Հայ
ազգային կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ հերթական
հանրահավաքն էր հրավիրել Ազատության հրապարակում։ Ուղերձներն անփոփոխ էին՝
մերժել գործող իշխանությանն ու վստահել կոնգրեսին։ Վլադիմիր
Կարապետյանն իր ելույթում, մասնավորապես, խոսեց արտաքին
քաղաքականությունից, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ
հայտարարությունից։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը բախվում է «ողբերգական իրողության. մարդիկ երազում են վարչակազմի տապալման մասին»։ Նա
համարում է, որ ընտրակեղծիքի «մեքենա» կա եւ առաջարկում է «30
վայրկյանանոց» հեղափոխություն։ Խոսքը քվեախցում ՀԱԿ—ի օգտին քվեարկելու
մասին է, որը Ն. Փաշինյանը որակում է իբրեւ «ձեր բաժին հեղափոխությունը»։ Նա
հնչեցրեց, որ հեղափոխությունը տեղի է ունենալու ոչ թե փողոցում ու
հրապարակում, այլ ընտրատեղամասում, մայիսի 6—ին։ ՀԱԿ գործիչը սուտ համարեց
այն կարծիքը, թե քվեարկությունը վերահսկվում է։ Իսկ մեծամասնականով Ն. Փաշինյանը մտադիր է «ջախջախել» իր մրցակցին։ Գագիկ
Ջհանգիրյանը ներկայացրեց, որ 4 տարի շարունակ ՀԱԿ—ը համառ ու անզիջում
պայքար է մղում իշխանության դեմ եւ շատ զրկանքներ է կրել. «Հիմա կանգնած
ենք շիտակ ու բաց ճակատով։ Մեր ակնկալածը նախագահի արտահերթ ընտրությունն
էր, իսկ ԱԺ ընտրությունները մենք դիտարկում ենք նախագահի ընտրության առաջին
փուլ։ Մենք հակասահմանադրական ոչինչ չենք պահանջում. մենք ժողովրդին ենք
վերադարձնում իշխանությունը ձեւավորելու իր իրավունքը»։ Նա մատնացույց
արեց, որ անցած տարիների ընթացքում ՀԱԿ—ը նախապատրաստել եւ հանրության
դատին է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ իր հայեցակարգը։ Նա կոչ արեց քվեարկել ՀԱԿ—ի օգտին, «եթե ձեզ համար թանկ է մեր հայրենիքը, ձեր որդիների եւ թոռների ապագան»։ Լեւոն
Զուրաբյանն իր ելույթում հնչեցրեց, որ հասարակությանը հետաքրքրում է
ճշմարիտ խոսքը. «Հաղթողը նա չէ, ով փողով է, այլ նա է, ով բաց ճակատով
պատրաստ է ներկայացնել իր արած—չարածը, իր ծրագրերը»։ Լ. Զուրաբյանը նշեց, որ ՀՀԿ—ն ոչ մի բանավեճի չի ներկայանում, որովհետեւ, ըստ նրա, Կոնգրեսի մեղադրանքներին պատասխան չունի։ Իսկ
քվեարկության արդյունքների վերաբերյալ հրապարակված հարցումների
կապակցությամբ ՀԱԿ ներկայացուցիչն առաջարկում է փոխել ՀՀԿ—ի եւ ՀԱԿ—ի
տեղերը։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀՀ իշխանությունների վարած
քաղաքականությունը որակեց իբրեւ «ակնհայտ ապաշնորհ, ինչի պատճառով «երկիրը
նման վիճակի է հասել՝ արտագաղթ, աղքատություն։ Դրանում մեղավոր են
կոալիցիոն բոլոր ուժերը եւ առաջին հերթին՝ ՀՀԿ—ն»։ Դեմիրճյանը շեշտեց,
որ իրենք այս ամենը չեն կարող հանդուրժել. «Եթե մենք ուզում ենք ապրել
ժողովրդավարական երկրում, մեր երեխաների ապագայի համար մայիսի 6—ին պետք է
փոխենք այս իշխանությունը։ ՀԱԿ—ն ի վիճակի է երկիրը դուրս բերել այս
վիճակից»։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը մեկնաբանեց այն
կարծիքները, թե ՀԱԿ—ն անհանդուրժող է եւ չի ուզում միավորել ողջ
ընդդիմությունը. «Այսպիսի բան ասողը քաղաքականությունից ոչինչ չի
հասկանում, միայն զբաղված են մտքեր պղտորելով։ Հաշվի չի առնվում այն, որ
կոնգրեսի կազմում կա 18 կուսակցություն, ինչը երբեք Հայաստանի պատմության
մեջ չի եղել։ Ցույց տվեք աշխարհում մի որեւէ երկիր, որտեղ ընդդիմությանը
հաջողվի միավորել այդքան կուսակցության... Մեզ մեղադրում էին իշխանական
ճամբարից, թե չէինք ուզում երկխոսության մեջ մտնել իշխանության հետ։ Մենք
հստակ արտահայտել ենք, որ մենք պատրաստ ենք երկխոսության իշխանության հետ,
բայց քանի դեռ մեր ընկերները բանտում են, եթե անգամ մի քաղբանտարկյալ էլ
լինի, ոչ մի երկխոսության չենք գնա։ Երբ երկխոսությունը սկսվեց, ասում էին՝
գործարք է. տեսանք, թե ինչպես ավարտվեց այդ գործարքը։ Ընդդիմադիր կողմը
շատ դաժան պայքարից հետո երկխոսության նստեց՝ սկսելով մի այնպիսի նախադեպ,
որ պիտի փայփայվի, գուրգուրվի, դառնա ընդդիմության եւ իշխանության
աստվածաշունչը քաղաքական, բայց էլի գտնվեցին մարդիկ, անգամ մի թերթ, որ այդ
երկխոսության հիմնական ջատագովն էր, համարում էր, թե այդ երկխոսությունը
սխալ է եղել։ Ես երկխոսությունը համարում եմ քաղաքական էթիկայի ամենամեծ
արդյունքը։ Այդ երկխոսության շնորհիվ էր, որ հաջողվեց ազատ արձակել
քաղբանտարկյալներին, գրավել Ազատության հրապարակը, ստանձնել մարտի 1—ի
բացահայտման գործը»։ Խոսելով միասնական շտաբից՝ Տեր—Պետրոսյանը նախ
ասաց, թե իրենց մեղադրում էին, որ չեն համախմբում ընդդիմությանը. «Սակայն
ստեղծեցինք միասնական շտաբ եւ հենց սկսեցինք համագործակցել, այդ նույն
մարդիկ, որ մեղադրում էին, սկսեցին ամեն ինչ անել՝ շտաբի գործունեությունը
վիժեցնելու համար... Շտաբի արժեքը նրանում է, որ այն կուսակցություններն են
միավորվել, որոնք քննադատել են իրար»։ ՀԱԿ առաջնորդի գնահատմամբ՝ շտաբը
շատ լավ գործում է, արդեն սկսել են վերահսկել տեղի ունեցող խախտումները,
սակայն շտաբի անդամներից մեկի վարքը Տեր—Պետրոսյանի համար անհասկանալի է.
«Դա «Ժառանգությունն» է. գուցե կրթությունս չի ներում, չեմ հասկանում իրենց
պահվածքը, քանի որ չեմ հասկանում, զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Ով
հասկանում է, թող նա էլ մեկնաբանի»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
|