ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 27 » 2017–ը հագեցած եւ հաջող տարի էր /Արդյունավետ դիմակայեցինք երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին /
15:17
2017–ը հագեցած եւ հաջող տարի էր /Արդյունավետ դիմակայեցինք երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին /

2017—ը հագեցած տարի էր։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով տարին, անդրադարձել է ապրիլի 2—ին կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնք հաջողված էին. «Այս ընտրությունները հաջողված էին, իրենց թերություններով հանդերձ՝ սրանք լավագույնն էին անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ։ Միջազգային դիտորդների կողմից որեւէ կասկած քաղաքացիների քվեարկության գաղտնիությունն ապահովելու առումով չի եղել։ Այս ընտրությունները շատ կարեւոր քայլ էին ժողովրդավարության զարգացման առումով»։
Հաջորդ կարեւոր իրադարձությունը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, մայիսի 18—ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն էր. «Անկախ նրանից՝ ով է լինելու վաղը կամ մյուս օրը երկրի ղեկավարը, չի կարող անտեսել այդ մարտահրավերները։ Առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, որի դեպքում հետեւյալ բանաձեւը պետք է գործի՝ ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա, եթե չգնանք այս ճանապարհով, արդյունավետ կառավարում չենք ունենալու։ Երկրորդը, ժողովրդագրական խնդիրներն են. մենք դրեցինք հստակ չափանիշ, թե ինչքան բնակչություն ենք ունենալու 2040—ին»։
Նա կարեւորել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին եւ անվտանգության մարտահրավերների արդյունավետ դիմակայումը։ Այդ առումով 2016թ. մեր երկրի համար շատ ծանր տարի էր, իսկ 2017 թ. թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր։ «Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հրապարակ բերված «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը մտնում են «Ազգ—բանակ» կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության եւ հասարակության առջեւ»,–նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից Շարմազանովը կարեւորել է ՌԴ—ի հետ արտոնյալ պայմաններով 100 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագրի կնքումը, որով ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարվի Հայաստանին։


Անփոխարինելի մարդիկ կան
 

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է ներքին եւ արտաքին մի շարք հարցերի. մասնավորապես հարցին, թե 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո որտեղ է շարունակելու իր գործունեությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 
Նա ընդգծել է, որ այդ հարցը իշխող կոալիցիան դեռ չի քննարկել։ Հարցին, ինքն ուզո՞ւմ է, որպեսզի Սերժ Սարգսյանը 2018թ. զբաղեցնի վարչապետի պաշտոնը, Շարմազանովը պատասխանել է. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում գործող պետական քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու եւ ճիշտ լուծումներ տալու աշխատանքը, քան նախագահ Սերժ Սարգսյանը»։
ՀՀ ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե անփոխարինելի մարդիկ չկան։ «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ. կան անփոխարինելի լրագրողներ, նկարիչներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ։ Ինձ համար, օրինակ, Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է, եւ մենք նրա կարիքն ունենք»,–ասել է Շարմազանովը։
ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել կուսակցության առաջնորդը. «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր։ Ես բոլորին շատ սիրում եւ հարգում եմ, բայց կարծում եմ՝ օբյեկտիվորեն այդպես է բոլորի համար։ Թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ իմ, թե՛ Վիգեն Սարգսյանի, թե՛ Տարոն Մարգարյանի եւ մնացածի համար մեր կուսակցության լիդերը Սերժ Սարգսյանն է։ Իսկ թե 2018թ. նա ո՞ր պաշտոնում կլինի, մենք կքննարկենք, ինչպես մեր երկրի համար ավելի արդյունավետ կլինի, այնպես էլ կորոշենք»։
Անդրադառնալով ներկայիս ընդդիմության աշխատանքին՝ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում ընդդիմությունը եթե իշխանություններից ոչ ավելի, ապա ոչ պակաս պաշտպանում է Հայաստանի շահերը։
Ըստ նրա՝ նախկինում եղել են հայրենասեր, կառուցողական աշխատող ընդդիմադիր խմբակցություններ, որոնց ինքը հարգում է. «Ոչ միշտ է, որ ընդդիմության գործունեությունը կարող է իշխանությանը հրաշալի ու հաճելի թվալ, բայց նրանք դրա համար չեն, որ իրականացնեն իշխանության ցանկությունները։ Նրանք ունեն իրենց քաղաքական օրակարգը։ Գուցե մենք բախվում ենք ելույթներով, մտքերով, բայց դա նորմալ է, աննորմալ կլիներ, եթե իշխանությունը ծափահարեր ընդդիմության նախաձեռնություններին, ընդդիմությունն էլ՝ իշխանության բոլոր նախաձեռնություններին»։
Էդուարդ Շարմազանովը գաղափարական բախումների առկայությունը նորմալ է համարում. «Այնպես չէ, որ մենք իդեալական ենք, որ ես էլ ընդդիմությանը գնահատական տամ։ Ես միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս տեսնել սեփական աչքի գերանը, հետո դիմացինի աչքի փուշը։ Դրա համար ես առաջինը պետք է տեսնեմ իմ աչքի գերանը, հետո նրանց աչքի փուշը»։


Հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը
 

Շարմազանովն անդրադարձ է կատարել նաեւ ԼՂ հակամարտությանը։
Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահ երեք երկրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը նա հայկական դիվանագիտության համար կարեւոր հաջողություն է համարում։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը։
«Սակայն դրանից հետո տեղի ունեցավ եւս մեկ հանդիպում Ժնեւում, որից հետո 4 տարվա ընթացքում առաջին անգամ ունեցանք համանախագահ երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն այն մեխանիզմների իրականացման վերաբերյալ, ինչ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում, եւ որը նրանք ջանասիրաբար մեկ տարի փորձում էին արհամարհել»,–նշել է Շարմազանովը։
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել եւ կոշտացրել է իր դիրքորոշումը. «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, հակաադրբեջանական կամ հակաթուրքական հասարակություն չենք կառուցում։ Մենք կառուցում ենք հասարակություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ չկա թշնամանք։ Իսկ Արցախի ժողովրդի պայքարը պայքար է հանուն անկախության եւ ազատության»։
Նա նկատել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչեւ օրս չեն գիտակցում, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ—ից։ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային Միությունից մինչեւ դրա փլուզումը, ինչպես դա արեցին այժմ ԵՄ 3 անդամները՝ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան։ Ես Ռիգայում էլ եմ ասել, որ հարցականի տակ դնելով այս հարցը, հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը, իսկ աշխարհը, Ադրբեջանն ուզի, թե չուզի, գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով,–ասել է նա եւ ավելացրել.–Բանակցություններն ինչի՞ն են նվիրված, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն ինչի՞ն է նվիրված։ ՄԽ հիմքը հետեւյալն է՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը։ Մեր նպատակը Արցախի ժողովրդի կողմից իր վերջնական ճակատագրի որոշումն է, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Սա է խնդիրը։ Բանակցությունների թեման սա է»։


Բարելավվել են միջազգային հարաբերությունները
 

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ Եվրոպական միության հետ ընդլայնված եւ համապարփակ համագործակցության մասին՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրումը եւս մեկ անգամ ապացուցում է՝ Հայաստանը իրականացնում է արտաքին քաղաքականություն, որը բխում է բացառապես պաշտոնական Երեւանի շահերից. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեր դաշնակցային ներկայությունը ԵԱՏՄ—ում եւ ՀԱՊԿ—ում, սակայն միեւնույն ժամանակ մենք շատ ենք կարեւորում քաղաքական երկխոսության զարգացումը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում»։
ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Եվրոպական միության հետ համաձայնագիրը Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունի երկրի տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման եւ քաղաքական երկխոսության զարգացման տեսանկյունից։
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահն ասել է. «Մենք հայ—ռուսական հարաբերությունները որակում ենք որպես դաշնակցային, ու դրանք ունեն մեծ հնարավորություն զարգանալու բոլոր ոլորտներում»։ Նա ընդգծել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ռուս գործընկերների հետ. «Մեր հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու շարունակվեն, ՀԱՊԿ—ից մենք ունենք արդեն լուրջ հայտարարություններ, որը ընդունվեց Մինսկում նախագահների հանդիպման ժամանակ, երկրորդ տարին անընդմեջ ՀԱՊԿ—ի խորհուրդը ընդունեց բանաձեւ, որոնց մեջ ներառված են Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն ու երեք հայտնի սկզբունքերը ԼՂ կարգարվորման հարցում»։
Անդրադառնալով ԵԱՏՄ—ին՝ նա ասել է, որ այն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն. «Մենք տարածաշրջանում լավագույն երկիրն ենք տնտեսական ակտիվության առումով, Հայաստանն առաջ է թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, թե՛ Վրաստանից, թե՛ ԱՊՀ բոլոր երկրներից»։
Էդուարդ Շարմազանովը հայ—իրանական եւ հայ—վրացական հարաբերություններում եւս լուրջ զարգացում է նկատում։
Անցնող տարում Հայաստանի եւ Իրանի միջեւ եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ։ Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Իրանն ունի շատ հավասարակշռված դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. «Իրանի քաղաքականությունը, արաբական որոշ երկրների չեզոք դիրքորոշումը գալիս են քանդելու Ադրբեջանի այն կեղծ քաղաքականությունը, թե ղարաբաղյան հիմնահարցը կրոնական խնդիր է»։
Ինչ վերաբերում է մեր հյուսիսային հարեւանի հետ հարաբերություններին, ապա հատկանշական է, որ օրերս պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Պարոն նախագահի այցը Վրաստան բավականին հագեցած էր։ Գրեթե բոլոր հարցերում մենք ունենք լիարժեք փոխըմբռնում մեր վրացի գործընկերների հետ։ Թե քաղաքական, թե խորհրդարանական երկխոսության, թե տնտեսական ծրագրերի հետ կապված՝ մեր վրացի գործընկերների մոտ կար շատ լուրջ ընկալում եւ աշխատանքի պատրաստակամություն, եւ ես հույս ունեմ, որ 2018 թ. թե հայ—վրացական, թե հայ—իրանական հարաբերությունների զարգացման համար կարեւոր տարի է լինելու»։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ—ամերիկյան հարաբերությունները վերելքի վրա են, եւ Հայաստանը պետք է շարունակի ամեն ինչ անել, որ հարաբերությունները զարգանան։ Հայաստան—ԱՄՆ հարաբերությունները գործընկերային են, եւ 25 տարիներին երկկողմ հարաբերություններում հաջողություններ են գրանցվել։
Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը ՄԱԿ—ում՝ Երուսաղեմի հարցով, Շարմազանովը նշել է, որ այն բխել է Հայաստանի շահերից։
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի վարվել Վրաստանի պես, չի քվեարկել ձեռնպահ, արդյոք Հայաստանին չի՞ սպառնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ «դեմ» քվեարկողների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվելու, Շարմազանովն այսպես է արձագանքել. «Վրաստանն ունի իր խնդիրները, Հայաստանն ունի իր մարտահրավերները, Ռուսաստանը՝ իրենը։ Հայաստանը Երուսաղեմի հարցում քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է գործող բանակցային գործընթացը, ինչպես ՄԱԿ—ի կողմից ընդունված բանաձեւերը, ձեւաչափերը, այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի շահը։ Ո՞րն է դա՝ չանել քայլեր, որոնք հավելյալ լարվածություն կմտցնեն Երուսաղեմում, որոնք չեն բխի հայկական համայնքի շահերից, որոնք դեմ կլինեն այն բանակցային տրամաբանությանը, որը ընդունել է ՄԱԿ—ը Երուսաղեմի հարցով»։
Ըստ նրա՝ ինչպես Հայաստանն ակնկալում է, որ Ղարաբաղի հարցով աշխարհի որեւէ երկիր չպետք է ընդունի ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանաձեւեր, որոնք դեմ են Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին ու սկզբունքներին, այնպես էլ Երուսաղեմի հարցում եւս կան ձեւաչափեր ու սկզբունքներ եւ «աննորմալ կլինի, որ Հայաստանը աշխարհից պահանջի Ղարաբաղի հարցում պահպանել բանակցային սկզբունքները, ձեւաչափը, իսկ ինքը մեկ այլ հարցում դրանց դեմ հանդես գա»։
Նա նշել է, որ այդ քվեարկությունից հետո մեզ ոչինչ չի սպառնում, քանի որ Հայաստանը վարվել է այնպես, ինչպես վարվել են աշխարհի մի շարք պետություններ, ինչպես վարվել են ՄԱԿ—ի անդամ երկրները. պաշտոնական Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը չեն կիսում պարոն Թրամփի կարծիքը։
Խորհրդարանի փոխխոսնակն ասել է, որ Հայաստանը պետք է ճկուն քաղաքականություն վարի, առաջնորդվի իր շահով, «մի վնասիր» սկզբունքով։


Ընդդեմ ցեղասպանության երեւույթի
 

Խոսելով հաջորդ տարվա անելիքներից՝ ԱԺ փոխխոսնակն ասել է, որ Հայաստանը 2018թ. եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու գործընթաց կսկսի. «2018թ. մենք այդ գործընթացը սկսելու ենք եվրոպական առնվազն 2—3 երկրում։ Չեմ կարող ասել, որ հենց 2018թ. դա միանգամից հաջող ավարտ կունենա, բայց գործընթացը պետք է սկսվի»։
Շարմազանովը հավելել է. «2018թ. ցեղասպանությունների դատապարտման ՄԱԿ—ի կոնվենցիայի 70—ամյակն է։ Եվ այդ կոնվենցիայի ընդունման հիմքում Ռաֆայել Լեմկինը դրել էր «Genocide» տերմինը, որի հիմքում ընկած էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ կոնվենցիայի 70—ամյակը պետք է համախմբի բոլոր պետություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին՝ հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ ցեղասպանության երեւույթի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ 20—րդ դարում իրականացված մյուս ցեղասպանությունները ունենան հստակ պատիժ»։
Շարմազանովը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով դրական է համարում նաեւ անցնող տարին։ Նա հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 24—ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձեւ, որում դատապարտում էր օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։


Թե՛ միս, թե՛ կարտոֆիլ
 

Խոսելով այն մասին, թե որտեղ է դիմավորելու Ամանորը, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ, ինչպես միշտ, դիմավորելու է ընտանիքի հետ՝ Ալավերդիում։
«Ամանորը դիմավորելու եմ Լոռիում՝ մայրիկիս, եղբորս ընտանիքի հետ, Ամանորին կլինենք Լոռիում, իսկ այս տարի նույնպես ինձ պատիվ է վերապահվել լինել Ախթալայի եկեղեցու խաչքավորը, հունվարի 5—ին կմասնակցենք այդ արարողությանը, իսկ 6—ին կտոնենք Սուրբ Ծնունդը»,–ասել է նա։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ընտանեկան որեւէ հատուկ ավանդույթ չունեն. «Մեր ընտանեկան ավանդույթն այն է, ինչ կա բոլոր ընտանիքներում, Ամանորը տոնում ենք ոչ թե ռեստորաններում կամ արտասահմանում, այլ՝ տանը»։
Ամանորին ԱԺ փոխնախագահի նախընտրելի ուտեստը մայրիկի պատրաստած տոլման է։
Հարցին՝ Նոր տարուն մի՞ս, թե՞ կարտոֆիլ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Ե՛վ միս, ե՛ւ կարտոֆիլ»։ hhpress.am

Ա. Խ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024