ՀՀ կառավարությունը երկրի բոլոր համայնքների առջեւ կարեւորագույն խնդիր է դրել՝ մինչեւ 2016 թվականն անհրաժեշտ է, որ բոլոր համայնքներն ունենան սեփական գլխավոր հատակագիծը։ Մի շարք համայնքներ դեռ վաղուց ձեռնամուխ են եղել կարեւոր գործին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու նպատակայնությունը։ Ավարտին մոտ են մարզկենտրոն Վանաձորի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները։ Մարզի ղեկավարներին անհանգստացնում է այն, որ որոշ համայնքներում, հատկապես գյուղական, հապաղում են սկսել գործընթացը։ Պատճառաբանություններ կան, հիմնականն է՝ բյուջեի հնարավորությունները սուղ են։ Ըստ Լոռու մարզպետի՝ եթե գյուղական համայնքների համար հանգամանքը կարելի է դիտել փոքր—ինչ «մեղմացուցիչ», ապա անընդունելի է քաղաքների պարագայում։ Այսօր անհանգստացնում է, որ գործընթացը չեն էլ սկսել Սպիտակում, Շամլուղում։ Փաստն անընդունելի է հենց նաեւ այն առումով, որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումով դյուրին է դարձրել գլխավոր հատակագիծ կազմելու համար պահանջվող ծախսերը հոգալը. համայնքները հողերի օտարումից գոյացած գումարները, իսկ դրանք քիչ չեն, կարող են, պարտավոր են նպատակաուղղել ներհամայնքային կարեւոր խնդրին լուծում տալուն։ Ի դեպ, գյուղական համայնքների համար բավարար է դիտվում նաեւ պարզեցված գլխավոր հատակագիծը։ Մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կպարզեն պատճառները, կներկայացնեն խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ։ hhpress.am
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
|