Գերմանիան
պատմական հաշտեցման մեծ փորձ ունի, որը կիրառելի եւ օգտակար կարող է լինել
նաեւ այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում։
Բեռլինում, համենայն դեպս, այդպես են կարծում. մինչդեռ հայ—թուրքական
հայտնի արձանագրությունների ճակատագիրն այսօր անորոշ է։ «Շատ կարեւոր է
խթանել երկխոսությունը, երբ խոսքը 1915—1916 թվականների Հայոց
ցեղասպանության մասին է»,—Երեւանի պետական համալսարանի ուսանողների առջեւ
հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության
պետնախարար Կորնելիա Պիպերը (Ազատ—դեմոկրատական կուսակցություն), ով
Հայաստան է ժամանել ՀՀ—ում ԳԴՀ դեսպանության հրավերով։ Նրա համար տխրեցնող է, որ հայ—թուրքական ցյուրիխյան արձանագրությունները շարունակում են մնալ չստորագրված։ Պետնախարարը
շեշտեց, որ Գերմանիան ուզում է՝ այս տարածաշրջանի երկրներն օգտվեն
Լեհաստանի, Ֆրանսիայի, հրեա ժողովրդի հետ Գերմանիայի հաշտեցման փորձից։ Այս
առումով պաշտոնական Բեռլինը քաջալերում եւ աջակցում է հայ—թուրքական
հաշտեցման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ Գերմանիան կարող է
լուծել առկա կոնֆլիկտները։ Կ. Պիպերը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության մասով Բունդեսթագը 2005—ին համապատասխան որոշում—բանաձեւ է ընդունել։ «Թուրքիայի՝
ԵՄ հարցերով նախարարը վերջերս Գերմանիային կոչ արեց բացել իր արխիվները՝
«1915 թվականին տեղի ունեցածը պարզաբանելու համար»։ Այստեղ պարոն Բաղըշն
ակնարկում է Առաջին աշխարհամարտում Գերմանիայի գլխավոր դերակատար լինելու
իրողության մասին։ Ինչպե՞ս է Բեռլինն ընկալում այս հորդորը»։ Հրավիրված
ասուլիսի ժամանակ պատասխանելով «ՀՀ»—ի հարցին՝ պետնախարարն ասաց, որ
Գերմանիայի արտգործնախարարության արխիվները բաց են եւ հասանելի. հատուկ
բացելու կարիք չկա. «Յուրաքանչյուր թուրք գիտնական կարող է ուսումնասիրել
դրանք. որեւէ խոչընդոտ այդ հարցում չկա»։ ՀՀ—ում Գերմանիայի դեսպան Հանս—Յոխեն Շմիդթը հիշատակեց, որ «Աղետ» ֆիլմը պատրաստվել է հենց գերմանական արխիվային նյութերի հիման վրա։ Ինչ
վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Բեռլինն աջակցում է Մինսկի
խմբի ջանքերին եւ միջնորդական ձեւաչափը փոխելու որեւէ անհրաժեշտություն չի
տեսնում. «Մենք հանդես ենք գալիս առկա ձեւաչափի պահպանման օգտին»։ Կ.
Պիպերը վստահ է, որ չլուծված հակամարտությունները վտանգ են ոչ միայն
տարածաշրջանի, այլեւ ԵՄ—ի համար. հետեւաբար, կողմերը պետք է գնան
հաշտեցման, ինչին, ըստ նրա, կարող են նպաստել հատկապես երիտասարդները։ Գերմանիան
ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման
20–ամյակը. նշանակալի տարեդարձ, որին կողմերը հասել են ամուր եւ հաստատուն
կապերով։ Գերմանիան այսօր Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է։ «Հայաստանն
այս ընթացքում շատ բանի է հասել. շատ անելիք էլ դեռ կա։ Մենք շատ լավ
գիտենք՝ ինչ է նշանակում կառուցել»,—ուսանողների առջեւ ասաց պետնախարարը՝
շեշտելով, որ Գերմանիան ողջունում է Հայաստանի եվրոպական մերձեցումն ու
դրան տանող բոլոր գործողությունները. «Մենք Հայաստանի հետ նույն արժեքային
համակարգն ենք կիսում... Մենք մեծ հարգանք ունենք հայկական հզոր
գիտա—մշակութային ժառանգության հանդեպ»։ Պետնախարարը ուսանողներին ներկայացրեց երկու երկրների միջեւ առկա կրթամշակութային կապերն ու դրանք ընդլայնելու հնարավորությունները։
Նպաստել փոխվստահության ձեւավորմանը
Տարածաշրջանային
այցից առաջ Կ. Պիպերը Բեռլինում հայտարարել է, որ Հայաստանի եւ Վրաստանի
հետ Գերմանիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն. «Այս
գարնանը լրանում է այս պետությունների հետ արտգործնախարար Գենշերի կողմից
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20–ամյակը։ Իմ այցով ես
ցանկանում եմ պատվել այդ առիթը։ Գերմանիան սկզբից եւեթ հանդես է եկել որպես
երկկողմ կարեւորագույն գործընկեր։ Զարգացման քաղաքականության երկկողմ
համագործակցության մեջ մենք եղել ենք երկրորդ խոշոր դոնոր գործընկերը։
Մշակութային հարաբերությունները հրաշալի կամրջող դեր են խաղացել մեր
երկրների միջեւ։ Այդ պատճառով էլ առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս
Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնին, որի բացման պատիվն ունեմ Երեւանում։
Ներկայումս Հայաստանից եւ Վրաստանից շուրջ 3000 երիտասարդներ են ուսանում
Գերմանիայում։ Գերմանիան իր արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների
խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրում նաեւ Եվրամիության շրջանակում։ Ցավոք,
հարավկովկասյան պետությունները կրում են տարածքային ցայսօր չլուծված
հակամարտությունների կնիքը։ Մինչդեռ բոլոր կողմերը մեծապես կշահեին խաղաղ
կարգավորումից։ Մենք ցանկանում ենք նպաստել փոխվստահության ձեւավորմանը։
Առավել ակտիվ տարածաշրջանային համագործակցությունը կարող է բանալի դառնալ
հետագա դրական զարգացումների համար։ Իմ հանդիպումներում ես հստակեցնելու
եմ՝ Հայաստանի եւ Վրաստանի առաջիկա ընտրությունները կարեւոր չափանիշ են
ժողովրդավարական զարգացման եւ դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար»։ Գերմանահայերի
կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը Կ. Պիպերի այցի
կապակցությամբ բաց նամակ է հղել պետնախարարին, որում, մասնավորապես, ասվում
է, որ հայերը շատ են ցանկանում, որ Բունդեսթագի 2005—ի որոշման ուղերձները
լուրջ ընդունվեն. «Մենք ուզում ենք, որ Դուք Երեւանում հաշտեցման նշան
տաք, որտեղ Դուք Ձեր հարգանքը կբերեք զոհերին, քանզի մենք վստահ ենք, որ
հաշտեցումը հնարավոր է միայն ճանաչման եւ հարգանքի հիմքով»։ Նա մատնանշում է, որ ֆրանսիական վերջին զարգացումները պետք է նաեւ գերմանական քաղաքականության վերանայմանը դրդեն։
Ընդլայնված համագործակցություն
Երեկ Կ. Պիպերին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարության
մամլո ծառայությունից մեզ հայտնեցին, որ հանդիպմանը Նալբանդյանն ընդգծել
է՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը
զգալիորեն ընդլայնվել է, եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի
բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Պետնախարարը
նշել է, որ հայ—գերմանական հարաբերությունների ներկա մակարդակի մասին է
վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում
Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը։ Զրուցակիցները խոսել են
հայ—գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել Հարավային
Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին։ Հյուրի
խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի
կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Իսկ այսօր Կ. Պիպերը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին կբացի Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
|