Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7–ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ եւ դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ։
Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների եւ առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման եւ հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ։ Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները։
Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր եւ ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը։