կոմունիստական կուսակցություններ համախմբվել եւ ՀԿԿ ցուցակով մասնակցելու են ընտրություններին։
«Մենք գնում ենք հաղթանակի, մինիմում հինգ տոկոս վերցնելու ակնկալիքով»,–լրագրողների հետ զրույցում նշել է կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը։
ՀԿԿ ընտրական ցուցակը գլխավորելու է կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, երկրորդը Վազգեն Սաֆարյանն է, երրորդը՝ Գագիկ Մանուկյանը։ Մյուսների անունները չեն հայտնել, «գաղտնիք է», ասել են կոմունիստները։
Հարցին, թե ինչո՞ւ այլ ուժերի հետ դաշինքով չեն մասնակցում, Գեղամ Գալստյանն ասել է. «Մեզ ոչ մի դաշինք պետք չէ»։
Ի դեպ, երեկ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Այնտեղ նշված է, որ Հունվարի 17—ին ստորագրված Օսկանյան–Դալլաքյան– Սարգսյան հուշագրի շրջանակներում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության (ղեկավար՝ Վիկտոր Դալլաքյան) կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13—ին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որեւէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է։
Ընտրություններին դաշինքներով գնացող ուժերը ներկայացրել են իրենց տեսակետները ձեւավորված դաշինքների վերաբերյալ։
Ո՞վ է մեղավոր, որ համագործակցության լայն դաշինք չեղավ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարց է հնչեցրել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԲՀԿ—ն միայն «Ալյանսի» հետ դաշինք կազմեց։
«Ե՞ս եմ մեղավոր, որ լայն դաշինք չապահովվեց։ Ես ասել եմ՝ համախմբվենք, բոլորը գան, որովհետեւ սա մի մարդու բան չի։ Ես ամբիցիաներ չունեմ, ես հակված եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բոլորի համար բաց են, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չէ»,–ասել է նա։
Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք ընտրություններին մասնակցում են ՀԱԿ—ՀԺԿ դաշինքով։ «Մեր հավակնությունն այն չէ, որ մի կերպ հաղթահարենք նվազագույն շեմը եւ սողոսկենք խորհրդարան, որ դեպուտատ աշխատենք պառլամենտում»,– նշել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե իրենք ընտրություններին մասնակցում են որպես դաշինք, ապա պետք է հաղթահարեն 7 տոկոսանոց շեմը, եւ արդյոք վստա՞հ են, որ կհաղթահարեն այդ շեմը։
«Մեր նպատակն է, որ կարողանանք ազդել պետության զարգացման կուրսի վրա, որ կա՛մ գանք իշխանության եւ մենք կառավարենք երկիրը, տանենք ճիշտ ուղղությամբ, կա՛մ ունենանք այնպիսի ազդեցություն ԱԺ—ում, որը թույլ կտա մեզ ազդել այդ կուրսի վրա։ Դրա մեջ ենք տեսնում մեր առաքելությունը։ Մենք չպիտի դաշինք կնքելու որոշումը կայացնենք նվազագույն շեմը հաղթահարելու վրա»,–ասել է Զուրաբյանը։
«Ելք» դաշինքի անդամ, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով դաշինքի ուղղվածության մասին, ասել է. «Ելք» դաշինքն արեւմտամետ, ռուսամետ կամ ամերիկամետ չէ։ Ոչ Արամ Սարգսյանը, ոչ Էդմոն Մարուքյանը երբեք չեն հայտարարել, որ իրենք հայաստանամետ չեն եւ չեն էլ հայտարարել, որ արեւմտամետ են։ Հարցը կոնկրետ է. մեր պայմանավորվածությունների եւ ընդհանրապես «Ելք» դաշինքի ձեւավորման հիմքում ընկած է այն ընկալումը, որ արտաքին քաղաքական առումով Հայաստանում գործող կուսակցությունը չի կարող լինել այլ բան, քան Հայաստանի շահերի գերակայության վրա հենված կուսակցություն։ Համատեղ քաղաքական գործունեության հուշագրում գրված է նաեւ, որ մենք խնդիր ունենք Հայաստանում եվրոպական տիպի պետություն կառուցելու, բայց սա ոչ թե արտաքին քաղաքականությանն է վերաբերում, այլ մեր պետութան ներքին կառուցվածքին»,–ասել է Փաշինյանը։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, վավերացրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ այլ բազմաթիվ փաստաթղթեր։
«Մենք նաեւ հակառուսական, հակաեվրոպական, հակաամերիկյան չենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, «Ելք» դաշինքի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝ 1. Էդմոն Մարուքյան՝ ԼՀԿ, 2. Արամ Սարգսյան՝ ՀԿ, 3. Նիկոլ Փաշինյան՝ ՔՊԿ, 4. Մանե Թանդիլյան՝ ԼՀԿ, 5. Սասուն Միքայելյան՝ ՔՊԿ, 6. Արտակ Զեյնալյան՝ ՀԿ, 7. Լենա Նազարյան՝ ՔՊԿ, 8. Հայկ Կոնջորյան՝ ԼՀԿ, 9. Արայիկ Հարությունյան՝ ՔՊԿ, 10. Խաչիկ Սիմոնյան՝ ՀԿ։
Կոալիցիան բացառված չէ
Արթուր Բաղդասարյանն էլ խոսել է հետընտրական զարգացումների մասին՝ չբացառելով կոալիցիան։ Նա նշել է, որ հարկավոր է բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք ունենալ. «Եթե մենք այսօր ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք մնալու։ Մենք պայքարելու ենք իշխանություն դառնալու համար, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը։ Մենք առաջարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին ստեղծել»։
Նա հայտարարել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցության հնարավորություն ունենա։ Նա նշել է, որ արդեն 20 տարի Հայաստանում իշխում է հանրապետական կուսակցությունը։ «Հայաստանում այլեւս իշխանությունը չպետք է կազմավորվի մեկ կուսակցության կողմից։ Միաժամանակ չպետք է արհեստական կոալիցիաներ ստեղծվեն, դրանք պետք է իրական լինեն»,—ընդգծել է նա։
«Վերաբրենդավորված» ՀՀԿ—ն մրցակից չունի
«Հայաստանի խորհրդարանը ընտրությունների արդյունքներով բազմաշերտ կլինի։ Ներկայացված կլինի նաեւ ընդդիմությունը»,—ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանը քաղաքական ուժերի մեջ հանրապետական կուսակցությանը որեւէ լուրջ մրցակից չի տեսնում։ Նրա խոսքով՝ հիմնական պայքարը գնում է ընդդիմադիրների շրջանում։ Իսկ քաղաքական ուժերի եւ դաշինքների շարքում ընդհանրապես բացակայում է քաղաքական բաղադրիչը։
Նրա խոսքով՝ հանրապետական կուսակցությունը առաջ է շարժվում հստակ մշակված ծրագրով, այսինքն՝ գնում է դեպի վերաբրենդավորում։ «Այսպես նրանք ցանկանում են փոխել կուսակցության դեմքը՝ ցույց տալով, որ ընդգրկված չեն նույն դեմքերը։ Նման բան կարելի էր սպասել»։
«Նոր Սահմանադրությամբ եւ նոր ընտրական օրենսգրքով նոր ընտրությունները կարողացան բացահայտել՝ Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ»,–ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքները ընտրություններով չեն փորձում պետության եւ ժողովրդի խնդիրներ լուծել, այլ պայքարում են խորհրդարանում մանդատ ստանալու համար։
Հաշվի առնելով հրապարակված նախընտրական ցուցակները, նա նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու մեծ շանսեր ունի։
«ՀՀԿ—ն երբեք չի էլ թաքցրել, որ փորձում է պահպանել իր իշխանությունը։ Կարծում եմ՝ գոնե ՀՀԿ—ի համար էական չէր, թե ցուցակներում ովքեր կընդգրկվեն։ Նա թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական ցուցակները ձեւավորելիս սղության խնդիր չուներ»,–նշել է Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ դաշնակցությունը Հայաստանի ամենակայացած կուսակցություններից է, բայց երեւաց, որ վերջինս խնդիրներ ունի ռեյտինգային եւ համամասնական ցուցակների հարցում։
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդին», Իսագուլյանն ասել է, որ Արթուր Բաղդասարյանը միշտ կարողանում է որոշակի հաջողություններ գրանցել իր կուսակցության համար։ Ըստ նրա՝ «Հայկական վերածնունդը» երկու տարի է՝ նախապատրաստվում է ընտրություններին եւ ցուցակների խնդիր չունի։
Դաշինքների մասով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը նշել է, որ միայն «Ելքն» է, որը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա. «Հստակ երեւում է՝ «Ելք»–ում արեւմտամետ ուժեր են։ Այդ դաշինքը գաղափարի շուրջ է համախմբվել, դրա համար էլ ամեն ինչ արագ ստացվեց այդ ուժի մոտ։ Օսկանյան—Օհանյան—Րաֆֆի դաշինքը, ի տարբերություն «Ելք»—ի, առանց ընդհանրական ծրագրի, տեսլականի կամ ընդհանրապես որեւէ խնդրի է ձեւավորվել։ Այդ դաշինքը, չունենալով ծրագիր, զուտ խորհրդարան մտնելու խնդիրն է դրել, ինչքան էլ ասեն, որ իշխանափոխության են գնում»։
Իսագուլյանը, խոսելով «Ծառուկյան դաշինքի» մասին, ասել է, որ այն սկզբում հայտարարում էր լայն կոնսոլիդացիայի մասին, սակայն վերջում մնաց բացարձակ մենակ։ Նրա կարծիքով՝ «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Ազատ դեմոկրատները» եւս քիչ շանսեր ունեն առաջիկա ընտրություններում։ Ըստ նրա՝ այդ կուսակցությունները ռեյտինգային եւ համամասնական ցուցակներ ձեւավորելու լուրջ խնդիր ունեն. «Այս պարագայում, չեմ կասկածում, որ հանրապետականը կկարողանա մեծամասնություն ձեւավորել։ Կարծում եմ՝ հաջողություն կունենան նաեւ «Հայկական վերածնունդը», ԵԼՔ—ը եւ ՀՅԴ—ն։ Մնացած ուժերի համար բավական դժվար է լինելու»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|