ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 20.11.2017, 15:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 26 » Ադրբեջանը հիմքեր չունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումում/
10:16
Ադրբեջանը հիմքեր չունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումում/

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երրորդ միջազգային համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ Երեւանում։
Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել ՄՄՀՊԻ—ի՝ բարձր որակավորում ունեցող միջազգայնագետներ եւ պրոֆեսիոնալ դիվանագետներ պատրաստող հեղինակավոր դպրոցի շրջանավարտներին, ովքեր ակտիվորեն ներգրավված են տարբեր երկրների արտաքին քաղաքականության ռազմավարության եւ մարտավարության մշակման եւ իրականացման մեջ։ Ձեզանից շատերի հետ մենք շփվում եւ համագործակցում ենք կանոնավոր կերպով։ Գոհունակությամբ եմ ուզում նշել ՄՄՀՊԻ—ի կարեւոր ներդրումը նաեւ Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում։
Ուրախ եմ, որ ինստիտուտն ավարտելուց հետո դուք սերտ կապեր եք պահպանում, ինչի շնորհիվ ձեւավորվել է ՄՄՀՊԻ—ի շրջանավարտների լայն ցանց։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այս տարի մենք նշում ենք արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200—ամյակը, որն ստեղծվել է հայտնի հայ ազնվական դինաստիայի՝ Լազարյանների կողմից։
Անչափ խորհրդանշական է, որ «Լազարյան ճեմարանի 200—ամյակը» Երեւանյան միջազգային համաժողովի գլխավոր թեման է։ Ինձ համար հատկապես հաճելի է նշել, որ այսօր եւս ՄՄՀՊԻ արեւելագիտության դպրոցը շարունակում է Լազարյան ճեմարանի բարի ավանդույթները։
Սկսելով գիշերօթիկ դպրոցի ստեղծումից, որտեղ հայ երեխաները հնարավորություն ստացան լիարժեքորեն յուրացնել հարազատ եւ ռուսական լեզուները՝ զուգահեռ ստանալով բարձրակարգ կրթություն, ուսումնարանի հոգաբարձուները լայն բացեցին դրա դռները նաեւ այլ ազգի ներկայացուցիչների համար՝ այդկերպ վերածելով այն բազմազգ կրթական հաստատության։
Կարծում եմ, կարիք չկա վերապատմել Լազարյան ճեմարանի ամբողջ հարուստ պատմությունը, բավարար է ընդգծել, որ իր գոյության 100 եւ ավելի տարիների ընթացքում այն դարձավ կարեւոր ուսումնական հաստատություն, արեւելագիտության նշանակալի կենտրոն, որտեղ կրթվեց այդ ժամանակվա գիտական, մշակութային, քաղաքական հայտնի գործիչների մի ամբողջ աստղաբույլ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության եւ հավասարակշռության, մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա։ Այս քաղաքականության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգված եւ հետեւողական խորացմանն ու ընդլայնմանը։
Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, գիտական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում սերտ փոխգործակցությամբ բնութագրվող ամուր դաշնակցային հարաբերությունները։
Հայ—ռուսական հարաբերությունները միայն միջպետական համագործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր։
Մենք շարունակում ենք արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում։ Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձեւավորումը եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվացումը։
Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ՀԱՊԿ—ում իր նախագահությանը եւ բծախնդրորեն մոտեցավ առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին։
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։
Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում։
Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է հատկացվում հարեւան երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը։ Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ մեր մյուս հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, մեր երկրի համար առանձնակի կարեւորություն ունի։
Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր արեւմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը, երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը։ Օրեր առաջ Եվրոպական միության խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ համագործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին։ Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ։ Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում։ Ակտիվացրել է իր աշխատանքը միջկառավարական հանձնաժողովը։ Ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիրը։ Դյուրացվել է վիզային ռեժիմը։ Հատուկ շեշտադրում է կատարվում գլոբալ մարտահրավերներին եւ սպառնալիքներին արձագանքման հարցերին։ Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է։ ՆԱՏՕ—ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին։
Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները Ասիա—խաղաղօվկիանոսյան եւ Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ։ Ս.թ. մարտին կայացավ իմ պետական այցը Չինաստան, որի շրջանակներում նախանշվեցին առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Մենք զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձեւաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, որը թույլ կտա բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները։
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խոր բարեփոխումների շեմին։ Բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել եւ ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Արդեն դեկտեմբերի 6—ին կանցկացվի հանրաքվե։
Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի։ Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության հարցերը։ Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը եւ լիազորությունը։ Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
2015 թվականը Հայաստանի ժողովրդի համար խորհրդանշական է իր նորագույն պատմության երկու կարեւորագույն իրադարձություններով. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70—ամյակը եւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Երկուսի հիմնական ուղերձն է՝ չմոռանալ մարդկային ողբերգությունները, դիմադրել պատմության վերանայման փորձերին եւ անցյալից դասեր քաղել՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվեցին «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո։ Այդ միջոցառումների ամենակարեւոր հենասյուներից մեկը դարձավ Հայաստանի ձգտումը՝ իր ներդրումն ունենալու ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում։
Ապրիլին Երեւանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական—քաղաքական գլոբալ համաժողովը՝ հայտնի քաղաքական գործիչների, առաջատար գիտնականների եւ փորձագետների մասնակցությամբ։ Մենք մտադիր ենք համաժողովին տալ պարբերական բնույթ եւ այն դարձնել կարեւոր միջազգային հարթակ ցեղասպանական հանցագործությունների դեմ պայքարի համար։
Այդ հարցում կարեւոր դեր է տրվում փորձագիտական հանրությանը, որի օբյեկտիվ գիտական հետազոտությունների շնորհիվ տրվում են այդ չարաբաստիկ հանցագործության իրավական, բարոյական ու քաղաքական գնահատականներ, եւ բարձրանում է միջազգային հանրության իրազեկության մակարդակը։ Այդ պատճառով մենք սկսել ենք սերտ համագործակցել Գիտնական—ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ եւ Հայաստանում ընդունեցինք նրանց 12—րդ համաշխարհային կոնգրեսը։
Հայաստանը երախտապարտ է այն բազում տասնյակ երկրներին, որոնք միացան մեր նախաձեռնություններին ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում եւ Գլխավոր վեհաժողովում՝ աջակցելով եւ հնարավոր դարձնելով համապատասխան փաստաթղթերի ընդունումը՝ հռչակելով դեկտեմբերի 9—ը որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր։
Մենք մտադիր ենք շարունակել նման նախաձեռնությունները եւ նպաստել այդ դաժան հանցագործության բոլոր դրսեւորումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը։
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Կցանկանայի անդրադառնալ մեր արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարցերից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությանը։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ—ի կանոնադրության եւ այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում։ Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որեւէ պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումներից։ Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
1918թ., Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում՝ Ադրբեջան անունով։ Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու մասին մինչեւ 1918թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել։ Ազգերի Լիգան մերժեց նոր ձեւավորված Ադրբեջանի՝ այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով։ Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով։ 1918—1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրին հայկական բնակչության ջարդեր։ Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց եւ արտաքսվեց։ Այդ սարսափելի կոտորածը թողեց խոր եւ արնահոսող վերք։ Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է՝ «այնտեղ բոլոր կողմերից երեւում են քառասուն հազար մահացած պատուհաններ»։
1920թ. Ղարաբաղը՝ հակառակ իր ժողովրդի կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով։ Ավելին՝ ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից։
1991թ. հոկտեմբերի 18—ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող՝ Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը։ Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց եւ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։
Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասվում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջեւանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով, որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն եւ հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում։ Պետք է նշել, որ Լազարյանները ծագումով հենց Նախիջեւանից էին։ Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետեւելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է։ Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո։ Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձեւավորվել են երկու անկախ եւ իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։
100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ եւ գյուղեր, ջարդելով եւ արտաքսելով հայերին։ Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում որակեց որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ։
Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը եւ ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով. անցկացվեցին ԼՂ եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր։ Նույն ձեւաչափով 1995թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր՝ ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Երկու փաստաթղթերը գործող են առ այսօր, քանի որ անժամկետ են։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ։ Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որեւէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ եւ չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձեւաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ։ Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների՝ ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ։ Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի։
Այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները՝ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը՝ ամրագրված ՄԱԿ—ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում եւ այլ փաստաթղթերում, այլեւ խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընդունած պարտավորությունները՝ լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը։
Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ՝ միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձեւերի էությունը։
ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերի նպատակը, դրանց կարեւորագույն պահանջը «ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր։ Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձեւում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը։
Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձեւերի իրականացումը՝ չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձեւի մյուս դրույթները եւ ՄԱԿ—ի ԱԽ—ի կոչերը։ Մայիսի 12—ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ—ի ԱԽ—ի առաջին բանաձեւերի ընդունումից մեկ տարի անց, եւ ՄԱԿ—ի ԱԽ 4—րդ բանաձեւի ընդունումից վեց ամիս հետո։ Արդյո՞ք կարելի է դա անհետաձգելի համարել։ Հակառակ ՄԱԿ—ի ԱԽ—ի պահանջներին, շրջափակումը, մշտական միջադեպերը, սադրանքները, դիվերսիաները, դիպուկահարների պատերազմը, հակահայկական քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլ «թշնամական գործողությունները» առհասարակ չէին դադարում։ Ավելին՝ 1993—1994թթ. ձմռանը Ադրբեջանը նախաձեռնեց ամբողջ պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Եթե Ադրբեջանը ուզում էր, որ երեք կողմերը իրականացնեին ՄԱԿ—ի ԱԽ պահանջներն ու բանաձեւերը, ապա ինչո՞ւ նա նման հարձակում իրականացրեց։
Ոչ մի բանաձեւում Հայաստանը նշված չէ որպես հակամարտության կողմ։ Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն՝ «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է։ Ավելին, բանաձեւերում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր հակամարտության կողմ։ Եվ բանաձեւերում «ուղիղ շփումներ» հաստատելու կոչերի ներքո համապատասխանաբար հասկացվում էին շփումներ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը հանդիսանում է ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում, սակայն՝ ոչ վերջինը։ Այս ցուցակը կարելի է շարունակել։
Բանաձեւը նույնպես պահանջում է «վերականգնել շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերը»։ Ինչպես արդեն նշել եմ, հակամարտության սկզբից Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության շրջափակում։ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է։
Անվտանգության խորհուրդը նաեւ կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես՝ հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
Վերոնշվածից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ—ի ԱԽ—ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձեւերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները։
Ես ուզում եմ ավարտել ելույթիս այս հատվածը՝ նորից հաստատելով Հայաստանի հավատարմությունը՝ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Համընդհանուր խաղաղության, կայունության, անվտանգության, երկրների եւ ազգերի միջեւ համագործակցության ամրապնդումը, զարգացման պայմանների ապահովումը, ավելի բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է։ Միջազգայնագետ—փորձագետները կարող են իրենց ծանրակշիռ լուման ներդնել այս ազնիվ գործում։ Վստահ եմ, որ ՄՄՀՊԻ—ի շրջանավարտները կարող են կարեւոր դեր խաղալ դրանում։
Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ հետաքրքիր քննարկումներ, հաջողություն՝ ՄՄՀՊԻ—ի շրջանավարտների համաժողովին Երեւանում։
Շնորհակալություն ուշադրության համար։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 92 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017