Հայաստանը առաջարկում է
զարգացնել ինտեգրումը Եվրասիական մաքսային միության հետ՝ տալով
հանրապետությանը հատուկ կարգավիճակ: Տարածքային առումով հեռու գտնվող
երկրին տնտեսական տարածության մեջ ներգրավելու հետաքրքրություն առաջացնելու
համար կարելի է օգտագործել սուբսիդիաներ, դոտացիաներ, օգնություն եւ
արտոնություններ», - ռուսական Газета.Ru էլեկտրոնային պարբերականին տված
հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանը ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԵվրԱզԷս-ի
շրջանակներում ինտեգրման գործընթացներով (նախկին խորհրդային
հանրապետություններից կազմված տնտեսական դաշինք, որի անդամներն են
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Հայաստանը,
Ուկրաինան, Մոլդովան դիտորդի կարգավիճակ ունեն):
Մարտի 20-ին տեղի ունեցած ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին Ռուսաստանի
նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ էր արել դիտորդ երկրներին միության լիակատար
անդամ դառնալ:
«Եթե անդամակցում ես որեւէ միջազգային կառույցի, ստանում ես որոշակի
արտոնություններ: Եթե իրավունքի սուբյեկտ հանդիսացող նման միությանը չես
մասնակցում, համապատասխանաբար քեզ մոտ հնարավոր է խնդիրներ լինեն: Մենք
հարկ համարեցինք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել մեր որոշ դիտորդ
երկրների»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Газета.Ru-ի հարցին, թե Հայաստանը տեսնո՞ւմ է հնարավորություն ԵվրԱզԷս-ի
հետ ավելի սերտ ինտեգրման համար, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. - «Հարցը
այն է, թե ինչպես կընթանան ինտեգրման գործընթացները եւ ինչ ձեւեր կստանան:
Հայաստանն ունի իր խնդիրները՝ կապված մաքսային միության հետ: Համաշխարհային
պրակտիկայում չկա այնպիսի մի օրինակ, որ երկիրն անդամակցի մի միության,
որի հետ չունի ընդհանուր սահման: Այլապես նման միությանը անդամակցելու
օգուտները բացակայում են, քանի որ դա նշանակում է, որ ապրանք արտադրողները,
երբ արտահանում կամ ներմուծում են իրենց ապրանքը, ստիպված են անցնել
մաքսազերծման գործընթացը երրորդ երկրի միջոցով: Արդյունքը դրականի փոխարեն
բացասական է լինում. չի լինում ապրանքների ազատ տեղաշարժ, սակայն երկիրը
ստիպված է լինում համաձայնեցնել մաքսային սակագները մաքսային միության
մյուս մասնակիցների հետ: Դրա համար էլ մենք առաջարկել ենք մեր ռուս
գործընկերներին Հայաստանի եւ Եվրասիական մաքսային միության միջեւ
փոխհարաբերություններում մշակել այլ պլատֆորմ՝ տալով երկրին հատուկ
կարգավիճակ», - ասել է վարչապետը՝ մանրամասնելով. - «Անհրաժեշտ է բանակցել
ընկերակցության բոլոր մասնակիցների հետ, ինտեգրման համար անհրաժեշտ է
ստեղծել տնտեսական խթաններ»:
Անդրադառնալով Եվրամիությանը եւ միաժամանակ ԵվրԱզԷս-ին ինտեգրվելու
գործընթացներում հակասությունների մասին խոսակցություններին՝ վարչապետն
ասել է, որ այստեղ որեւէ հակասություն չկա:
«Ռուսաստանը եւս, չնայած նրան, որ ստեղծում էր Մաքսային միությունը, դրան
զուգահեռ շարունակում էր Առեւտրի համաշախարհային կազմակերպությանն
անդամակցելու աշխատանքները եւ դիտում էր այդ գործընթացները ոչ թե որպես
իրար բացառող, այլ փոխլրացնող: Այդպես էլ մենք ենք հարցին մոտենում:
Հայաստանը հետաքրքրված է իր շուկաների ընդլայնմամբ: Ճիշտ այդպես մենք
դիտարկում ենք Եվրամիության շրջանակում ազատ տնտեսական գոտու անդամ
դառնալու մեր ցանկությունը: Դա, իհարկե մեր տնտեսության զարգացման մեծ խթան
կհանդիսանա», - ասել է Հայասանի վարչապետը:
Газета.Ru-ն անդրադարձել է նաեւ Իրանի շուրջ իրավիճակի սրացմանը եւ դրա հետ
կապված Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը: Հարցին, թե ազգային
շահերի պաշտպանության տեսանկյունից ինչպիսի՞ միջոցներ են դիտարկում
Հայաստանի իշխանությունները, այն դեպքում, երբ Իրանի շուրջ իրավիճակը
վատթարանա՝ ընդհուպ մինչեւ ռազմական կոնֆիլկտի վերածվելը, վարչապետը
պատասխանել է. - «Եթե փորձ արվի ռազմական լուծման, դա մեզ համար
ամենաանցանկալի իրավիճակն է: Մեր հարաբերությունները աշխարհի հետ
կառուցվում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիան շարունակում է
Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանի հետ ոչ մի տնտեսական կապ չունենք:
Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, որ Իրանում կայունություն
լինի: Հակամարտությունը շատ ուժեղ հարված կհասցնի մեր տնտեսությանը,
քաղաքական, սոցիալական իրավիճակին: Իհարկե, մենք շատ ուշադիր հետեւում ենք
իրադրությանը եւ հաշվի ենք առնում այդ ռիսկերը»: