Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները երեկ հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ—ի 50—րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։
ՍԾՏՀ ԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ վեհաժողովի 50—րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ—ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ հարց են քննարկել։ «Կասկածելի էր նման ձեւաչափով քննարկումը։ Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը»,–ասել է Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ՀՀ պատվիրակության կողմից այս քայլը որակվել է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ։
Ավելի ուշ պարզվել է, որ ընդունված հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։
Ըստ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի՝ ՍԾՏՀ ԽՎ—ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք չի եղել. «Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար։ Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է վեհաժողովի դահլիճը»։
Ավելի ուշ հայկական պատվիրակությունը վերադարձել է դահլիճ, եւ Գագիկ Մինասյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։
Ըստ Գագիկ Մինասյանի՝ հռչակագրում վեհաժողովի կողմից ընդունված այդ կետը որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա։ «ՍԾՏՀ ԽՎ—ն տնտեսական ուղղվածություն ունեցող կառույց է եւ բացարձակ անկախ չէ։ Այս երկու կարեւորագույն հանգամանքները թույլ են տալիս նշելու, որ այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, որն ունեն այլ խորհրդարանական վեհաժողովների որոշումները»։
Մինասյանի խոսքով՝ այս հայտարարությունը նաեւ չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ Արցախի հակամարտությունը այլ կոնֆլիկտներից տարբերվում է, կա միջազգային մանդատ ունեցող կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մնացած բոլոր կառույցների կողմից խնդրի կարգավորման առումով միակն է ընկալվում, ու այն երեք սկզբունքները, որոնք հռչակված են այդ կառույցի կողմից ընդունելի են բոլորի համար։
Ըստ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանի՝ ընդունված հռչակագիրը վերաբերում էր ՍԾՏՀ ԽՎ—ի գործունեության 25—ամյակին, եւ պարզապես անհեթեթություն էր նմանօրինակ քաղաքական ձեւակերպում ընդունել նման փաստաթղթում։
Աղվան Վարդանյանը եւս ընդգծել է, որ ընդունված հռչակագիրը չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, եւ այն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ. «Եվ այս համատեքստում ՍԾՏՀ ԽՎ—ի գլխավոր քարտուղարը, ով ազգությամբ ադրբեջանցի է, փորձեց ինչ—որ մի բան անել՝ իր գործունեությամբ եւ հայտարարություններով վնաս հասցնելով կառույցի վարկանիշին եւ շահերին»։
ՍԾՏՀ ԽՎ—ում հայկական պատվիրակության անդամները նշել են, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է հռչակագրին՝ անընդունելի որակելով նման գործելաոճը։
ՍԾՏՀ ԽՎ—ում հայկական պատվիրակության անդամները ափսոսանք են հայտնել, որ հայաստանյան լրատվամիջոցները, լինելով անհրաժեշտ չափով չտեղեկացված, սխալ գնահատականներ են հնչեցրել հռչակագրի եւ հայկական պատվիրակության գործունեության վերաբերյալ։
Պատվիրակության անդամները նշել են, որ հետագա գործունեության հետ կապված մշակվում են որոշակի ծրագրեր եւ ռազմավարական քայլեր։
Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունն ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերին անցնելու է Հայաստանին։
«Դրանից 6 ամիս անց Հայաստանին է անցնելու նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում նախագահությունը»,–հավելել է Վարդանյանը։
Նա նկատել է, որ այս առումով թե ՍՏԾՀ կազմակերպությունում, թե խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը լուրջ աշխատանքներ ունի իրականացնելու, ինչին իրենք պատրաստ են։
|