ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » Համայնքների զարգացումը՝ երկրի առաջընթացի գերակայություն
15:22
Համայնքների զարգացումը՝ երկրի առաջընթացի գերակայություն

Երկարաժամկետ հեռանկարում պետական միջոցները կգերակշռեն

Մեր երկրի համայնքների զարգացման կարեւորությունից խոսելով՝ հարց էինք բարձրացրել, գուցեեւ առաջին հայացքից ոչ այդքան կարեւոր, բայց իրականում շատ կարեւոր ու հրատապ մի հարց՝ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան ենթադրո՞ւմ է պետական մասնաբաժնի ավելացում (խոսքը սոցներդրումների հիմնադրամի ներգրավելիք միջոցների մասին է)։
Տարածքային զարգացման մասին խոսելիս հարկ է մի բան հստակեցնել, խոսքը ոչ թե այն մասին է, որ մեր համայնքները, պատկերավոր ասած, Երեւանին նմանվեն, այլ՝ որ համաչափ զարգանան։ Այլ կերպ, ամեն ինչ ու ամեն բան միայն մայրաքաղաքում չկենտրոնանա։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նկատում է, որ մեր երկրում սոցիալ—տնտեսական զարգացումներին բնորոշ են տարածքային նշանակալի անհամաչափություններ։ «Շուկայական տնտեսությանն անցման փուլում, սկսած 2000—ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են խորացել եւ շարունակում են անընդմեջ խորանալ՝ հասնելով մտահոգիչ մակարդակի։ Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երեւանում եւ որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում՝ Սյունիք, Կոտայք)՝ որպես արդյունք առաջացնելով երկրի տարածքներում բնակչության աղքատության ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ»։ Հայաստանում աղքատությունն առավել տարածված է փոքր ու միջին քաղաքային բնակավայրերում։ Այդ համայնքներում 2008—2010թթ. աղքատության մակարդակն ունեցել է ամենաշեշտակի աճը։ Այս առումով Երեւանը շարունակում է գտնվել ամենաբարենպաստ վիճակում։ Այստեղ կենտրոնացած է երկրի տնտեսական ընդհանուր աճի գերակշիռ մասը, ինչն էլ պայմանավորում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության առավել բարձր ու աղքատության առավել ցածր ցուցանիշներ։ «Չնայած նախաճգնաժամային ժամանակահատվածի նշանակալի տնտեսական աճին, աղքատ եւ խոցելի համայնքներում, գյուղերում եւ փոքր ու միջին քաղաքներում տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ համայնքներում մատուցվող հանրային ու սոցիալական ծառայությունների հասանելությունն ու որակը դեռ ցածր են»,–նշում է Վ. Տերտերյանը։ Ի դեպ, ինչպես նկատել ենք նախորդիվ, գործադիրը որոշել է, որ տարածքային զարգացման համար Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը պիտի շարունակի գործել։ Ու քանի որ 1996թ. Համաշխարհային բանկի տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ ստեղծված ՀՍՆՀ—ն գործունեություն է ծավալել ներդրումների առյուծի բաժին ոչ պետական միջոցներով, դրա համար էլ արծարծեցինք հոդվածի սկզբում նշված հարցադրումը։
Բանն այն է, որ ՀՍՆՀ—ն անկախ պետական կազմակերպության կարգավիճակ ունի եւ հաշվետու է ՀՍՆՀ—ի խորհրդին։ Անցած 17 տարիների ընթացքում ՀՍՆՀ–ն 3 ծրագիր է արել, որոնք, գործադիրի համոզմամբ, «մեծապես նպաստել են բնակչության կենսամակարդակի բարձրացման, ապակենտրոնացման բարեփոխումների, համայնքային ենթակառուցվածքների վերականգնման եւ առավել աղքատ ու խոցելի համայնքների սոցիալ—տնտեսական զարգացման հետ կապված կառավարության նախաձեռնություններին»։ ՀՍՆՀ—ի գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի վարկերի միջոցով։ Հիմնադրումից ի վեր, ՀՍՆՀ—ն 3 ծրագրերի համար ֆինանսավորվել է 115,2 մլն դոլարով, որից 83 մլն—ն ՀԲ կողմից մեր կառավարությանը տրված վարկերն են։ Կառավարության ներդրումը կազմել է 14 մլն դոլար, կամ ՀՍՆՀ ծրագրերին տրամադրված ընդհանուր գումարի 12 տոկոսը, իսկ շահառու համայնքների ներդրումը կազմել է 6.4 մլն դոլար կամ 6 տոկոս։ ՀՍՆՀ—ն գումարներ է հայթայթել նաեւ այլ շահագրիռ կողմերի, մասնավորապես՝ դոնոր կազմակերպությունների տարբեր դրամաշնորհային ծրագրերի միջոցների ներգրավմամբ, որոնք կազմել են ՀՍՆՀ ծրագրերին տրամադրված ընդհանուր գումարի 6 տոկոսը (6.7 մլն դոլար) եւ սփյուռքի ու մասնավոր հատվածի նվիրատվությունների ներգրավմամբ, որոնք կազմել են դրա 4 տոկոսը (5.1 մլն դոլար)։ Տարածքային կառավարման նախարարության տվյալների համաձայն, այս տարիներին ՀՍՆՀ—ն 850 միկրոծրագրեր է իրականացրել 370 համայնքներում։ Զարգացման ծրագրերը պիտի շարունակվեն, որովհետեւ տարածքային համաչափ զարգացումը գերակայություն է։ Եվ քաղաքականությունը, Վ. Տերտերյանի հավաստմամբ, կուղղվի Երեւանից դուրս՝ մարզերում ու համայնքներում տնտեսական աճի խրախուսմանը։ Ծրագրերը նպաստելու են տարածքային «աճի բեւեռների» ստեղծմանը (ավելի բարձր աճի տեմպեր ունեցող համայնքներ կամ բնակավայրեր, որոնք կխթանեն հարակից բնակավայրերի եւ տարածքների զարգացումը)։
Դրանք, սակայն, կարիք ունեն նշանակալի լրացուցիչ կապիտալ ծախսերի, որոնք, առնվազն միջնաժամկետ հատվածում, չեն կարող լիարժեքորեն ֆինանսավորվել պետական բյուջեից։ ՀՍՆՀ—ն, տարածքային կառավարման փոխնախարարի խոսքերով, կխրախուսի այն ծրագրերը, որոնց նպատակն է ապահովել համայնքի կամ տարածքի իրական եւ կայուն սոցիալ—տնտեսական զարգացումը։ Այո, ներկայումս ՀՍՆՀ—ի ֆինանսավորման գերակշռող աղբյուրը ՀԲ—ի կողմից կառավարությանը տրամադրվող վարկերն են։ «Բայց հեռանկարային առումով նախատեսվում է աստիճանաբար մեծացնել ՀՍՆՀ—ի գործունեության պետական ֆինանսավորումը եւ երկարաժամկետ հեռանկարում ունենալ պետական միջոցների գերակշռություն»։ Միեւնույն ժամանակ էապես պետք է ավելացվեն դոնոր կազմակերպությունների, մասնավոր դոնորների եւ գործարարների ներդրումները։ Այսպիսի զարգացումներ ապահովելու համար ՀՍՆՀ—ի կողմից պետք է մշակվեն եւ իրականացվեն գումարների հայթայթման նոր մոտեցումներ ու մեթոդներ, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ գործընկերության ծրագրեր։ Երկարաժամկետ հեռանկարում ՀՍՆՀ—ի կողմից իրականացվող նոր մեխանիզմների շնորհիվ համայնքները եւս կմեծացնեն իրենց մասնակցությունը ներդրումային ծրագրերին։ ՀՍՆՀ—ի ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցումը կնպաստի հիմնադրամի ֆինանսական կայունությանը։ Ֆինանսների եւ տարածքային կառավարման նախարարությունները ակտիվորեն կներգրավվեն տարածքային զարգացման ոլորտներին նպատակաուղղված դոնորական ֆոնդերի հետ համագործակցելու մեջ։
Ելնելով ՀՍՆՀ—ի նախորդ փորձից՝ հաշվարկված է, որ մեկ միջին «սոցիալական» ներդրումային միանգամյա ծրագրի իրագործման համար անհրաժեշտ կլինի շուրջ 250 հազ. դոլարին համարժեք գումար։ 120 այդպիսի ծրագիր իրականացնելու համար կպահանջվի շուրջ 30 մլն դոլարին համարժեք գումար։ Նկատի ունենալով, որ մեկ միջին համալիր զարգացման ծրագրի համար պետք է որ պահանջվի շուրջ երկու անգամ մեծ ներդրումներ, կարելի է ենթադրել, որ այդպիսի մեկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի միջին հաշվով շուրջ 500 հազ դոլարին համարժեք գումար։ Այսինքն, 30 համալիր զարգացման ծրագրի համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 15 մլն դոլարին համարժեք գումար։
Մի խոսքով, ըստ տարածքային կառավարման նախարարության, երկրի տարածքային սոցիալ—տնտեսական զարգացման անհամաչափությունները միջնաժամկետ հեռանկարում (3—4 տարի) կկրճատվեն 10—15%—ով։ Մնացյալ զարգացումներն արդեն ժամանակի ընթացքում կերեւան։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 508 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024