Գլխավոր էջ » 2014»Մարտ»20 » Հետընդունումը՝ ավելի կարճ ժամկետներում /Գործադիրը հստակեցնում է դիմումները քննարկելու կարգը/
16:36
Հետընդունումը՝ ավելի կարճ ժամկետներում /Գործադիրը հստակեցնում է դիմումները քննարկելու կարգը/
Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների նախագիծը։ Ըստ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, այս համաձայնագրով ՀՀ—ն պարտավորվում է քննարկել Եվրոպական միության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի, երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները եւ համաձայնագրով սահմանված ժամկետներում պատասխանել դրանց։ «Համաձայնագրում նախատեսված է առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ստացվող դիմումներին պատասխանելու կարճ ժամկետներ՝ կախված դեպքից՝ 2 աշխատանքային օրից մինչեւ 12 օրացույցային օր։ Սրանից հետեւում է որ անհրաժեշտ է հստակ կանոնակարգել այդ դիմումները պետական մարմինների կողմից քննարկելու կարգը եւ ժամկետները»,—ասաց Գ. Եգանյանը։ Այսպիսով, միգրացիոն պետական ծառայության պետը պետք է կազմակերպի արտաքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության՝ հետընդունման (ռեադմիսիոն) գործընթացում ներառված աշխատակիցների ուսուցումը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էլ պետք է ապահովի վտարման նպատակով ԵՄ կողմից տրվող ճամփորդական փաստաթղթի օգտագործումը՝ որպես ՀՀ մուտք գործելու հնարավորություն տվող ստանդարտ փաստաթուղթ։ ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգի համաձայն, միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները ստանալուց հետո 2 աշխատանքային օրում՝ ոստիկանության միջոցով, դիմումում նշված տվյալները համեմատում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական բազայի հետ։ Եթե տվյալները չհայտնաբերվեն, դիմումը պետք է ուղարկվի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։ Վերջինս կարծիք պետք է հայտնի 5 աշխատանքային օրում՝ հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստը։ Այնուհետեւ միգրացիոն ծառայությունը ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումների պատասխանը օտարերկրյա պետության իրավասու մարմնին է ուղարկում դիմումը ստանալուց հետո 12 օրացույցային օրում։ Ընդ որում, այս ծառայությունը դիմումի պատասխանի վերաբերյալ նաեւ պետք է տեղեկացնի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Ինչ վերաբերում է օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման դիմումներին պատասխանելուն, ապա այս քաղաքացիներից դիմումները ստանալուց հետո միգրացիոն ծառայությունը դրանք 2 աշխատանքային օրում պետք է ուղարկի ոստիկանություն։ Վերջինս էլ 5 աշխատանքային օրում կարծիք պետք է հայտնի՝ հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի՝ Հայաստանում բնակության իրավունք տվող կացության վավեր կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի կողմից տրված վավեր մուտքի թույլտվության փաստը։ 12 օրացույցային օրում էլ մեր միգրացիոն ծառայությունը երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման դիմումների պատասխանը օտարերկրյա պետության իրավասու մարմնին պետք է ուղարկի։ Միգրացիոն ծառայությունը, ըստ Գ. Եգանյանի, կքննարկի նաեւ երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման վերաբերյալ դիմումները։ Մեկ օրում դրանք կուղարկի ոստիկանություն եւ ազգային անվտանգության ծառայություն։ Վերջիններս էլ իրենց կարծիքները կուղարկեն 1 աշխատանքային օրում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով հիմնավորում մերժման հիմքերի վերաբերյալ։ Միգրացիոն պետական ծառայությունը երրորդ պետությունների քաղաքացիների ՀՀ տարածքով տարանցման վերաբերյալ դիմումների պատասխանը օտարերկրյա պետության իրավասու մարմնին է ուղարկում դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրում։ Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կքննարկվի նաեւ արագացված ընթացակարգով։ Միգրացիոն ծառայությունը դիմումը ստանալուն պես ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով կստուգի տվյալ անձի կողմից ՀՀ տարածքից դիմումը ներկայացրած օտարերկրյա պետության տարածք ուղղակիորեն մուտք գործած լինելու փաստը։ Մի խոսքով, այս ընթացակարգն էլ 12 օրվա փոխարեն 2 օր կտեւի (այդ թվում՝ օտարերկրյա պետություն փաստերն ուղարկելու ժամկետը)։ Իսկ եթե անձի քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատելու դժվարություն է ծագում, ապա համապատասխան պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրում պետք է կազմակերպի հարցազրույց՝ անձի նույնականացման նպատակով։ Միգրացիոն պետական ծառայության պետը պարզաբանում է, որ այն անձինք, ովքեր ենթակա են հետընդունման, բայց ճամփորդական փաստաթղթեր չունեն, 3 աշխատանքային օրում անվճար կստանան վերադարձի վկայական՝ 120 օր վավերականության ժամկետով։ Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա եւս 3 օրում անձին կտրամադրվի նոր վերադարձի վկայական՝ նույն վավերականության ժամկետով։ Ի դեպ, միգրացիոն ծառայությունը հետընդունման կամ տարանցման ենթակա անձանց տեղափոխման երթուղու եւ օրվա մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից տեղեկություններն ստանալուն պես դրանք պետք է փոխանցի ազգային անվտանգության ծառայությանը։ hhpress.am