ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 14:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 24 » Գլոբալ տաքացումը լրջագույն մարտահրավեր է /Աշխարհի երիտասարդությունը պետք է ակտիվորեն մասնակցի դրա հաղթահարմանը/
10:37
Գլոբալ տաքացումը լրջագույն մարտահրավեր է /Աշխարհի երիտասարդությունը պետք է ակտիվորեն մասնակցի դրա հաղթահարմանը/

Մարտի 22–ը Ջրի համաշխարհային օրն է, իսկ մարտի 23–ը մարդկությունը նշում է որպես Օդերեւութաբանության համաշխարհային օր (Մոլորակի ժամ)։ Այդ կապակցությամբ եւ Հայաստանում սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով երեկ մամուլի ասուլիս տվեցին ԱԻՆ «Հիդրոմետծառայության» օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի կենտրոնների պետեր Զարուհի Պետրոսյանը եւ Լեւոն Ազիզյանը։
Նախ տեղեկացնենք, որ օդերեւութաբանության օրը որպես տոն սկսել է նշվել 1961 թվականից՝ 1951 թ. ընդունված համաշխարհային կոնվենցիայի հիման վրա։ Հայաստանը մարտի 23–ը Օդերեւութաբանության օր է հռչակել 2004թ.։ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ընտրվել է «Եղանակը եւ կլիման, երիտասարդության ներգրավվածությունը այդ աշխատանքներին» կարգախոսը։ Ամեն տարի նոր կարգախոս է ընտրվում՝ ելնելով տվյալ տարվա խնդիրներից։
Հանրապետությունն այսօր կանգնած է կլիմայի փոփոխությունների հիմնախնդրի առջեւ, հիմնախնդիր, որը պայմանավորված է ոչ միայն բնական, այլեւ մարդածին գործոններով։ Հետեւաբար, ո՞վ, եթե ոչ երիտասարդությունն այսօր առավել ակտիվորեն պետք է ներգրավվի մարդածին պատճառների կանխման եւ վերացման համընդհանուր աշխատանքներում։ 
«Կլիման այն ոլորտն է, որը մեկ երկրի տարածքում չի ձեւավորվում, կլիման (եղանակը) սահմաններ չի ճանաչում։ Եվ բոլոր երկրները պարտավոր են աշխատել, որպեսզի հնարավոր դառնա եթե ոչ խնդրի ամբողջական լուծումը, ապա գոնե նվազեցվեն այդ վտանգավոր փոփոխություններից սպասվող հետեւանքները»,–ասաց Զ. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետծառայությունը» ունի իր դերն ու նշանակությունը համաշխարհային այդ խնդրի լուծման գործում, կատարել ու կատարում է բավականին աշխատանք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։
Այսօր Հայաստանում գործում է օդերեւութաբանական քառասունութ կայան, որոնցում կատարվում են հանրապետությունում տեղի ունեցող բնակլիմայական երեւույթների շուրջօրյա դիտարկումներ։ Հայաստանում ներկայումս գործում են հիդրոլոգիական ինը կայան՝ իննսունչորս հենակետերով եւ չորս խոշոր ջրամբարներով։
«Հիդրոմետծառայության» համար մասնագետներ է պատրաստում ԵՊՀ–ն՝ աշխարհագրաերկրաբանական ֆակուլտետում։ Այս բուհի շրջանավարտների կեսից ավելին աշխատանք են գտնում կամ «Հիդրոմետծառայությունում», կամ մասնաճյուղերում եւ առնչվող ոլորտներում։ Բավականաչափ բարձր որակ ունեցող այս մասնագետները մասնակցում են ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այլեւ ոլորտի միջազգային գործունեությանը։ Ուսումնասիրությունները, վերլուծությունները կատարվում են միջազգային մակարդակով, համատեղ ուժերով։

Արարատյան դաշտում ծիրանը ծաղկել է

Անդրադառնալով ներկա եղանակային պայմաններին՝ Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ վեգետացիան արդեն սկսվել է։ Ասել է թե՝ բնության «սահմանած» ժամկետից 15–20 օր շուտ (ծիրանն Արարատյան դաշտում սկսել է ծաղկել մարտի 17–ից սկսած։ Բուռն ծաղկումը կլինի մինչեւ ամսի 24–25–ը, երբ այստեղ ծիրանն ամբողջությամբ բացված կլինի)։ «Մենք գիտենք՝ որքան վաղ է ծաղկում ծիրանը, այնքան ռիսկային է ցրտահարության առումով։ Բայց, բարեբախտաբար, առաջիկայում ցուրտ եղանակային պայմաններ հանրապետությունում չեն սպասվում։ Ռիսկայնությունն Արարատյան դաշտի համար պահպանվում է մինչեւ ապրիլի կեսերը, իսկ առաջիկա տասը օրերից հինգում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի Արարատյան դաշտում՝ 0–2 աստիճան, սակայն բացասական ջերմաստիճան չի սպասվում։ Նույնիսկ փոքր բացասական ջերմաստիճանը դեռեւս վտանգավոր չէ, քանի որ ծիրանը դեռեւս լրիվ բացված չէ»,–ասաց Զ. Պետրոսյանը։ Ըստ օդերեւութաբանության կենտրոնի պետի, այս պահին առավել հրատապ է տեղումների խնդիրը։ Մարտը տեղումնառատ չի եղել, մինչեւ ամսի 27–ը կշարունակվի առանց տեղումների եղանակը, իսկ մարտի վերջին արդեն կանխատեսվում են բավական առատ տեղումներ։ Հնարավոր է, որ դրանցով լրացվի տեղումների պակասը՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ։
Այսօր դեռեւս պատրաստ չէ ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումը, սակայն տարեկան միջին նորմայից ելնելով կարելի է ասել, որ ամիսը տեղումնառատ է, հիմնականում ամպամած, որով պայմանավորված՝ առաջին եւ երրորդ տասնօրյակների ջերմային տարբերությունը մեծ չէ՝ երկու աստիճան։

Գարնանային  վարարումներն ուժեղ չեն լինի

Ինչպիսի՞ կանխատեսումներ կան գետերի գարնանային վարարումների վերաբերյալ։ Լ. Ազիզյանի տեղեկացմամբ, գետերի գարնանային վարարումների բնութագիրը պայմանավորվում է նախաձմեռային, ձմեռային եւ գարնանային հիդրոօդերեւութաբանական պայմաններով։ Նախաձմեռային ժամանակամիջոցում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին տեղումները եղել են նորմայից ցածր, իսկ օդի ջերմաստիճանը՝ նորմայից բարձր։ Հետեւաբար այդ փաստը գարնանային վարարումների վրա կունենա բացասական ազդեցություն։ Ձմեռային շրջանում միայն հունվարին են եղել նորմայից բարձր տեղումներ։ Դեկտեմբերը եւ փետրվարը նորմայից ցածր տեղումներով ամիսներ են եղել։ Մարտի 20–ի դրությամբ տեղումները կազմել են նորմայի 50–70 տոկոսը։ Ընդհանուր առմամբ նշված ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել (եթե չհաշվենք Արարատյան դաշտը)։ Հետեւաբար վարարումների վրա բացասական ազդեցություն կունենան նաեւ ձմեռային ժամանակամիջոցի հիդրոօդերեւութաբանական պայմանները։ Քանի որ ապրիլ–հունիս ամիսների կանխատեսումները դեռեւս պատրաստ չեն, հաշվարկներն ընդունվել են նորմային մոտ։ «Արդյունքում ստացվում է, որ գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալները եւ առավելագույն ելքի մեծությունները սպասվում են նորմայից ցածր, նորմայի 60–70 տոկոսը։ Լոռու եւ Տավուշի մարզերի գետերում՝ նույնիսկ 50–60 տոկոս։ Սեւանի ավազանի գետերում՝ 70–80 տոկոս։ Ախուրյանի եւ Ազատի ջրամբարների համար կանխատեսվում է 100 տոկոս լցվածություն, Ապարանի ջրամբարի համար՝ 50 տոկոս լցվածություն (45–50 մլն խմ սահմաններում)։ Ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սեւանա լճի մակարդակի բարձրացում 28–30 սմ։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով եւ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ առանձին մերձափնյա բնակավայրերում հնարավոր են վտանգավոր ելքեր, որի վերաբերյալ կթողարկվեն կարճաժամկետ կանխատեսումներ»,–ասաց Լ. Ազիզյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է, որ ամեն տարի կանխատեսվում է ջրամբարների հարյուր տոկոս լցվածություն, սակայն հետո պարզվում է, որ այդքան չկա, եւ բացը «լրացնում է» Սեւանը, Լ. Ազիզյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Մենք ամեն տարի չենք կանխատեսում հարյուր տոկոս լցվածություն, անցյալ տարի ենք կանխատեսել, սակայն ապրիլ–հունիս ամիսների եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված տրվեց կանխատեսման ճշգրտում եւ կանխատեսվեց 60–70 տոկոս»։ Իսկ Սեւանի մակարդակի վրա լճից բաց թողնվող 240 մլն խմ ջրի ազդեցության մասին ասաց, որ Սեւանա լճի դարավոր պաշարներին ձեռք չի տրվում. «Սեւանա լճի ակտիվ ջրատվության միջին արժեքը կազմում է 260 մլն խմ։ Վերցվող 240 մլն խմ–ն, այն էլ՝ հինգ տարվա ընթացքում, ոչ մի ազդեցություն չի թողնի ջրի դարավոր պաշարների վրա։ Բացասական բալանս, հուսով ենք, չի գրանցվի»։ hhgpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 530 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024