ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ աջակցության համակարգի ձեւավորման եւ կիրառման հետ կապված հարաբերությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեռեւս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2008–2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ։
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաեւ «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը։ Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձեւավորմանը, աշխատատեղերի ավելացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման։ «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք, խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ եւ այն կներկայացնենք հանրության դատին,–հավելել է վարչապետը։–Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի մոտ եւ արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն։ ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը։ Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաեւ այլ գործիքակազմի հետ միասին։ Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները։ Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start–up բիզնեսների ֆինանսավորմանը։ Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start–up–երի համար, եւ այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց։ Նաեւ համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաեւ ՏՏ ոլորտի կողմից»։
ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առեւտրական եւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչեւ 1.5 տոկոս։ Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո։ Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը։ «Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը,–հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։–Ազգային ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլեւ առաջին հերթին փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Բազմաբնակարան շենքեր վթարային շենքերի բնակիչների համարԳործադիրն նիստում Երեւանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը։ «Մ.Ս.Գ. գրուպ» եւ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ–ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել եւ պարտավորվել մինչեւ 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը։ Կառավարությունը Երեւանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ–ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների եւ պարտականությունների իրավահաջորդ։ Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը։
Կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը։ Այժմ Երեւանում հաշվառված են 4–րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր։ Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4–ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել եւ որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան եւ 500 քմ ոչ բնակելի տարածք։
Հիվանդը կկարողանա արտահանել իր արյունըՀՀ կառավարությունն իր նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում։ Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը։ Օրինագիծը նաեւ բովանդակում է դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման բնականոն իրականացման ժամանակ գործընթացներում ներգրավված անձանց առողջության պահպանման դրույթներ։ Նախագծի մշակմանը, բացի առողջապահության նախարարությունից, մասնակցել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով եւ բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից։
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը։ Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչեւ 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք բխում են ՄԱԿ–ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. կոնվենցիայի պահանջներից։
ՄԱԿ–ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակը հետազոտել եւ գնահատել է մեր երկրում գործող օրենքը, որը, ըստ գնահատականի, ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարեւորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն։ Դրանցից են քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությունը եւ այլն։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը։
ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առեւտրական եւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչեւ 1.5 տոկոս։ Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո։ Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը։
Օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Մաքսային միությանն անդամակցելն ավելացնում է աշխատանքի ծավալըՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ–ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն եւ անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի)։
Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ։ Ընդսմին, նախարարության հիմնավորմամբ ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով եւ շարունակվելու է տեսանելի ապագայում։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։
Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է եւ արդեն հանգեցրել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի ծավալի մեծացմանը։ Մասնավորապես, կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն։
«Արի տուն» ծրագրի սփյուռքահայ մասնակիցները ՀայաստանումՆախորդ տարի «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է աշխարհի 34 երկրի 920 սփյուռքահայ երիտասարդ։
Այս տարի եւս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը։
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը երեկվա նիստի օրակարգում էր, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների եւ գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները։ 2014 թվականին ակնկալվում է մինչեւ 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։
«Քվանտը» ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից է, այլեւ հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական–գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել։
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաեւ ՄԲ դիպլոմ, որը առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է։
Նկատի առնելով այս ամենը եւ այն, որ «Քվանտի» համար տարածքի հարցը կենսական նշանակություն ունի, կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ։ «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում։
Կառավարությունը կարեւորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված Կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը։ Եվ քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ–ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ։
Բարեփոխվում է գանձապետական համակարգըԿառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաեւ ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները։
Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով։
Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով։ Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից։ Հարցին վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը եւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը։ hhpress.am