«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը անընդունելի է»,– «Aysor.am»—ին ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։
1992—1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ—լեյտենանտ Նորատ Տեր—Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները։ «168.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Երեւանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր—Գրիգորյանցն ասել է, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ. «Այդ անկարգությունը, որին նրանք դիմել են, սխալ է, հակաժողովրդավարական, հակասահմանադրական է։ Իմ կարծիքն այն է, որ նման բաները կատեգորիկ կերպով վտանգավոր են հայ ժողովրդի համար։ Հայաստանում մայդանների ձեւավորումն անցանկալի է, դա հայ ժողովրդի դեմ հանցագործություն է։ Կարծում եմ, որ ՊՊԾ գունդը գրաված մարդիկ պետք է ինքնուրույն լքեն այդ տարածքը, ես միայն չեմ ասում, որ պետք է հանձնվեն, այլ ավելին՝ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց խուլիգանական գործողությունների համար»։
Նրա խոսքով՝ այժմ ամենակարեւորն այն է, որ պետք է ամեն ինչ արվի՝ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար։ «Ամեն ինչ պետք է արվի նոր զոհեր չունենալու եւ արյունահեղություն թույլ չտալու համար։ Բանակցությունները պետք է շարունակվեն»,–ընդգծել է նա։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւս դեմ է համազգային ընդհարումներին. «Հիմա ռազմավարական եւ հեռատես ծրագրերի ժամանակը չէ։ Նման տատանումների ժամանակ կառավարման մեջ պարտադրվում է արձագանքել օնլայն ռեժիմով։ Այսպիսի իրավիճակներում պետք է չհասնել համազգային ընդհարումների, քանզի ընդհարումների ժամանակ միշտ օգտվելու են սրիկաները, եւ մենք կունենանք հեղափոխության դառը պտուղները։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է նվազագույնի իջեցնել իրավիճակի անկառավարելի դառնալու հնարավորությունները»։
Կառավարման փորձագետը հորդորում է այս իրավիճակում ցուցաբերել զսպվածություն եւ չենթարկվել սադրանքների։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը համոզված է, որ խնդրի բռնի լուծումը ոչ մեկին ձեռնտու չէ, անհրաժեշտ է հասնել խնդրի քաղաքակիրթ լուծմանը։ Այս գործում, ըստ նրա, պետք է աշխատանք կատարեն միջնորդները. «Կան մասնագետներ, ովքեր հենց պրոֆեսիոնալ միջնորդներ են, կոնֆլիկտների լուծման մասնագետներ են, բայց այս ընթացքում ոչ մեկին չտեսա»։
Հոգեբանի խոսքով, ոչ ներսում գտնվողները լիդեր ունեն, ոչ էլ ի պաշտպանության նրանց դրսում հավաքված քաղաքացիները, ոչ էլ կա մեկը, ով զինված խմբի եւ իշխանությունների միջեւ միջնորդ լինի։ Սրանից իրավիճակը լարվում է։
Խոսելով խմբի անդամների հոգեբանական վիճակի մասին, Մ. Մադաթյանն ասել է, որ նման իրավիճակում գտնվող ոչ ոք չի կարող գտնվել հավասարակշիռ վիճակում. «Իրավիճակն է ստիպում, որ ունենանք որոշակի էմոցիոնալ վիճակ։ Հավասարակշիռ, սթափ վիճակում գտվող խմբի անդամ, ոստիկան չի կարող լինել այս վիճակում։ Արդյո՞ք սթափ մարդը կարող է այրել ոստիկանական մեքենաներ։ Այդպես արտահայտում են իրենց բողոքը, սակայն տեսան, որ դա գործոն չէ, որն իրենց խնդրին կտա լուծում։ Սթափ մարդը չի շարունակի դա անել»։
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանն էլ ասել է, որ, իհարկե, երկրում կան շատ չլուծված հարցեր, սակայն չի նշանակում, որ մեկը մյուսին սպանելով պետք է լուծի խնդիրները։ «Ժողովուրդն այսօր հոգեբանական վատ վիճակում է գտնվում։ Մենք բոլորս թերացել ենք, որ այսօրվա վիճակում ենք գտնվում։ Հայ ժողովրդին վայել չէ անկախության 25—ամյակի շեմին նման իրավիճակ ստեղծել»,–ասել է արվեստագետը։
«Քանի հույսներդ էդ 30 ավտոմատավորներն են՝ դուք պարտված եք»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը։ Նաեւ նշել է. «Այսօր էլ Խորենացիում հավաքվածները, համացանցային ակտիվիստները, ոչ թե ծափ տային ծռերին, այլ մերժեին երկրում արմատական փոփոխությունների հասնելու այս մեթոդները, խնդիրն արդեն լուծված կլիներ»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|