Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17–ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա եւ վերցրել են պատանդներ։ Սպանվել է ոստիկանության գնդապետ։ Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին։
Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետեւ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է։ Իրավիճակը խիստ մտահոգիչ է, եւ իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»։
Կրճատվում են պետբյուջեի ծախսերը
Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեում եւ իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ պետական իշխանության մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով։
Որոշման ընդունմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեի դեֆիցիտը եւ ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը 2016թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում եւ փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ։
Աջակցությունը բնակիչներին շարունակվում է
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու եւ կարկտահարության եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հեղեղման հետեւանքով վնաս կրած բնակիչներին։ Կոտայքի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս եւ հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրեւից եւ կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ եւ օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր։ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվել է մոտ 22 մլն դրամ, Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրեւի պատճառով դժվարանցանելի են դարձել Հ30–Անտառամեջ եւ Հ30–Կալավան մարզային նշանակության ճանապարհները, որոնց պաստառը վերականգնելու համար հատկացվել է համապատասխանաբար 4 մլն եւ 6 մլն դրամ։ Անձրեւի եւ կարկտի հետեւանքով անանցանելի են դարձել Կարճաղբյուրի ներհամայնքային ճանապարհները, որոնց նորոգման նպատակով տրամադրվել է 5 մլն դրամ։ Եվս 55 մլն դրամ է հատկացվել Կապան քաղաքի վնասված ճանապարհների վերականգնման համար։
Կակտիվանա պարտատոմսերի շուկան
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նպատակադրվել է ակտիվացնել պետական պարտատոմսերի առաջնային եւ երկրորդային շուկան։ Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռվի պետական կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսերին շնորհել ISO 6166 ստանդարտի համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր(ISIN)։ Ներկայումս պետական պարտատոմսերին յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է պետական գրանցման համար։ Տարբերակիչ ծածկագիրը շնորհվում է պետական պարտատոմսերի շրջանառությունը միջազգային պահառուական համակարգերով ապահովելու, օտարերկրյա ներդրողների համար պետական պարտատոմսերի շուկան առավել հասանելի դարձնելու համար։ Որոշման արդյունքում ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերը ճանաչելի կդառնան միջազգային պահառուական համակարգերում, կընդլայնեն օտարերկրյա ներդրողների կազմն ու աշխարհագրությունը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում դեբիտորական պարտքերի իրական պատկերն արտացոլելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ ձեւավորվում է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգվում են դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետեւ որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր դուրս են գրվում՝ շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը։ Հարցը զեկուցողին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանրությանը ներկայացնել որոշման մանրամասները, տալ պարզաբանումներ։
ՀԱԷԿ–ի եւ Երեւանի ՋԷԿ–ի ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով ստացվելիք 30 մլն ԱՄՆ դոլար վարկից 2016թ. մասհանվող գումարները կառավարության որոշմամբ ներառվել են ՀՀ 2016թ. պետբյուջեի եկամուտներում եւ ծախսերում։
Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը
Գործադիրը ներդրումային ծրագրով երեք տարով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։ Ընկերության նպատակն է վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցած Արգիչի գետի ՓՀԷԿ–ը, որը 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ եւ 9500 մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգակասկադ է, օգտագործելով գետի ներուժը, էլեկտրաէներգիա է արտադրելու։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 3.89 մլրդ դրամի ներդրում, որից 850 մլն դրամը հատկացվելու է սարքավորում ձեռք բերելուն։ Ծրագրի իրագործմամբ կպահպանվի 15 գործող աշխատատեղը, 2016–2018թթ. աշխատավարձը 170 հազարից կհասցվի 210 հազար դրամի։ Վերազինման շնորհիվ կստեղծվի եւս 10 ժամանակավոր աշխատատեղ։
ՀՀ կառավարության նախկին երկու որոշման համաձայն, էներգետիկայի ոլորտի 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տվյալ ընկերության տնօրենը ի պաշտոնե։ Նշված ընկերությունների կառավարման համակարգը կորպորատիվ կառավարման կանոնագրքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը որոշել է ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկել նաեւ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածի եւ ակադեմիական/գիտական հաստատություն ներկայացնող առնվազն երկու անկախ անդամի։ Կորպորատիվ կառավարման միջոցով ակնկալվում է բարձրացնել մրցունակությունը, տնտեսական արդյունավետությունը։
Մեկ այլ որոշման փոփոխության միջոցով գործադիրը պարզեցրել, մատչելի ու թափանցիկ է դարձրել սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին հասարակության ծանուցման գործընթացը։
ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացնել 7 մլն 500 հազար դրամ՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման արհեստանոցը համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով, քանի որ այն չունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, արհեստանոցի արդի վիճակը չի բավարարում եւ խոչըդոտում է ուսումնական գործընթացին, այն համալրված է Խորհրդային Միության վաղ շրջանի մեքենասարքավորումներով։ Գյումրի կատարած այցի ընթացքում խնդիրը ներկայացվել է վարչապետին եւ որոշման նախագիծը կառավարություն է ներկայացվել ՀՀ վարչապետի 2016թ. հունիսի 17–ի հանձնարարականի համաձայն։
Հաստատվել է միգրանտների ինտեգրման հայեցակարգը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանում իմիգրանտների ինտեգրման կարճաժամկետ քաղաքականության առաջնային թիրախ խմբեր են ճանաչվել ապաստան ստացած եւ փախստական ճանաչված անձինք (այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանի ապահովումը, լեզվական եւ քաղաքացիական կողմնորոշման դասընթացները), ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողները կամ զավակները (այս անձանց անհրաժեշտ կլինի տրամադրել հայոց լեզվի ուսուցման եւ քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ), ՀՀ քաղաքացու կամ երկրում մշտական կամ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (այս խումբը եւս նախորդ խմբերին տրամադրվելիք ծառայությունների կարիքն ունի) եւ այլն։ Իմիգրանտների ընտրված խմբերի ինտեգրման նպատակով ստորեւ նշված գործողությունների իրականացման համար տարեկան կհատկացվի՝ ա) հայոց լեզվի ուսուցման դասընթացի կազմակերպում՝ 2,4 մլն դրամ, բ) քաղաքացիական կողմնորոշման դասընթացի կազմակերպում՝ 2,25 մլն դրամ, գ) ժամանակավոր կացարանի տրամադրում՝ 13,5 մլն դրամ։ Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել եւ մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1–ը ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծ։
Լուծվում են մայրաքաղաքի հիմնախնդիրները
Երեւանում իրականացվում է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, որը բաղկացած է երկու տրանշից։ Առաջին տրանշը ներառում է Արտաշատի խճուղու եւ Արշակունյաց պողոտայի վերակառուցում/լայնացումը, Շիրակի փողոցի երկարացումը դեպի Արտաշատի խճուղի, ինչպես նաեւ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը։ Երկրորդ տրանշը ներառում է Արգավանդ–Շիրակ, Դավթաշեն–Աշտարակ եւ Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածների կառուցումը։
ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված համաձայնագրով եւ բանկի ֆինանսավորմամբ իրականացվող երկրորդ տրանշով նախատեսվում է ճանապարհահատված կառուցել Արգավանդի ճանապարհային հանգույցից դեպի Շիրակի փողոց։ Այդ աշխատանքի մեկնարկից առաջ Առաջին տրանշով իրականացվել է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքը, որին պետք է հետեւի շինարարության մեկնարկը։ Արգավանդ–Շիրակ ճանապարհահատվածի շինաշխատանքի իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իտալական «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությունը, որը զբաղվում է ճանապարհային, ներառյալ կամրջային կառուցվածքների արտոնագրված շինարարությամբ եւ ունի Վերոնայի առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արհեստագործության պալատի հավաստագիրը, որը վավերական է մինչեւ 2018թ. մայիսի 10–ը։ Բուն շինարարական աշխատանքը սկսելու համար ՀՀ կառավարությունը հաստատեց «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությանը արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված «Երեւանի քաղաքային լուսավորության» եւ «Երեւանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրերի ֆինանսավորման վարկային համաձայնագրերը ներառվել են ՀՀ պետբյուջե։ Դա հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարելավելու Երեւան քաղաքի կոշտ թափոնների կառավարման համակարգը եւ նորացնելու փողոցային լուսավորության ցանցը։ Կոշտ թափոնների կառավարման բարելավման կարեւորությունը պայմանավորված է նոր աղբավայրի ստեղծման եւ Նուբարաշենի աղբավայրի փակման անհրաժեշտությամբ, իսկ քաղաքային լուսավորության ծրագրով կնորացվի 28 փողոցների լուսավորության ցանցը եւ կապահովվի էներգաարդյունավետ լուսավորություն։
Օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը։
Կառավարության եզրակացության համաձայն, օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է եւ այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը եւ հարաբերությունները։ Բացի այդ, նախագիծն առարկայական չէ, չի բովանդակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր։ Նախագծում հստակեցված չեն դրա կարգավորման առարկան եւ նպատակը, սահմանված չէ կիրառվող հասկացությունների եւ տերմինների բովանդակությունը։ Ավելին, նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին եւ չափորոշիչներին, հստակ սահմանված չեն նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը։ Կան նաեւ ներքին հակասություններ, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող դրույթներ։ Հանգամանորեն շարադրելով բոլոր առարկությունները՝ գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին եւ բացասական եզրակացություն տվել։ Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, եւ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքում։ Օրենսգրքի նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
|