Ադրբեջանական կողմը անվստահություն է ցուցաբերում միջազգային կառույցների նկատմամբ.
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24—25—ին Հաագայում մասնակցել է միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Նախագահը երեկ ելույթ է ունեցել գագաթնաժողովում։
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու եւ անցկացնելու համար։
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում։ Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ։ 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը եւ «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան։ Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ—ին։ Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման եւ վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում։
Միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է միջուկային եւ ռադիոլոգիական նյութերի տեխնիկական եւ փորձաքննական լաբորատորիա։ Այն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը։
Կանխարգելման հարցերում առանցքային եմ համարում տարածաշրջանային համագործակցությունը։ 2012թ. հունիսին հարեւան Վրաստանի հետ մենք անցկացրեցինք զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք։
Հայաստանը նախաձեռնել է ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացման ազգային ծրագրի մշակում՝ ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի եւ Եվրոպական միության փորձագետներին։
Հարգարժա՛ն պարոն նախագահող,
Այսօրվա նիստում Ադրբեջանի նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ։ Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետեւողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները։ Այդ մասին են վկայում ԱԷՄԳ—ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները։ Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսեւորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետեւ մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ։
Շնորհակալություն ուշադրության համար։»
Նախօրեին երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ—Ալեքսանդրի անունից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։
|