Ազգային
ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» Խորհրդարանական
վեհաժողովի՝ ապրիլի 2—4—ը Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի
աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայկական պատվիրակությունը ապրիլի
5—ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի
մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին։ «Եվրանեսթ»—ում
խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ
լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում
չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել։ Միաժամանակ նա
բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն
հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության
ու խիզախության համար։ Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված
համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը։ Լիագումար
նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով,
ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր
զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին
այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները։ Ավելին՝ զեկույցներում
հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել։ Հանձնաժողովների
աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար
նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով։ Վահան Հովհաննիսյանի
գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները,
նաեւ հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար։
Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ
եվրոպացի պատգամավորներից բացի, նաեւ ադրբեջանցի խորհրդարանականներն են
մոտեցել եւ ներողություն խնդրել նրա պահվածքի համար։ Հայկական
պատվիրակությունը, ըստ բանախոսի, չէր կարող լուռ մնալ, եւ իր հեղինակած ու
անմիջապես տարածած հայտարարությամբ՝ կից փաստաթղթով, Նաիրա Զոհրաբյանի,
Լիլիթ Գալստյանի եւ Ստյոպա Սաֆարյանի ելույթներով, ավելի ուշ՝ մամլո
հաղորդագրությամբ, հակադարձել է Ալիեւի ելույթին ու խեղաթյուրած փաստերին։
«Նախագահ Ալիեւը, միգուցե չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց իր երկրի
քաղաքական իմիջին, որը մենք, որքան էլ ձգտեինք, դժվարանալու էինք հաջողել
անել»,–եզրակացրեց Վահան Հովհաննիսյանը։ Պատվիրակության ղեկավարի
խոսքերով՝ ադրբեջանական ժողովուրդը հայատյացության ու ագրեսիվության որեւէ
դրսեւորում իրենց նկատմամբ չի ցուցաբերել, ինչը պատգամավորին հիմք է տալիս
գնահատելու, որ պատերազմի սպառնալիքով քաղաքական դիվիդենտներ է փորձում
ստանալ միայն մեկ մարդ՝ Իլհամ Ալիեւը։ Այսպիսի տպավորություն է ստացել նաեւ
պատվիրակության ԲՀԿ—ական անդամ Նաիրա Զոհրաբյանը, ում կարծիքով ժողովուրդը
պատանդ է Ալիեւի ու նրա կլանի ձեռքում։ Իսկ պետական քարոզչությունն էլ
ուղղված է այդ կլանի շահերի սպասարկմանը։ Տիկին Զոհրաբյանը ցավով նշեց, որ
եվրոպացի պատգամավորները, ի տարբերություն մասնավոր զրույցներում Ալիեւի
ելույթը դատապարտող գնահատականների, համարձակություն չունեցան այդ մասին
բարձրաձայնելու ամբիոնից։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը,
հղում կատարելով իր ելույթին, Ալիեւի ուղերձը համարեց ԼՂ հակամարտության
կարգավորման բանակցային ընթացքը վտանգող, ինչպես նաեւ՝ անդամ երկրների
ժողովրդավարեցմանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական նոր ձեւաչափ
ստեղծելու՝ «Եվրանեսթ»—ի ջանքերը փոշիացնող։ Նա անընդունելի համարեց
Ալիեւի՝ «ֆաշիստ» անվանարկելը հատկապես մի երկրում, որտեղ մարդիկ
դատապարտվում են քաղաքական հայացքների համար։ «Ժառանգություն»
խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խոսեց հիմնականում հանձնաժողովներում
կայացած քննարկումների մասին։ Արդյունքում հայկական կողմին հաջողվել է
զեկույցում ներառել գնահատական փակ սահմանների քաղաքականության վերաբերյալ,
նաեւ՝ ողջունել Հայաստանի ատոմակայանի թեսթավորումը ԵՄ չափանիշներին
համապատասխան։ Հայ պատգամավորները նշեցին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ իրենց մեկուսացրել էին թե տեղական եւ թե արտասահմանյան լրատվամիջոցներից։ Հայկական պատվիրակությունն այցելել է Բաքվի հայկական եկեղեցի։
|