ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Իրական հնարավորություններ /Հանքարդյունաբերությունը հեռանկար ունի Հայաստանում/
09:52
Իրական հնարավորություններ /Հանքարդյունաբերությունը հեռանկար ունի Հայաստանում/

ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու «ԷյչԷսԲիՍի» բանկի հետ համատեղ երեկ կազմակերպել էր մեկօրյա բիզնես—համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ։
Համաժողովի նպատակը կապերի ձեւավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջեւ, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնապահպանական հարցերում։ Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար եւ 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից է, հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքերով՝ հանքարդյունաբերության ոլորտն արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի, եւ այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում։ Ըստ նախարարի՝ 2015թ. հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 462 մլն դոլար։
Սուրեն Կարայանը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից է եւ առանձնահատուկ նրանով, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսություն ուղղորդող առաջատար օղակներից մեկն է։
«Նշված ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով»,–ընդգծեց նախարարը։
Սուրեն Կարայանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը եւ այդ նպատակով կիրառում է բաց դռների քաղաքականություն՝ բացառելով որեւէ սահմանափակում ներդրումների համար։
Նախարարը նշեց, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը կատարելագործելու ուղղությամբ, ինչը օտարերկրացի ներդրողների համար կբացառի խտրականությունը։ Բացի այդ, ըստ նրա, աշխատանքներ են տարվում նաեւ ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ խնդիրների լուծման ուղղությամբ՝ այդ ճանապարհին կարեւորելով պետություն—մասնավոր հատված գործընկերության զարգացումը։
Սուրեն Կարայանը կարեւորեց նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ավելի ընդլայնելու երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը եւ դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության զարգացման վրա՝ ամերիկյան գործարարների համար ստեղծելով նոր հնարավորություններ։
«ՀՀ կառավարությունը կարեւորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը եւ բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը։ Հայաստանի համար կարեւոր է հանքավայրերի շահագործումն ապահովել էկոլոգիապես մաքուր եղանակով։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, կառավարման ժամանակակից մեթոդներով, բարձր որակավորում ունեցող աշխատուժով։ Մեր ջանքերի միավորմամբ կարող ենք նման արդյունքներ գրանցել»,–ընդգծեց Սուրեն Կարայանը։
«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով եւ միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող եւ շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար։ Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը»,–համաժողովում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ ինչպես գիտեք, դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ—ում եւ արտահանման մեջ։ Այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները սոսկ թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հաջող հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են եւ ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը։ Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան, եւ միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, եւ ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը»,–ասաց դեսպանը։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի մեծ հնարավորություններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը։
Նրա խոսքերով՝ հիմնական մարտահրավերն ու խնդիրն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտն ունի անցյալի բացասական փորձն ու խնդիրները, քանի որ հանքարդյունաբերությունը հիմնականում խորհրդային ժամանակաշրջանից է Հայաստանում։
«Ցավոք, այդ խնդիրն առաջացրել է մի իրավիճակ, որ հասարակության շրջանում մի այնպիսի համոզմունք է ստեղծվել, որ հանքարդյունաբերությունը անպայման պետք է շատ վատ ազդեցություն ունենա բնության վրա։ Մենք՝ «Լիդիան ինթերնեյշնլը», Ամուլսարի օրինակով փորձում ենք ցույց տալ, որ դա այդպես չէ, որ կարող է լինել այլ հանքարդյունաբերություն, ուզում ենք ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել, եւ պարտադիր չէ, որ այն ունենա բացասական ազդեցություն բնապահպանության վրա»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է չափանիշներին, ընկերության տնօրենն ասաց, որ իրենք հետեւում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի չափանիշներին, ինչպես նաեւ միջազգային այլ չափանիշներ կան, որոնց պետք է հետեւել, որպեսզի հանքարդյունաբերությունն իրականացվի բնապահպանական տեսանկյունից բարձր մակարդակով։
«Մեզ հնարավորություն տվեք, մենք դեռ նոր ենք սկսում հանքի շինարարությունը, հրապարակել ենք բնապահպանական—սոցիալական ազդեցության գնահատականը, որը հսկայական աշխատանք է, եւ ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է այլ կերպ աշխատել։ Հայաստանում առաջին անգամ է նման հետազոտություն իրականացվում, եւ դա այն քայլերից մեկն է, որ ցույց է տալիս, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել հանքարդյունաբերությունը»,–ասաց Հովարդ Սթիվենսոնը։
Մեկօրյա համաժողովի ընթացքում եղան նաեւ զեկուցումներ ՎԶԵԲ—ի հայաստանյան գրասենյակի, «ԷյչԷսԲիՍի» բանկի, «Լիդիան ինթերնեյշնլի» եւ ՀՀ կառավարության պաշտոնյաների կողմից։
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 28 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017