Եվրոպական երկրներն ու ԱՄՆ—ը հրաժարվում են Ղրիմի ժողովրդի հանրաքվեի տեսքով կամարտահայտությունը ճանաչել։ Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն չճանաչելու հայտարարություններով են նաեւ հանդես եկել Վրաստանը, ճապոնիան, Կանադան ու Մեծ Բրիտանիան՝ բնորոշելով այն ոչ լեգիտիմ։ ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ուկրաինայից անջատվելու եւ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի արդյունքները։ Օբաման նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպացի գործընկերները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Կարնին թվիթերյան իր էջում գրել է. «Մենք չենք ընդունում «հանրաքվեն», որը տեղի է ունեցել Ուկրաինայի Ղրիմի շրջանում։ Այս հանրաքվեն հակասում է ուկրաինական Սահմանադրությանը, եւ միջազգային հանրությունը չի ընդունում հանրաքվեի արդյունքները»։ Մինչդեռ Ռուսաստանը պնդում է, որ հանրաքվեն համապատասխանում է միջազգային օրենքներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում պաշտպանել է Ղրիմի հանրաքվեն։ Նա հանրաքվեն անվանել է միջազգային իրավունքին լիովին համապատասխանող։ Պուտինը պաշտոնական Կիեւին է մեղադրել ծայրահեղական տարրերին զսպել չկարողանալու մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը նշում է, որ այդ համատեքստում քննարկվել է Ուկրաինա ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի կարծիքով, առաքելության գործունեությունը պետք է տարածվի ուկրաինական բոլոր տարածաշրջանների վրա։ Ղրիմի ինքնիշխանության կրողը նրա ժողովուրդն է, որի կամքը միանշանակ արտահայտվել է մարտի 16—ի հանրաքվեում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։ Հենց դա էլ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքի իրացումն է, որից Ղրիմի բնակիչներին փորձում էին զրկել Կիեւում ինքնահռչակված իշխանությունները։ Մոսկվան արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ է առանց հապաղելու ձեռնամուխ լինելւ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու բազմակողմ մեխանիզմի ձեւավորմանը, հաղորդել է ՌԴ—ի արտաքին գործերի նախարարությունը։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն առաջարկել է. –ԱՄՆ—ի եւ Եվրամիության հետ կազմել Ուկրաինայի համար աջակցման կոմպակտ խումբ այնպիսի կազմով, որն ընդունելի լինի Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերի համար։ –Ուկրաինայի չեզոք ռազմա—քաղաքական կարգավիճակն ամրագրել ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի բանաձեւում։ –Ճանաչել իր ճակատագիրը որոշելու Ղրիմի իրավունքը՝ նրա բնակչության ազատ կամարտահայտման արդյունքներին համապատասխան։ –Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է անհապաղ սահմանադրական ժողով գումարի բոլոր տարածաշրջանների ներկայացմամբ՝ նոր դաշնային Սահմանադրություն նախապատրաստելու համար։ –Համաժողովրդական հանրաքվեի դնել Ուկրաինայի նոր Սահմանադրության նախագիծը, իսկ այն հավանության արժանանալուց հետո անցկացնել համազգային ընտրություններ։ –Ուկրաինայում ռուսերենին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կրկին կոչ է արել Ռուսաստանին հանդիպել Ուկրաինայի իշխանությունների հետ ու երկխոսություններ սկսել։ Նախքան Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը Էշթոնը ելույթ է ունեցել լրագրողների առջեւ՝ կոչ անելով Ռուսաստանին հնարավորինս արագ սկսել իրավիճակի դեէսկալացիան։ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ հարցին ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, որ իրենք պետք է լավ մտածեն, թե ինչպես արձագանքեն Ռուսաստանի գործողություններին։ «Պատասխան պետք է լինի»,–նշել է նա։ Ըստ որում, Էշթոնն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ ունենա թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ—ի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ղրիմի հանրաքվեն օրինական համարելու դեպքում այն տարածաշրջանում «դոմինոյի էֆեկտ» կունենա, եւ անկայություն կստեղծվի։ Ղրիմի թաթարների առաջնորդ համարվող Մուսթաֆա Ջեմիլեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններից՝ կրկնելով, որ ոչ Թուրքիան, ոչ էլ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն։ Մուսթաֆա Ջեմիլեւը Անկարայում հանդիպել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ՝ քննարկելով ստեղծված կացությունը։ Հանրաքվեի արդյունքներին է անդրադարձել նաեւ Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը։ Նա ճանաչել է դրա արդյունքները. «Ըստ իս, հանրաքվեի արդյունքները որեւէ վեճի տեղիք չեն տալիս։ Դրանք սպասելի էին։ Եվ Ղրիմի ժողովուրդը, որը վախի մեջ էր ապրում, նետվեց այն երկրի գիրկը, որտեղից ծնունդ է առել, քանի որ դուք գիտեք, որ Ղրիմը միայն 60 տարի է, ինչ Ուկրաինայի մաս է կազմում»։
*** Երեկ երեկոյան Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին։ Ըստ հրամանագրի՝ Ղրիմի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվում է մարտի 16—ին կայացած հանրաքվեի հիման վրա։ Ռուսաստանը նաեւ ճանաչում է Սեւաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի կազմում։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից։
|