ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 27 » Առկա է լարվածության սրման վտանգ /Ոստիկանությունը հավաքը Խորենացու փողոցից տեղափոխելու կոչ է արել/
15:57
Առկա է լարվածության սրման վտանգ /Ոստիկանությունը հավաքը Խորենացու փողոցից տեղափոխելու կոչ է արել/

Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում տեղի ունեցած հավաքից ու խաղաղ երթից հետո թվում էր այդ տարածքում գիշերը խաղաղ կլինի, սակայն, ցավոք, ծավալվել են վտանգավոր իրադարձություններ։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25—ի երեկոյան՝ ժամը 20.00—ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00—ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։
Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են «Էրեբունի» հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
«Էրեբունի» ԲԿ—ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը տեղեկացրել է, որ միջադեպի ժամանակ վիրավորված Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ըստ նրա՝ Աշոտ Պետրոսյանը ստացել է երկու ստորին վերջույթների հրազենային գնդակային վիրավորում եւ աջ ազդոսկրի կոտրվածք։ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր հրազենային վնասվածք, աջ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածք՝ սրունքի ոսկրերի կոտրվածքով։
Նա նաեւ նշել է, որ տուժածների՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելը կտեւի կարճ, քանի որ նրանց վիճակը միջին ծանրության է եւ վերահսկելի։
Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով երեկ կեսօրին մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ, որից 5—ը՝ ոստիկան։ Այս մասին «Panorama.am»—ին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։
Զինված խմբի վիրավորված անդամներին «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Իսկ հանրային պաշտպանի գրասենյակը հանրային պաշտպաններ է տրամադրել նրանց։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ «Ֆեյսբուք»—ում գրել է, որ խումբն այրել է նաեւ չորրորդ մեքենան՝ «Սամանդ» մակնիշի պարեկային մեքենա։
ՊՊԾ գնդին պատկանող չորս ոստիկանական մեքենաներ հրկիզելու իրավական հետեւանքներին անդրադարձել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Նա «Panorama.am»—ին ասել է, որ խնդիրը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185—րդ հոդվածով՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»։ Մասնավորապես, հոդվածի 2—րդ կետով առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում, եթե «կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով», իսկ նույն հոդվածի 3—րդ կետով նախատեսվում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում, եթե գործողությունն «առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»։
Ինչ վերաբերում է ոչնչացված կամ վնասված գույքի արժեքի փոխհատուցմանը, ապա փաստաբանի խոսքով, հարցը քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում է. «Ցանկացած արարքի դեպքում, երբ վնաս է պատճառվում, տուժող կողմը քաղաքացիական հայցով այդ գումարի պահանջի իրավունքն ունի»։
Իսկ ՀՀ ոստիկանությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Խորենացի փողոցի հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, քանի որ հակառակ դեպքում չի ունենա «այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»։
Ըստ ոստիկանության, պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երեւանի Խորենացու փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարեւանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20—ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով եւ այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետեւանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք։
ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ։
Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող եւ բախումներ հրահրող հանցավոր գործողություններ։
Այսպես, հուլիսի 21—ին ձերբակալված անձանցից մեկը փորձել է նռնակ բերել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչեւ նշված վայր հասնելը, իսկ հուլիսի 22—ին ձերբակալված մեկ այլ անձ փորձել է բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկներ («մոլոտովի կոկտեյլ») տեղափոխել նույն վայր։
Առկա են նաեւ արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու եւ զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար»։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը փաստել է, որ Խորենացու փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական եւ անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետեւանքներով։ Հետեւաբար, հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով։ Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջել է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը։
«Խորենացու փողոցում նախատեսված հանրահավաքը չի չեղարկվի կամ մեկ այլ վայր չի տեղափոխվի»,–«Aysor .am»–ին ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ եւ հանարահավաքի համակարգող Ալեք Ենիգոմշյանը։
Երեկ կեսօրից հետո հայտարարությամբ է հանդես եկել ազգային անվտանգության ծառայությունը՝ զգուշացնելով, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսեւորել ողջամիտ զսպվածություն։
Բացի այդ, հայտարարության մեջ ասված էր. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի եւ առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաեւ գույքի ոչնչացումը։ Հուլիսի 26—ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ։
Նոր հանցանքների կատարումը կանխելու եւ խափանելու նպատակով ազգային անվտանգության ծառայությունն այսուհետեւ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ։
Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին եւ նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»։
ԱԱԾ—ն նաեւ զինված խմբի գործողությունների նախահարձակ եւ սադրիչ բնույթի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ապահովված են սննդով։
Իսկ երեկ երեկոյան Խորենացու փողոցում կայացած հերթական հավաքին հաջորդել է նրա մասնակիցների երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ 


ՄԻՊ—ի դիրքորոշումը եւ առաջարկները
 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը եւ առաջարկները Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Դրանում մասնավորապես ասված է.
«Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը։ Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսեւորում։
Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23—ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից տարածվեցին տեսանյութեր եւ հետագայում հրապարակումներ, որոնցում առկա են բռնության կոչեր։ Մասնավորապես, դրանցում հնչում են բենզինի շշերով, քարերով իրենց ճանապարհը փակողի գլխին հարվածելու, փողոց դուրս գալու եւ վառելու ու բռնություն ենթադրող այլ կոչեր։ Համաձայն հրապարակային տվյալների՝ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվեցին նաեւ մեքենաներ հրդեհելու, փոխհրաձգության դեպքեր։
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձեւի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը։ Սոցիալական ցանցերում առկա են նաեւ հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները եւ խրախուսում են բռնությունը։
Հորդորում ենք բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաեւ չստուգված եւ ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց։ Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը։
Կարծիքներ են տարածվել նաեւ այն մասին, թե մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սնունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորությունները տարածվում են բացառապես այն անձանց պահման պայմանների վրա, ովքեր պետության կողմից իրենց կամքին հակառակ ազատությունից զրկվել են ենթադրյալ հանցանք կատարելու համար, այսինքն՝ գտնվում են անազատության մեջ (ձերբակալվածների պահման վայր, քրեակատարողական հիմնարկ եւ այլն) եւ այդ վայրից իրենց կամքով ազատ հեռանալու կամ, այլ կերպ ասած, ապամեկուսանալու հնարավորություն չունեն։ Այսինքն՝ այս դեպքով մարդու իրավունքների պաշտպանի կողմից որեւէ միջամտություն կդիտվի որպես օրենքով նախատեսված լիազորությունների սահմանների անցում։ Չկա նաեւ միջազգային որեւէ չափանիշ, որը կարող է հակառակը ենթադրել»։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024