«Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք։ Այսօր թիվ մեկ խնդիրը՝ անել ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի. սա է ՀՀԿ—ի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք, որպես իշխանություն, անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի։ Բավական է, որքան հայի արյուն է թափվել։ Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,–երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու հարցը։
«Առաջին իսկ օրվանից ԱԱԾ—ն տեղեկացնում էր հանրությանը եւ ԶԼՄ—ներին։ Ուժային կառույցները ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ դրանից առաջ ունեցել են մեկ նպատակ՝ առանց արյունահեղության, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,–ընդգծել է Շարմազանովը։
Մեկնաբանելով իշխանության կողմից իրավիճակի վերաբերյալ լռության մասին խոսակցությունները՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այն պայմանավորված է եղել չխաթարելու եւ բանակցային գործընթացը չխոչընդոտելու մղումով։
Շարմազանովը շեշտել է՝ որեւէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Ճապոնիա։
|