Հայաստանում առաջին անգամ կիրառվող էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հրավիրված քննարկմանը նշեց, որ քվեարկությանը մասնակցելու են ընդհանուր հաշվով 238 քաղաքացիներ։ «Առաջին անգամ ենք ձեռնարկում այս եղանակով քվեարկություն։ Առաջիկայում չի բացառվում, որ այլ շերտերի եւս ընձեռվի նման քվեարկության հնարավորություն»,—նշեց ԿԸՀ նախագահը։ Քվեարկությունը սկսվել է երեկ, 08։00—ին, կավարտվի մայիսի 1—ին, ժամը 20։00—ին։ Արդյունքներն ամփոփվելու են Հայաստանում քվեարկության ավարտից հետո։ Էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար ընտրողը պետք է օգտվի ԿԸՀ կայքից։ Գրանցվել կարելի է «գրանցում» բաժնի համապատասխան դաշտերում՝ մուտքագրելով անձնագրի սերիան եւ համարը, ծրարով իրեն տրամադրված անհատական ծածկագիրը, քվեարկողի կողմից կամայականորեն ընտրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ցանկության դեպքում նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ հաղորդագրություններ ստանալու նպատակով։ Գրանցվելուց հետո ընտրողը մուտք է գործում «քվեարկել» բաժին, համապատասխան դաշտերում լրացնում գրանցման ժամանակ իր կողմից մուտքագրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ստանում էլեկտրոնային քվեաթերթիկի միջոցով քվեարկելու հնարավորություն։ Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների ամփոփումը եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է մայիսի 6—ին՝ 20։00—ից հետո։ ԿԸՀ որոշմամբ սահմանվել է համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների՝ էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը եւ ժամկետները՝ համաձայն հավելվածի։ Նշված կարգի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա։
|